Լավանդա ֆիզիոթերապևտիկ կլինիկան հագեցած է  անգլիական BTL ընկերության վերջին սերնդի  լավագույն բժշկական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել ցանկացած տեսակի ֆիզիոթերապևտիկ բուժում: Doctors.am-ը ֆիզիոթերապևտիկ բուժման առավելությունների մասին զրուցեց Լավանդա ֆիզիոթերապևտիկ կլինիկայի Ֆիզիոթերապիայի բաժնի վարիչ Ռուզաննա Հասրաթյանի հետ:

-Բժշկուհի Հասրաթյան, ի՞նչ է նշանակում ֆիզիոթերապիա:

-Ֆիզիկական գործոնների կիրառումը բուժական նպատակով հայտնի է վաղուց: Ֆիզիոթերապիա տերմինն առաջացել է հուներեն «ֆիզիս» (բնություն) և «թերապիա» (բուժում) բառերից, որը նշանակում է բուժում բնական գործոնների օգնությամբ, օրինակ՝ հանքային ջրեր, բուժական ցեխեր և այլն: Ժամնակակից ֆիզոթերապիան բուժում ու կանխարգելում է մի շարք հիվանդություններ՝ բուժական ազդեցություն տարբեր օրգան-համակարգերի վրա:

Բժշկական սարքավորոմների զարգացմանը զուգահեռ՝ բժկության մեջ ավելի վստահ ընդգրկվում են արհեստական ֆիզիկական գործոնները: Կախված ֆիզիկական գործոնների հատկություններից՝ տարբերվում են՝ էլեկտրաթերապիա (օրինակ՝ գալվանացում կամ էլեկտրաֆորեզ, դարսոնվալիզացիա, իմպուլսային, գերբարձր հաճախականության հոսանք), լուսաբուժություն (այդ թվում` լազերային ճառագայթ, մագնիսաթերապիա, ուլտրաձայնային ու հարվածալիքային թերապիա, լիմֆոդրենաժ): Վերջինս կիրառվում է ինչպես բուժական, այնպես էլ կոսմետոլոգիական նպատակներով:

Ֆիզիոթերապևտիկ մեթոդներից են նաև մերսումն ու բուժական ֆիզկուլտուրան:

Ֆիզիոթերապևտիկ մեթոդն ընտրելիս կարևորվում է անհատական մոտեցումը: Օրգանիզմի ընդհանուր վիճակի գնահատումը թույլ է տալիս որոշել ֆիզիկական գործոնի տեսակը, դրա չափաբաժինը: Ֆիզոթերապիայի բուժական մեթոդները թույլ են տալիս նվազեցնել դեղորայքի չափաբաժինը, վերացնել կողմնակի ազդեցությունը, օգտագործել նաև ալերգիկ հիվանդությունների ժամանակ:

-Որո՞նք են ֆիզիոթերապևտիկ բուժման առավելությունները՝ դեղորայքային միջոցների համեմատ:

-Մարդու օրգանիզմի վրա դեղորայքային միջոցների առաջացրած կողմնակի ազդեցությունները վերջին տարիներին ավելացել են: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ֆիզիոթերապևտիկ մեթոդների առավելություններն ակնհայտ են, որովհետև կիրառվող դեղորայքի չափաբաժինը մի քանի անգամ քիչ է,  չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը:
Յուրաքանչյուր ֆիզիկական գործոն ունի ներթափանցման ունակություններ, կենսաբանական ակտիվություն, և կարող է դրական ազդեցություն ունենալ տարբեր օրգան-համակարգերի վրա՝ մոբիլիզացնելով դրանց պաշտպանողական հատկությունները:
Ֆիզիոթերապիայի ազդեցությունը չի սահմանափակվում միայն պրոցեդուրայով, քանի որ դրա ավարտից հետո օրգանիզմում կրկին տեղի են ունենում ֆունկցիոնալ փոփոխություններ՝ ուղղված նախնական վիճակի վերականգնմանը:

-Ինչպիսի՞ ազդեցություն ունեն բուժման ֆիզիկական մեթոդները:

-Ֆիզիոթերապիա կարելի է նշանակել բուժական նպատակով՝ ինչպես սուր, ենթասուր և խրոնիկ փուլերում, այնպես էլ պրոֆիլակտիկ, հիվանդության հետագա զարգացումը կանխելու նպատակով:
Ֆիզիկական գործոններով բուժման կուրսն ուղեկցվում է կարևոր թերապևտիկ ազդեցություններով՝ ցավազրկող, հակաբորբոքային, սպազմոլիտիկ: Բարելավվում է նաև արյան և ավշի շրջանառությունը, նյութափոխանակությունը, նյարդային ու էնդոկրին համակարգի ֆունկցիաները և այլն: Մինչ տարբեր մեթոդների նշանակումը, պետք է հաշվի առնել օրգանիզմի ընդհանուր վիճակը՝ պոթոլոգիական վիճակի առանձնահատկությունները, ուղեկցվող հիվանդությունները: 

-Ո՞ր հիվանդությունների դեպքում են կիրառվում ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդները:

-Ֆիզիոթերապիայի մեթոդները կիրառվում են ներքին օրգանների բազմաթիվ հիվանդությունների, նյարդաբանության, հենաշարժողական համակարգի, գինեկոլոգիական, շնչառական օրգանների, սիրտանոթային, ստամոքսաղիքային  համակարգի խանգարման, ռևմատոլոգիայի, մանկաբուժության, ԼՕՌ հիվանդությունների, գիշերային ակամամիզության դեպքում և այլն: Ցավոք հնարավոր չէ թվարկել այն բոլոր հիվանդություները, որոնց դեպքում ցուցված են ֆիզոթերապևտիկ բուժման մեթոդները: Բազմազանությունը և ոչ միանշանակ ազդեցությունն օրգանիզմի վրա թույլ է տալիս լայնորեն կիրառել դրանք տարբեր պաթոլոգիական գործընթացների ժամանակ:

-Ինչպիսի՞ հաճախականությամբ կարելի է կիրառել ֆիզիոթերապևտիկ բուժումը:

-Բժիշկ-ֆիզիոթերապևտի կողմից նշանակվող ցանկացած պրոցեդուրայի անցկացումն իրականացվում է բուժանձնակազմի պարտադիր հսկողությամբ: Յուրաքանչյուր հիվանդի անհրաժեշտ է բացատրել, թե ինչպիսի զգացողություններ կարող են առաջանալ պրոցեդուրայի կիրառման ժամանակ: Կուրսային բուժումը ներառում է 5-15 պրոցեդուրա, երբեմն ավելի շատ: Դրանք անց են կացվում ամեն օր կամ օր ու մեջ՝ հաշվի առնելով ընդհանուր վիճակն ու օրգանիզմի պատասխան ռեակցիաները: Բուժման կուրսը կարելի է կրկնել երկու շաբաթ կամ 1-2 ամից անց՝ կախված նշանակված բուժումից: Արդյունավետությունն ավելի տեսանելի է լինում 1-2 ամսվա ընթացքում՝ բուժումն ավարտելուց հետո: Դրա հետ կապված՝ այդ ժամանակահատվածում ֆիզիկական գործոններով բուժում չի նշանակվում: Ֆիզիկական գործոնների նպատակային օգտագործումը բարձրացնում է բուժման արդյունավետությունն ու արգացնում է առողջացման ընթացքը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
12 փետրվար, 2018