Վնասակա՞ր է արդյոք փամփերսների երկարատև օգտագործումը

Դեռ վերջերս փամփերսները ընկալվում էին ոչ այնքան որպես երիտասարդ մայրերի առօրյան թեթեվացնող միջոց, որքան` մեր կենցաղի մեջ կապիտալի ագրեսիվ ներխուժում: Այս հայտնագործությունն ինտերնետի, սառնարանի, պենիցիլինի հայտնագործությունների շարքում ամերիկացիները համարեցին անցած դարի նորույթներ: Այսօր աշխարհում տարեկան օգտագործվում է մինչև 3 միլիարդ փամփերս: Օրինակ, միջին վիճակագրական տվյալներով միայն անգլիայում մեկ նորածնի համար ծախսվում է 5 հազար միանվագ օգտագործման տակաշոր:
 
 
Դանդաղ զարգացման և հեղաշրջման հաջորդումներ
 
Հազարամյակներ շարունակ մարդիկ ապրել են առանց փամփերսների` բավարարվելով բազմակի օգտագործման տակաշորերով: Մի քանի դար առաջ դրանք պատրաստվում էին քնջութից, վուշից և բրդից: Սկզբում այդ գործվածքները բազմակի օգտագործելու համար չորացնում էին կրակի վրա, հետո սովորեցին օճառով լվանալ, իսկ ավելի ուշ` եռացնելու և արդուկելու միջոցով մանրէազերծել: Նրանց հաջորդեց թանզիվը, որն իր արժանի հատկությունների շնորհիվ (էկոլոգիապես մաքուր, արագ չորացող) սկսեց լայնորեն կիրառվել կենցաղում` նվաճելով օգտագործողների համակրանքը:

Ներկա "տակաշորային" հեղափոխությունը տեղի ունեցավ անցած դարի կեսերին: "Փրոքթր և Գեմբլ" ընկերության առաջատար քիմիկոս-տեխնոլոգ Վիկտոր Միլզի գլխում հիրավի հանճարեղ գաղափար հղացավ` տակաշորերը պետք չէ լվանալ, պետք է դեն նետել: Ասում են, որ Միլզն առաջին նմուշները մեծ բավականությամբ փորձեց իր թոռների վրա, և ընդհանրապես, նա ամեն ինչ իր ընտանիքի անդամների վրա էր փորձարկում: Տնային հետազոտությունները հաստատեցին գաղափարի հեռանկարայնությունը: Սակայն բնակչությունը ծայր աստիճան բացասական վերաբերմունք ցուցաբերեց փորձարկվող միանվագ օգտագործման տակաշորի հանդեպ, քանի որ նորույթը գործածման էին ներկայացրել ամառվա շոգին: Երեխաների մաշկի գրգռվելու պատճառով ծնողները դադարեցրին փորձարկումը:
Բարեբախտաբար արտադրողները թևաթափ չեղան, և 1959 թ. մարտը մարդկության պատմության մեջ նշանավորվեց միանվագ տակաշորերի մասսայական կիրառմամբ: Ստեղծողները հրաժարվեցին կոշտ նյութերից, որոնք քիչ մնաց ձախողեին բարեհաջող սկիզբը: Հետագայում տակաշորերի նյութը դարձրին ավելի փափուկ ու խոնավությունն ավելի լավ ներծծող: Փորձարկմանը մասնակցած ընտանիքների 2/3-ն ընդունեց այն փաստը, որ նոր տակաշորերը բոլորովին էլ վատը չեն բազմակի օգտագործման տակաշորերից, թեև վերջիններիս արդեն ընտելացել էին: Աշխատակիցներից պահանջվեց ևս որոշ ժամանակ, որպեսզի կատարելագործեն արտադրության տեխնոլոգիան: Այդ պահից միանվագ տակաշորերը սկսեցին իրենց հաղթարշավն աշխարհում:

Բազում տարբերակներ քննարկելով` արտադրանքն անվանեցին "pampers", որն անգլերենից թարգմանվում է "երես տալ", "գուրգուրել", "փաղաքշել": Այդ ժամանակից ի վեր նման ապրանք թողարկող շատ ընկերություններ են հայտնվել, բայց քանի որ փամփերսն առաջինն էր, այդ անունը համընդհանուր տարածում ստացավ:
 
Խանձարուրների անվերջ լվանալու հոգնեցնող գործը լավագույն խթանն է երեխային հնարավորինս շուտ ընտելացնելու գիշերանոթին:
 
Փամփերսն ու տղամարդու առողջությունը
 
Արժե նշել, որ ժամանակակից միանվագ տակաշորերի սկզբունքային առանձնահատկությունը ոչ թե հագուստը, անկողինը, գորգերը պահպանելն է, այլ խոնավություն կլանելու և երեխայի մաշկը պաշտպանելու հատկությունը: Այդ տեսանկյունից տակաշորը դիտվում է որպես հիգիենայի միջոց:
Վերջերս զանգվածային տեղեկատվական միջոցներում սկսել են հայտնվել տագնապալի հաղորդագրություններ, թե միանվագ տակաշորերի մեջ ստեղծվում է բարձր ջերմաստիճանի և խոնավության միկրոմիջավայր, որը բացասաբար է անդրադառնում ամորձիների ինֆրակառուցվածքի վրա ու ճնշում սերմնարտադրությանը` սպերմատոգենեզը: Շրջանառվում է նաև այն կարծիքը, թե "ջերմոցային ազդեցության" տակ ամորձիների հյուսվածքներում անդառնալի փոփոխություններ են կատարվում, որը հետագայում կարող է անպտղության և պոտենցիայի թուլացման պատճառ դառնալ: Սակայն հեղինակավոր մանկաբույժները պնդում են, որ նման հավաստիացումները անհիմն են ու չունեն գիտական ապացույց:

Դեռևս 1997 թ. գերմանացի էնդոկրինոլոգները չափել են մինչև մեկ տարեկան այն տղաների ամորձապարկի ջերմաստիճանը, որոնք օգտագործել են բամբակյա միջոցներ և միանվագ տակաշորեր: Պարզվել է, որ բամբակյա տակաշորեր օգտագործելիս ամորձապարկի մաշկի միջին ջերմաստիճանը եղել է 34,9˚C, իսկ միանվագ տակաշորի դեպքում այն կազմել է 36˚C: Այսինքն` նրանց միջև եղած տարբերությունը չի գերազանցում 1,1˚C: Այս փաստը հիմք է տվել հերքելու կայուն ջերմոցային ազդեցության վարկածը:

Փամփերսների հասցեին ուղղված նման "մեղադրանքը" հերքվում է ևս մի քանի ֆիզիոլոգիական փաստերով: Ներարգանդային կյանքում պտղի ամորձիները տեղակայված են որովայնի խոռոչում և միայն ծնվելու պահին իջնում են ամորձապարկ: Նորածինների սերմնային ուղիները համատարած անթափանց բջջափոկերի տեսք ունեն, որոնք սերմնային ուղիներում հայտնվում են 7-8 տարեկանում: Այդ ընթացքում ավելանում է սպերմատոգոնների քանակը, և մոտավորապես 9 տարեկանում հայտնվում են եզակի սպերմատոցիտներ ու միայն 10-15 տարեկանում` առաջին սպերմատոզոիդները (արական սերմնաբջիջները): Այսպիսով, սպերմատոգենեզը տղաների մոտ սկսվում է ոչ շուտ, քան 7-8 տարեկանից, հետևաբար, մինչ այդ դրա ընկճման մասին խոսք անգամ լինել չի կարող: Բացի այդ, կյանքի առաջին տարիներին թեստոստերոն և անթրոգեն արտադրող Լեյդիգի բջիջների հորմոնալ ակտիվությունը նվազագույն է: Հարկ է ավելացնել մի փաստ ևս` ամորձիների յոթ թաղանթների գոյությունը և առատ արյունամատակարարումը թույլ են տալիս ամորձապարկի մաշկի և ամորձային հյուսվածքների միջև եղած ջերմաստիճանի տատանումները հասցնել մինչև 5-6˚C: Այդ են վկայում հասուն տղամարդկանց մոտ սերմնարտադրության վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ փորձարարական աշխատանքների մի ամբողջ շարք: 1968 թ. կամավորների մոտ հետազոտել են սերմնարտադրությունը:

Նրանց առաջարկել են մինչև գոտկատեղը ընկղմված, մնալ տաք ջրում 30 րոպեից ոչ պակաս ու ջրի ջերմաստիճանը հասցրել են մինչև 45˚C: Սերմնարտադրության ճնշվածություն զգացվել է, երբ այս միջոցով ամորձիների վրա ազդեցությունը տևել է 14 օր շարունակ: Ուստի փամփերսները, որոնց կրում են մինչև երկու տարեկան մանկիկները, չեն կարող տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ: Մասնագետները հաստատում են, որ անպտղության հիմնական պատճառներ կարող են լինել վաղ մանկական և մեծ տարիքում կրած վարակիչ հիվանդությունները, ժառանգական համախտանիշները, էկոլոգիական պայմանները, որոշ դեղամիջոցների ընդունելը, սակավաշարժ կամ սխալ ապրելակերպը և այլն:
 
Վերջին ժամանակներս զանգվածային տեղեկատվական միջոցներում սկսել են հայտնվել տագնապալի հաղորդագրություններ, թե մի անգամ օգտագործման տակաշորերի մեջ ստեղծվում է բարձր ջերմաստիճանի եվ խոնավության միկրոմիջավայր, որը բացասաբար է անդրադառնում ամորձիների ինֆրակառուցվածքի վրա ու ճնշում սերմնարտադրությունը` սպերմատոգենեզը:
 
Մաշկաբորբին ասում ենք` ո'չ
 
Փամփերսներին հաճախ "մեղադրում" են նաև այսպես կոչված խանձարուրային մաշկաբորբի առաջացման մեջ: Սա նույնպես վիճելի է: Օրինակ. կատարվել է համեմատական հետազոտություն երկու զուգահեռ խմբերում` պարզելու ավանդական միջոցների և փամփերսների ազդեցությունը ծծկեր երեխաների մաշկի վրա: Ստացված տվյալների համաձայն փամփերս օգտագործած ծծկեր երեխաների մոտ խանձարուրային մաշկաբորբի (կարմրամաշկություն, ցան, մաշկի ամբողջականության խախտում), վիճակագրորեն հավաստի ավելի ցածր միջին ցուցանիշ է նկատվել, քան ավանդական միջոցներ կիրառած մանկիկների մոտ: Նկատվել է, որ փամփերսների օգտագործման դեպքում, ի տարբերություն գործվածքների, մաշկի խոնավությունը պահպանվում է ֆիզիոլոգիականի սահմաններում:
Այսպիսով. ստացված տվյալները մեկ անգամ ևս հերքում են այն տեսակետը, որ միանվագ տակաշորերը ստեղծում են երեխաների առողջության վրա բացասաբար ազդող միկրոմիջավայր:
 
Փամփերս և գիշերանոթ
 
Խանձարուրների անվերջանալի լվանալու ձանձրույթը ամենալավ դրդապատճառն է երեխային հնարավորինս շուտ ընտելացնել գիշերանոթին: Այս առումով փամփերսների հակառակորդները հայտարարում են, որ միանվագ օգտագործման տակաշորերը խոչընդոտում են նման խթանին ու հիգիենիկ սովորույթների ձևավորմանը:
Իրականում միևնույնն է փամփերս կօգտագործեն, թե խանձարուր, երկու դեպքում էլ մայրերը որքան ասեք արդարացումներ կգտնեն, եթե երեխային չեն ընտելացրել գիշերանոթին: Եվ ընդհանրապես, գիշերանոթին ընտելացնելը դյուրին գործ չէ ու ծնողներից պահանջում է մեծ համբերություն ու հաստատակամություն: Կայուն արդյունքներով ու հազվադեպ վրիպումն երով ռեալ ուսուցումը հնարավոր է լոկ այն դեպքում, երբ երեխայի հոգեֆիզիոլոգիական զարգացումը գիտակցությանը ընկալելի է դարձնում գիշերանոթից օգտվելու իմաստն ու անհրաժեշտությունը: Եթե մանկիկը պատրաստ է սովորել, իսկ ծնողները` սովորեցնել, տակաշորի խնդիր այլևս գոյություն չունի: Ի դեպ, այդ են հաստատում բազում հետազոտությունների արդյունքները` գիշերանոթին ընտելացնելու միջին տարիքը կախված չէ օգտագործված տակաշորի տեսակից և տատանվում է 18-24 ամսականի սահմաններում:
 
Փամփերսն ու ոտքերի ծռությունը
 
Փամփերսներին վերագրում են մեկ բացասական հատկանիշ ևս. այն դիտարկվում է որպես երեխայի ոտքերի ծռության պատճառ: Սա ժխտվում է ծուռթաթ և ծուռոտ այն երեխաների օրինակով, որոնց երբևէ փամփերս չեն հագցրել: Ավելին, փամփերսները, որպես կանոն, պահպանում են ծծկեր երեխաների կոնքազդրային հոդերի ֆիզիոլոգիական դիրքը, որն ապահովում է վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների մանկաբույժների կողմից լայնորեն պրոպագանդվող ու ներկայումս իրավացիորեն տարածում գտած այսպես կոչված ազատ բարուրելը:
 
Էկոլոգիական հիմնախնդիրներից
 
Միանվագ տակաշորերը որպես կենցաղային թափոն կարող են զգալի վնաս հասցնել շրջապատող միջավայրին: Ներկայումս գոյություն չունի օգտագործված փամփերսների թափոնների օգտագործման հատուկ ծրագիր, ու իրավամբ առաջացրել է "կանաչասերների" բողոքը: Սրա վառ օրինակն է "Շրջապատող միջավայրը պաշտպանող կանայք" միության կողմից ԱՄՆ-ում հատուկ մրցանակաբախշության ծրագիրը, որով երաշխավորում են ծննդատներում բազմակի օգտագործման տակաշորերի պրակտիկան: Սակայն հետագա ձեռքբերումներն այս բնագավառում էկոլոգների և բնապահպանների մոտ նոր հույսեր արթնացրին: Ճապոնական "Unitika Ltd" տեքստիլ ընկերության մասնագետները հայտնել են նոր պոլիմերի ստեղծման մասին, որը կարելի է օգտագործել "ջրում լուծվող" տակաշորերի և կանանց միջադիրների արտադրության մեջ: Բուսական ծագմամբ նոր պոլիմերը ջրում պարունակվող միկրոօրգանիզմների և թթվածնի երկօքսիդի հետ շփվելիս տարրալուծվում է: Ընկերությունը նոր նյութից հիգիենիկ արտադրանքի նմուշներ է մշակել, որոնք օգտագործելուց հետո կարելի է նետել զուգարանակոնքի մեջ, կամ կիրառել որպես հումուս, կամ էլ` առանց մթնոլորտը կեղտոտելու, այրել: Ըստ "Unitika Ltd" ըկերության մասնագետների պնդման` նոր միջադիրների և տակաշորերի օգտագործմ ան և վերացման միջոցները շրջապատի համար գրեթե անվնաս են:
 
Ճաշակին ընկեր չկա
 
Փամփերսները երեխաներին ու նրանց ծնողներին ուղղակի երես տալու պարագա չեն: Միանվագ տակաշորերը որոշակիորեն բարելավեցին առօրյա կյանքը: Դրանք էապես թեթևացրին ծնողների հոգսերը և հնարավոր դարձրին փոքր երեխաների հետ ճանապարհորդելը, առաջին ամիսներից սկսած երկար ժամանակով որևէ տեղ գնալը:
Բնականաբար, խոսքը որակյալ տակաշորերի և նրա խելամիտ օգտագործման մասին է: Օրերով կեղտոտված փամփերսների մեջ մնացած նորածնի գլխին այն իրոք կարող է փորձանք դառնալ:
Հեշտացած կենցաղից ներշնչված ծնողները հետևյալ նշանաբանն են որդեգրել. "Մենք կարող ենք ապրել առանց անհրաժեշտ իրերի, բայց ոչ առանց նման շռայլության":
 Հանուն արդարության հարկ է նշել, որ չնայած փամփերսների տարածված լինելուն, կրոնական ու տնտեսական առումներով իրարից բևեռայնորեն տարբերվող երկրներում նրա լայն կիրառմանը, մարդկության զգալի մասը շարունակում է լավ էլ ապրել առանց միանվագ տակաշորերի:


Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''