Մաքուր օդ
Օդի ջերմաստիճանի փոփոխությունները օժանդակում են, որ երեխայի օրգանիզմը սովորի հարմարվել և՛ ցրտին, և՛ տաքին: Զով և սառը օդը ախորժակ է բացում, կարմրացնում է այտերը և աշխուժացնում բոլոր տարիքի մարդկանց: Միշտ տաք սենյակում գտնվող երեխան գունատ է և վատ ախորժակ ունի:
Սառը օդը ավելի չոր է, քան տաքը: Երբ այդպիսի օդը տաքացվում է կենտրոնական ջոռուցմամբ, ավելի չոր է դառնում, հատկապես այն դեպքերում, երբ սենյակի ջերմաստիճանը 22 ° C-ից բարձր է: Չոր տաք օդը չորացնում է քթի խոնավությունը և նպաստում վերին շնչառական ուղիների բորբոքմանը: Դա անհանգստացնում է երեխային և, ըստ երևույթին, ընդհանրապես իջեցնում նրա օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ: Յուրաքանչյուր երեխայի (և յուրաքանչյուր մեծահասակի) համար օգտակար է օրական 2-3 ժամ մաքուր օդում լինելը, հատկապես այն ժամանակ, երբ բնակարանը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ:
Քնելիս պետք է բացել սենյակի պատուհանը, որպեսզի ջերմաստիճանը իջնի մինչև 16 ° C: Երբ երեխան քնած չէ, լավ կլինի, որ սենյակում պահպանվի 21-22 ° C ջերմաստիճան: Տանը պետք է ջերմաչափ ունենալ և օրվա մեջ մի քանի անգամ ստուգել, մինչև սովորեք զգալ, թե երբ է ջերմաստիճանը 22 ° C-ից բարձր:
Պատահում են այնպիսի դեպքեր, երբ անփորձ մայրը, ավելորդ անհանգստություն ցուցաբերելով երեխայի համար, ցանկանալով կանխել նրա մրսելը, երեխային պահում է շոգ սենյակում և նույնիսկ ծածկում նրան: Արդյունքը լինում է այն, որ նույնիսկ ձմռանը երեխայի մաշկի վրա քրտնախաշ է լինում:
Ե՞րբ և որքա՞ն պետք է զբոսնել երեխայի հետ
Նորածնի համար օգտակար է ամռանը, հով եղանակին մաքուր օդում լինել օրական 2-3 ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 ° C և ավելի բարձր ջերմաստիճանում: Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրվա մոտ: Եթե դուք բակ ունեք, ապա հենց եղանակը հարմար լինի, կարող եք երեխային բակ տանել ավելի երկար ժամանակով: Եթե նրան չանհանգստացնի, թող նրա դեմքը որոշ ժամանակ (3-5 րոպե) արևի տակ մնա:
Մեծանալու հետ ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և նա մարդկանց ներկայության կարիք ավելի շատ է զգում: Այդ պատճառով էլ, եթե նա քնած չէ, աշխատեք նրան մենակ չթողնել: Նույնիսկ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ նրա մոտ որևէ մեկը լինի:
Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասայլակով: Եթե դուք սիրում եք լինել մաքուր օդում և ազատ ժամանակ ունեք, ապա աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:
Ամռանը` շոգ եղանակին, եթե Ձեր բնակարանում տոթ է, աշխատեք բակում որևէ զով տեղ գտնել: Քնած երեխան որքան երկար այնտեղ մնա, այնքան ավելի լավ: Եթե Ձեր բնակարանում զով է, իսկ փողոցում` շոգ, այնուամենայնիվ, գոնե երկու ժամով երեխային դուրս բերեք մաքուր օդ շնչելու` առավոտյան և ժամը 18-ից հետո` մեկական ժամով:
Որքան երեխան մեծանում է, այնքան աճում է նրա հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ: Եթե ճաշից հետո նրա հետ զբոսանքի եք դուրս գալիս, նա արդեն կարող է չքնել: Այդ պատճառով ճաշից հետո ստիպված եք նրան սենյակում քնեցնել: Այդ դեպքում դուք քիչ ժամանակ կունենաք օրվա երկրորդ կեսի զբոսանքի համար, հատկապես ձմռանը: Կարելի է երեխայի հետ առավոտյան զբոսնել մեկ-երկու ժամ, իսկ օրվա երկրորդ կեսին` ևս մեկ ժամ: Առավոտյան զբոսանքի ժամերը կախված են առավոտյան քնի ժամերից: Կես տարեկանից մեծ շատ երեխաներ քնում են նախաճաշից անմիջապես հետո, ուրիշները` ավելի ուշ, ասենք, առավոտյան ժամը 11-ի մոտ: Եթե Ձեր երեխան զբոսանքի ժամանակ չի կարողանում մանկասայլակում քնել, ստիպված եք նրան քնեցնել իր մահճակալում, իսկ զբոսանքի կգնաք զարթնելուց հետո:
Արևը և արևելյան լոգանքը
Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք նպաստում են մաշկի մեջ վիտամին D-ի առաջացմանը: Այդ պատճառով օգտակար է որոշ ժամանակ (3-5 րոպե) երեխային արևի տակ թողնելը: Բայց մի՛ մոռացեք նախազգուշական միջոցների մասին: Արևի այրվածքներից խուսափելու համար արևային լոգանքի տևողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արևի դեպքում, երբ օդը մաքուր է ու ջինջ: Պետք է զգուշանալ չափազանց երկար արևային լոգանքներից, նոևյնիսկ եթե մաշկը աստիճանաբար է թխանում: Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արևային լույսի դեմ: Օրգանիզմը չափավոր քանակությամբ արևային ճառագայթների կարիք ունի և չի կարող հաղթահարել նրանց ավելցուկը: Ուժեղ արևային այրվածքը նույնքան վտանգավոր է, որքան և ջերմայինը: Նկատի ունեցեք այդ հանգամանքը և երեխային երկար ժամանակ արևի տակ մի՛ թողեք: Չափավոր գեր երեխան չի մրսի, եթե նույնիսկ կիսամերկ է: Զով, բայց արևոտ եղանակին մերկացրեք միայն տոտիկները: Փոքրիկի դեմքը պետք է պաշտպանված լինի ուժեղ արևից:
Ձմռանը, եթե սենյակը տաք է և միջանցուկ քամիներ չկան, եթե ցանկանաք կարող եք երեխային արևային լոգանքի պառկեցնել բաց պատուհանի մոտ: Սկզբում լոգանքի տևողությունը պետք է լինի 2 րոպե: Աստիճանաբար, օրական 2 րոպեով ավելացրեք այդ ժամանակը: Այդ ժամանակի կեսն օգտագործեք փորիկի, իսկ մյուս կեսը` թիկունքի արևահարման համար: Արևային լոգանքի տևողության մեծացմամբառանձնապես մի՛ ոգևորվեք: Խորհուրդ չի տրվում երեխային 20 րոպեից ավելի երկար պահել արևի տակ: Հետևեք, որ երեխան արևի տակ չափազանց չտաքանա, և ծածկեք գլուխը: Եթե չորս կողմից օդ խաղա, երեխան շատ չի տաքանա: br /> Արևի ինտենսիվ ճառագայթների դեպքում (ինչպես, օրինակ, ծովափին) երեխան գոնե առաջին 2-3 օրը պետք է ամբողջ ժամանակ մնա ստվերում: Անդրադարձաձ ճառագայթներն այնքան ուժեղ կարող են լինել, որ երեխան այրվածք կարող է ստանալ նույնիսկ ստվերում, քանի որ երեխայի մաշկը չափազանց նուրբ է: Եթե երեխան արդեն նստում է կամ չորեքթաթ է շարժվում, ապա նրա գլուխը արևից պետք է պաշտպանել լայնեզր գլխարկով: Հիշե՛ք, որ արևային այրվածքը ի հայտ է գալիս մի քանի ժամ հետո: