Ինչպե՞ս հագցնել երեխային սենյակային ջերմաստիճանի պայմաններում

2.5 կգ-ից պակաս քաշ ունեցող երեխան դրսից լրացուցիչ տաքացման կարիք ունի, քանի որ դեռ չի կարող ինքնուրույն կարգավորել իր մարմնի ջերմաստիճանը: 2.5 կգ-ից մինչև 4 կգ քաշ ունեցող երեխան լրացուցիչ տաքացման կարիք չունի: Նա հրաշալի կզգա սենյակային ջերմաստիճանում (21-22° C) բամբակե սպիտակեղենով` բրդյա թեթև մեկ-երկու ծածկոցի տակ:
Երբ երեխայի քաշը հասնի 4 կգ-ի, նրա օրգանիզմը կսովորի ավելի լավ կարգավորել մարմնի ջերմաստիճանը: Բացի դրանից, մաշկի տակ կառաջանա ճարպաշերտ, որը կօգնի նրան պահպանել ջերմությունը: Այսուհետ երեխայի քնած ժամանակ, զով եղանակին նրա սենյակում ջերմաստիճանը կարող է լինել մոտավորապես 16° C: Ոչ մի անհրաժեշտություն չկա սենյակի ջերմաստիճանը իջեցնել 16 ° C-ից ցածր: Այդ ջերմաստիճանում երեխային պետք է ավելի տաք ծածկել: Այն սենյակում, որտեղ երեխան խաղում է կամ ուտում կարող է լինել 21-22° C: Այս ջերմաստիճանը հարմար է ինչպես 2.5 կգ-ից ավել քաշ ունեցող նորածինների, այնպես էլ ավելի մեծ երեխաների և չափահասների համար: Այդ ջերմաստիճանում երեխային կարելի է ծածկել թեթև ծածկոցով և, քանի դեռ փոքր է, շապիկի վրայից մի թեթև կիսազգեստ հագցնել: Մայրերը մեծ մասամբ չափազանց շատ են փաթաթում իրենց երեխաներին, ինչը շատ վտանգավոր է: Եթե երեխան միշտ տաք է հագնված, նրա մարմինը կորցնում է ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու ընդունակությունը: Այդպիսի երեխան ավելի շուտ կմրսի: Այդ պատճառով էլ ավելի լավ է հագցնել քիչ, քան չափից ավելի շատ: Հետևեք երեխային: Երբ երեխան մրսում է, նրա այտերը գունատվում են, և նա նույնիսկ ցրտից կարող է լաց լինել: Դեմքի գույնն ամենաճիշտ միջոցն է իմանալու, թե երեխան չի՞ մրսում: Մի՛ վախեցեք, եթե նրա մատները սառն են: Ավելի լավ է շոշափեք վիզը, ձեռքերը կամ ոտքերը:
Նորածնի առաջին նագուստը պետք է շատ պարզ լինի, իսկ կոճակներն ու ժապավենները պետք կգան ավելի մեծահասակ երեխաների համար: Մինչև Ձեզ դուր եկած գեղեցիկ շորը գնելը, մտածեք, թե ինչպե՞ս պետք է այն հագցնեք ու հանեք: Փոքրիկ երեխաների համար ամենահարմար հագուստը վզի մասում ձգվող և լայնացող բացվածք պետք է ունենա` հեշտ է հագցնել և հանել գլխի կողմից: Առաձգական բամբակյա հագուստը, որը ներքևի կողմից կոճակներ ունի, թույլ է տալիս երեխայի տակաշորը փոխել` առանց երեխային լրիվ մերկացնելու: Փոքրիկի թիկունքը քամուց ապահով կլինի, եթե առջևից կոճկվող կցազգեստ (կոմբինեզոն) հագցնեք նրան: Դա հարմար է նաև այն դեպքերում, երբ պետք է արագ փոխել երեխայի հագուստը:
Եթե Ձեր փոքրիկը աղջիկ է, իհարկե, դուք կցանկանաք նրան փոքրիկ զգեստ հագցնել, սակայն, ցավոք, դա այնքան էլ հարմար չէ ամեն օր կրելու համար: Զգեստով հարմար չէ թռչկոտել, պառկել, սողալ: Պահեք այն հատուկ դեպքերի համար կամ հագցրեք, երբ աղջիկը մի քիչ մեծանա: Չարժե աղջիկներին հագցնել ժանյակավոր հագուստ, նրանց փոքրիկ մատները կարող են խցկվել ու մնալ ժանյակների մեջ:
Փոքրիկը մեծանում է, և տրիկոտաժե սողաշորերը արդեն կարելի է փոխարինել վառ գույների կցազգեստներով կամ բամբակե շալվարիկներով: Դրանք ավելի հարմար են, և կարելի է հագցնել ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին: Հաստ կտորից շալվարիկ գնելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի՞ն է նրա փողքերի լայնությունը, և կարգավորվու՞մ են նրանց ուսափոկերը, որովհետև սովորաբար դրանց տակից ուրիշ բան էլ է պետք լինում հագցնել:
Երեխային գլխի կողմից սվիտեր կամ շապիկ հագցնելիս նախ մատներով հավաքեք սվիտերը` ներքևից սկսած, և ապա միայն անցկացրեք երեխայի գլուխը` սկսելով երեսի կողմից այնպես, որ սվիտերի գլխանցքի հետևի կողմը մնա վզի վրա: Եվ հետո միայն հանեք սվիտերը:

Երեխային շատ մի՛ փաթաթեք

Լավ են արհեստական նյութից պատրաստված ծածկոցները, նրանք միաժամանակ և՛ չափազանց տաք են և՛ թեթև: Բայց էլ ավելի լավ են գործված շալերը: Հարմար է դրանց մեջ փաթաթել երեխային, քանի որ սովորական ծածկոցներից ավելի բարակ են և կարող են, ըստ անհրաժեշտության, մի քանի տակ ծալվել` կախված օդի ջերմաստիճանից: Խորհուրդ չի տրվում երեխային ծածկել հաստ, ծանր ծածկոցներով կամ վերմակով:
Բոլոր ծածկոցներն ու սավանները պետք է բավականաչափ մեծ լինեն, որ հնարավոր լինի դրանք մտցնել ներքնակի տակ, որպեսզի երեխան չբացվի: Ներքնակը պետք է բավականին հարթ ու կոշտ լինի, որպեսզի երեխան պառկելիս ծռված դիրք չընդունի: Մանկական սայլակի ներքնակը պետք է ծածկի սայլակի ամբողջ հատակը: Փոքրիկ երեխային ո՛չ մահճակալի մեջ, ո՛չ էլ սայլակում բարձ պետք չէ:
Լավ կլինի, որ մանկական կապագլխարկները հյուսված լինեն: Եթե նույնիսկ այդպիսի գլխարկը քնի մեջ սահի երեխայի դեմքին, ապա երեխան կարող է շնչել նրա անցքերի միջով: Կարելի է օգտագործել ցանկացած տեսակի գլխարկներ, բայց այն պայմանով, որ մայրը միշտ հետևի երեխային:
Շատ մայրեր օգտագործում են այնպիսի քնապարկեր, որոնք կոճկվում են կայծակ տիպի ճարմանդներով: Այդ քնակապերը հավաքվում, ձգվում են վզի մոտ և ժապավենով կապվում մահճակալի անկյուններին: Իհարկե, այդպիսի քնակապերը շատ հարմար են, բայց խորհուրդ չի տրվում օգտագործել դրանք, նախ` կոկորդի մոտ ամուր սեղմված և մահճակալին կապված երեխան ենթակա է խեղդվելու վտանգին, և երկրորդը` որոշ մասնագետ հոգեբաններ այն կարծիքին են, որ եթե երեխան, այն հասակում, երբ ձևավորվում են նրա զգացմունքները, շատ երկար ժամանակ մնում է կապկպված, անօգնական ու անշարժ, զրկվում է ազատ ու անկաշկանդ լինելու զգացումից: Չի կարելի բարուրել երեխային, որովհետև դա կարող է բերել հոդախախտման և նպաստել մաշկային շնչառության խանգարմանը:

Հագուստի խնամքը

Փոքրիկի շորերը հանվում-հագցվում են ամենաքիչը օրական երեք-չորս անգամ, ուստի նրա համար այնպիսի հագուստ գնեք, որի խնամքը Ձեզ չծանրաբեռնի: Այդպիսի հագուստը հարմար է և հեշտ է լվացվում: Մինչև գնելը ուշադիր զննեք պիտակը և մի վերցրեք այնպիսի իրեր, որոնք հատուկ բարդ մշակում են պահանջում: Ամենալավը բնական կտորներից կարված հագուստն է, որը տաք է և լավ է ներծծում խոնավությունը: Ամենաորակյալ մանկական ներքին սպիտակեղենը պատրաստում են բամբակից:
Ձեռքով կամ մեքենայով շորերը լվանալիս միշտ հետևեք գնված հագուստին կից հրահանգին: Այդ դեպքում բոլոր մանկական զգեստները երկար կպահպանեն գույնը, նախնական տեսքը և ձևը: հագուստեղենը լվանալիս աշխատեք չօգտագործել լվացքի արհեստական փոշիներ, նրանք կարող են գրգռել երեխայի մաշկը: Ամբողջ հագուստը պետք է լավ չորացված և արդուկված լինի: Միայն դրանից հետո կարելի է հագուստը հագցնել երեխային:

Կոշկեղենը

Երբեք մի՛ գնեք այնպիսի կոշիկներ, որոնք ճնշում են երեխայի մատները: Կոշիկը պետք է լինի այնպիսի չափսերի, որ եթե երեխան գործած շալվարիկ կամ զուգագուլպա հագած լինի, չսեղմի երեխայի ոտքերը: Ավելին` նրա մեջ պետք է ազատ տեղ մնա, որ փոքրիկը կարողանա շարժել իր մատները: Երեխային մի հագցրեք այնպիսի գուլպաներ, մաշիկներ և զուգագուլպաներ, որոնք լվանալուց հետո սեղմվում և փոքրանում են : Այդ նույնը վերաբերում է նաև օձիքներին, թաթմաններին և ձեռնոցներին:
Զբոսանքի գնալիս հագցրեք հարմար, տաք և չթրջվող կոշիկներ: Ամենալավն այն կոշիկներն են, որոնք կարված են թեթև, օդի համար թափանցիկ նյութերից, ինչպիսին են, օրինակ, կտորը կամ փափուկ կաշին: Ճտքավոր կոշիկներն ու կիսակոշիկները պետք է այնքան փափուկ լինեն, որ դրսից կարելի լինի շոշափել փոքրիկի մատները:
Երեխայի համար առաջին կոշիկները գնելիս անպայման փորձեք դրանք: Կոշիկի մոտավոր չափսը որոշելու համար նախապես պետք է չափել երեխայի ոտնաթաերի երկարությունն ու լայնությունը: Մի՛ մոռացեք հաճախակի ստուգել, թե երեխայի կոշիկը չի՞ սեղմում: