Ընկալունակություն, ներըմբռնողություն, հոտառություն

Գիտական տեսանկյունից, խոսելով մարդու ընկալունակության և հոտառության մասին, հասկանում ենք նրա կողմից ոչ-վերբալ ազդանշաններն ընկալելու կարողությունը և այդ ազդանշանները համարժեքորեն խոսքի հետ համադրելու ունակությունները: Երբ ասում ենք, որ զգում ենք խոսակցի սուտը, իրականում մենք որսում ենք նրա արտասանած բառերի և ակամա կատարած շարժումների միջև եղած աններդաշնակությունը։ Փորձառու դասախոսն այս երևույթն անվանում է "լսարանի զգացողություն

Պատկերացրե՛ք, որ Ձեզ լսելիս Ձեր ունկնդիրները, ձեռքերը խաչած, թիկնել են բազմոցներին. պարզ է, որ այս պարագայում լսարանը կլանված չի լսում Ձեր խոսքը։ Եթե Դուք զգայուն եք, ապա պետք է անմիջապես հասկանաք, որ Ձեր ոճն ու մոտեցումը լսարանի հանդեպ փոփոխման կարիք ունեն։ Եթե զգայուն չգտնվեք, բացարձակ ձախողման կենթարկվեք։
 
Ընկալունակություն, հոտառություն
 
Հայտնի բան է, որ կանայք ավելի զգայուն են, քան տղամարդիկ. հանիրավի չէ, որ շրջանառության մեջ է դրված կանացի "ներքին ձայն` ինտուիցիա" հասկացողությունը։ Կանայք օժտված են ոչ-վերբալ ազդանշանների ընկալման բնածին կարողությամբ և նրանք նկատում են ամեն մի մանրուք։ Ահա թե ինչու շատ քիչ տղամարդկանց է հաջողվում խաբել իրենց կանանց, այն դեպքում, երբ կանայք հեշտությամբ կարող են ոչ միայն խաբել, այլև շփոթության մեջ գցել իրենց ամուսիններին։
Կանացի ինտուիցիան առավել վառ դրսևորվում է երեխաների դաստիարակման դժվարին գործում։ Երեխայի կյանքի սկզբնական փուլում մայրերը պարտավոր են հասկանալ երեխայի ոչ խոսքային ազդանշանները։ Ինչ-որ առումով կինը "թրծվում է" իր մայրության տարիներին և հետագայում այդ հմտությունները լավագույնս կիրառում գործնական կյանքում։ Եվ պատահական չէ, որ պատասխանատու բանակցությունները կանայք ավելի մեծ հաջողությամբ են վարում, քան տղամարդիկ։
 
Բնածին, ժառանգաբար փոխանցվող, ձեռքբերովի եվ դաստիարակությամբ սերմանած ազդանշանային համակարգ
 
Բնածին, ժառանգաբար փոխանցվող, ձեռքբերովի և դաստիարակությամբ սերմանած ազդանշանային համակարգի խնդիրը բոլոր ժամանակներում բազում վեճերի և քննարկումների առիթ է եղել։ Այս հիմնախնդրի լուծման համար օգնության են եկել կույրերի և խուլ-համրերի յուրահատուկ` բոլորից տարբերվող ազդանշանային համակարգերի ուսումնասիրությունը, ինչպես նաև` կապիկների շարժուձևի հետազոտումը։

Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալները ցույց տվեցին, որ ժեստերը դասակարգվում են ըստ խմբերի։ Օրինակ, կապիկի ձագուկներն ի ծնե օժտված են կուրծք ծծելու ռեֆլեքսով։ Սա բնածին, գենետիկ կարողություն է։ Գերմանացի գիտնական Այբլ-Այբեսֆելդտը գտել է, որ խուլ-համր և կույր նորածինների դեմքին հայտնվող ժպիտը բացարձակ ինքնաբուխ բնույթ է կրում, քանզի այն չի կարող ընդօրինակված լինել շրջակա միջավայրից։ Սա ևս բնածին ռեֆլեքս է։ Գիտնականներ Էքմանը, Ֆրիզենը և Սորենսոնը, համեմատության մեջ դնելով հինգ տարբեր մշակութային պատկանելություն ունեցող մարդկանց դեմքի արտահայտությունները, համաձայնվել են Դարվինի այն պնդման հետ, որ դիմախաղի շատ դրսևորումներ և ժեստեր բնածին են։ Նրանք համոզվել են, որ նմանատիպ զգացմունքները հինգի մոտ էլ արտահայտվում են համանման դիմախաղով։

Մինչդեռ կան ժետսեր, որոնց շուրջ վեճեր են գնում։ Օրինակ, տղամարդկանցից շատերը վերարկուն հագնում են աջ թևքից, իսկ կանայք` ձախ։ Երբ բանուկ փողոցում տղամարդն առաջ է թողնում կնոջը, նա սովորաբար կնոջը դեմքով է դառնում, իսկ կինը, որպես կանոն, մեջքով է դառնում նրան։ Արդյո՞ք կինն այսպես է վարվում բնազդաբար` պաշտպանելով իր կուրծքը։ Բնածին ռեֆլե՞քս է սա, հակազդեցությո՞ւն, թե՞ ավանդաբար անցած սովորույթ` ենթագիտակցորեն ընդօրինակված նախկին սերունդներից։
Մեր շարժուձևի ոչ-վերբալ դրսևորումների մեծ մասը ձեռքբերովի է։ Բազում ժեստեր և դիմախաղի դրսևորումներ պայմանավորված են այն մշակութային դաշտով, որտեղ մենք ապրում ենք։

Հիմնական ժեստերն ու դրանց ծագումնաբանությունը
 
Հաղորդակցման ընթացքում մարդկանց կողմից կիրառվող ժեստերի մեծամասնությունը համընդհանուր են բոլորի համար։ Երբ մարդիկ երջանիկ են, նրանք ժպտում են, երբ զայրացած կամ տխուր են` դեմքը խոժոռում են։ Գլուխը ետ ու առաջ տանելու սովորությունն ընդհանուր առմամբ խոսում է համաձայնության մասին։ Գլխի նման շարժումը, անկասկած, բնածին ժեստ է, քանի որ լայնորեն օգտագործվում է նաև խուլ-համրերի և կույր մարդկանց կողմից։ Գլխի աջից ձախ կամ հակառակը թափահարելը վկայում է անհամաձայնության կամ հերքելու մասին։ Այս շարժումը ևս ունիվերսալ է. բնածին (վաղ մանկական հասակում) կամ ձեռք բերովի։ Երբ նորածինն արդեն կուշտ է, իսկ մայրիկը շարունակում է նրան կերակրել, երեխան գլուխն անվերջ մի կողմից մյուսն է թափահարում` այդպիսով "տեղեկացնելով", որ ուտել այլևս չի ուզում։ Այս կերպ փոքրիկն արտահայտում է իր անհամաձայնությունը կամ բացասական տրամադրվածությունը։

Որոշ ժեստերի զարգացման պատմությունը գալիս է դեռևս մեր հնագույն, նախաստեղծ պատմության խորքերից։ Այսպես օրինակ, ատամները ցույց տալը հարձակում գործելու ամենավառ արտահայտությունն է։ Մեր օրերում այն արտահայտում է ցինիզմ և ծաղրանք դիմացինի հանդեպ ու լայնորեն օգտագործվում է ժամանակակից մարդու կողմից` չնայած այն հանգամանքին, որ ատամների օգնությամբ վաղուց արդեն մերօրյա մարդը չի հարձակվում դիմացինի վրա։ Ժպիտն իր նախնական տարբերակում նշանակել է սպառնալիքի նախանշան, մինչդեռ մեր օրերում, ի թիվս շատ այլ ժեստերի, այն ձեռք է բերել գոհունակություն և բավարարվածություն արտահայտելու իմաստ։

Ուսերը թոթվելը ևս ունիվերսալ ժեստի լավագույն օրինակ է, որի միջոցով խոսակցին հասկացնել ենք տալիս վերջինիս ասածների հանդեպ ունեցած մեր տարակուսանքն ու չհասկանալը։ Սա բազմաբովանդակ ժեստ է, որն արտահայտվում է երեք պարտադիր բաղադրիչների օգնությամբ` ափերը դուրս լայն բացված ձեռքեր, բարձրացրած ուսեր և հոնքեր։

Ինչ վերաբերում է վերբալ լեզվին, այն աշխարհի բոլոր ժողովուրդների համար տարբեր է։ Լեզվամտածողությունից, խառնվածքից բխող ժեստերը ևս տարբեր իմաստներ կարող են ունենալ։ Մի ազգի համար մի իմաստ ունեցող ժեստը մյուսի համար կարող է կատարելապես անհասկանալի լինել կամ այլ իմաստ արտահայտել։



 Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''