Էկրանների վրա ցուցադրվող և իրականում տեղի ունեցող դաժանություններ

Շատ արկածային և մարտաֆիլմեր ակամայից իրական ոճրագործություններ կատարելու համար ''մասնագիտական տեղեկատու'' են դառնում։ 50-ականներին Անգլիայում տեղի ունեցած իրական մի դեպքի հիման վրա նկարահանված ''Փողերով լի գնացքը'' ֆիլմի սցենարով ''ոգեշնչված'' երկու հանցագործ փորձել են վերջերս ''կյանքի կոչել'' իրենց սիրած ֆիլմի սցենարը` հարձակում գործելով դրամ տեղափոխող գնացքի վրա։

1993 թ. էկրան բարձրացավ ''Ծրագիր'' ֆիլմը, որը նվիրված է ամերիկյան ֆուտբոլին։ Ֆիլմի տեսարաններից մեկում իրենց կամքը ''կոփելու'' համար ֆուտբոլիստները պառկում են ավտոմայրուղուն։ Ֆիլմի հանրային դիտումներից հետո 5 դեռահասներ տարբեր երկրներում փորձեցին ''կոփվել'' այդ տարօրինակ ձևով. արդյունքում նրանցից երեքը ավտոմեքենաների անիվների տակ ծվեն-ծվեն եղան և մահացան, իսկ երկուսը ծանր մարմնական վնասվացքներ ստացան ու ծայյրահեղ բարդ վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Այս ողբերգական իրադարձություններից հետո տխրահռչակ ֆիլմի դեմ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ, և Touchstone Films ընկերությունը ստիպված եղավ ֆիլմից հանել այդ ''ուսուցողական'' տեսարանը։

Այս տարվա սկզբին երկու երիտասարդ ամերիկացիներ սպանեցին իրենց մորը և կասկածահարույց ապացույցները թաքցնելու համար նրանք մասնատեցին մարմինը ու թաքցրեցին տարբեր վայրերում։ Տղաների համար ''ներշնչման աղբյուր'' էր հանդիսացել Միացյալ Նահանգներում մեծ ժողովրդականություն վայելող ''Սոպրանո ընտանիքը'' հեռուստասերիալը։
 
Արյունոտ ժողովրդականություն
 
Կինոարտադրող բոլոր ընկերությունները միաձայն պնդում են, որ ''էկրանային'' բռնություններն ու վայրագությունները հանրության համար որևիցե վտանգ չեն ներկայացնում։ Իրենց համոզմունքները նրանք փաստարկում են նրանով, որ մինչ օրս որևէ գիտական ապացույց չի գտել այն վարկածը, որ կինոսցենարները կարող են իրենց ազդեցությունը թողնել իրական կյանքում տեղի ունեցող բռնությունների կամ մարդկային վարքի ագրեսիվ դրսևորումների վրա։ Բացի այդ նրանք բոլորն այն կարծիքին են, որ մարդիկ պետք է գիտակցեն, որ հեռուստաֆիլմերն ու համակարգչային խաղերն իրականության հետ որևէ կապ չունեն։ ԱՄՆ-ի Պրիստոնյան համալսարանի անցկացրած հետազոտությունների տվյալների համաձայն Միացյալ նահանգներում նկարահանված կինոֆիլմերն ու հեռուստահաղուրդումները, որոնք պարունակում են բռնության տեսարաններ, ավելի մեծ պահանջարկ ունեն իրենց երկրից դուրս։ Այս հանգամանքն ըստ գիտնականների բացատրվում է նրանով, որ մարտաֆիլմերն ավելի հեշտ է թարգմանել օտար լեզուներով և ''համեմել'' տեղական դիտողի քիմքը շոյող արտահայտություններով, քան լուրջ ֆիլմերը կամ երգիծական հաղորդումները։ Ամերիկյան հումորը հասկանալու համար հանդիսատեսը պետք է նախ և առաջ ծանոթ լինի տեղական բարքերին ու սովորույթներին, ինչպես նաև ամերիկյան կենսակերպին և մշակույթին։
 
Կուտակված ագրեսիվություն
 
1998 թ. ամերիկյան Mediascope մարքեթինգային ընկերության աշխատակիցներն ավելի քան 8 հազար ժամ վերլուծության ենթարկեցին տարբեր հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող հաղորդումները։ Արդյունքում նրանք եկան այն եզրակացության, որ հեռուստահաղորդումների 60%-ը բռնության տեսարաններ են պարունակում։ Թերևս դա է պատճառը, որ հայտնի կինոքննադատ Մայքլ Մեդվեդն ամերիկյան հեռուստատեսությունն անվանել է երկրի ''սարսափի օազիս''։ Ամեն օր պրայմ-թայմի ժամանակ (այդպես են անվանում այն ժամերը, երբ մարդիկ ամենից շատ են հեռուստացույց դիտում) ամերիկացիներն իրենց էկրանների վրա հետևում են 350 հեռուստատեսային հերոսների գործողություններին, որոնցից մի քանի տասնյակը զբաղված են սպանություններ գործելով։ Կարելի է ենթադրել, որ թվերն այդքան էլ ահասարսուռ չեն և մտահոգվելու պատճառ չկա։ Մինչդեռ Մայքլ Մեդվեդն այն կարծիքին է, որ նման պարագայում թույլ նյարդեր ունեցող և տպավորվող հեռուստադիտողի համար այդքանն էլ կարող է ճակատագրական լինել։

Հեռուստագովազդ պատվիրող ընկերությունների համար նույնիսկ լսարանի 1%-ի վրա տպավորություն թողնելն արդեն իսկ մեծ հաղթանակ է։ Մի պահ պատկերացնենք, որ բռնության և վայրագության տեսարանները ևս ''տպավորում են'' նույնչափ փոքրաթիվ լսարանին։ Կհամաձայնեք թերևս, որ դա սարսափելի բան է։ Չէ՞ որ մարտաֆիլմեր և սարսափ ֆիլմեր դիտող 10 մլն բնակչության 1%-ն արդեն իսկ 100 հազ. մարդ կարող է լինել, և եթե նրանք բոլորն էլ նմանատիպ ֆիլմեր դիտելուց հետո ''լիցքավորվեն'' բռնությամբ և վայրագությամբ, ապա խիստ հավանական է, որ նրանցից շատերը հակված կլինեն իրենց մեջ կուտակված դաժանությունն ու ագրեսիվությունը ''կյանքի կոչել'' իրականության մեջ և ակամայից հանցագործ դառնալ։


Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''