Այս տարի Քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 19-ին: Օրվա կարգախոսն է «Կանոնավոր քուն, առողջ ապագա»:
Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, Քնի համաշխարհային օրվա նպատակն է կոչ անել ոլորտի մասնագետներին իրազեկել հանրությանը քնի կարեւորության մասին:
Չափահասների համար նորմա է համարվում առնվազն յոթ ժամյա քունը: Եվ գաղտնիք չէ, որ քնի խանգարումները կարող են էականորեն ազդել մարդու կյանքի որակի վրա: Վեց ժամից քիչ քնողների շրջանում հիվանդությունների ռիսկը մեծանում է: Դրանք են՝
• սիրտ-անոթային հիվանդություններ
• հոգեհուզական դաշտի խնդիրներ (դեպրեսիվ, տագնապային խնդիրներ)
• եղած հոգեկան եւ սոմատիկ խնդիրների բարդացում
• հիշողության եւ մտավոր ունակությունների վատացում
• մետաբոլիկ շեղումներ
• ճարպակալման ռիսկ
• շաքարային դիաբետ եւ այլն:
Քնի խանգարումներից կարելի է խուսափել՝ պահպանելով քնի հիգիենայի կանոնները, որոնք են՝
• ուշ ժամերին կոֆեին չօգտագործել (թեյ, սուրճ, կոլա, էներգետիկ ըմպելիքներ)
• մեծ քանակի սնունդ չընդունել քնելուց առաջ, բայց եւ քաղցած չպառկել
• շատ ակտիվ ֆիզիկական աշխատանք չանել քնելուց առաջ
• անկողինն օգտագործել քնելու նպատակով, այլ ոչ թե գիրք կարդալու կամ ֆիլմ դիտելու համար (էկրանի լույսն ընկճում է նոր սկսվող քնի գործընթացը)
• անկողնում երկար արթուն չմնալ:
Աղբյուրը՝ Doctors.am