Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է 2009 թվականից՝ Մանկական թոքաբորբի դեմ գլոբալ կոալիցիայի շնորհիվ, որի նպատակն է քաղաքական, սոցիալական և առողջապահական կառույցների ուշադրության կենտրոնացումը թոքաբորբի շուրջ: Եվ հենց 2009-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հայտարարեց «Թոքաբորբի դեմ պայքարի եւ կանխարգելման գործողությունների գլոբալ ծրագրի» մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումը եւ մահացության ցուցանիշների նվազեցումն է:

«Ցավոք, հատկապես երեխաների շրջանում հիվանդության ցուցանիշները առավել մտահոգիչ են»,- Doctors.am-ի հետ զրույցում ասաց թոքաբան Իրինա Խաչատրյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի թոքաբորբը խլում է մոտ 1,6 միլիոն՝մինչեւ 5 տարեկան երեխայի կյանք. դա ավելին է, քան ՄԻԱՎ-ը, մալարիան եւ կարմրուկը միասին վերցրած:

Թոքաբորբը համարվում է սուր ինֆեկցիոն բորբոքային պրոցես, որը ընդգրկում է ալվեոլները եւ ռեսպիրատոր բրոնխիոլները: Պնեւմակոկային ինֆեկցիայի առավել հաճախակի դրսեւորումները թոքաբորբն ու մենինգիտն են: Թոքաբորբերի պատճառագիտության մեջ մեծահասակների շրջանում շուրջ 72 տոկոսի, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում 88-89 տոկոսի դեպքերը բաժին են ընկնում պնեւմակոկին:

«Հայաստանում 2015 թվականից նկատվում է պնեւմակոկային եւ հեմոֆիլուս ինֆլյուենզայով պայմանավորված մենինգիտների նվազում, պնեւմակոկը՝ 6, եւ հեմոֆիլիան՝ 4 անգամ: Միայն 2016-ին է դիտվել պնեւմակոկով պայմանավորված մենինգիտի մի փոքր աճ: Սակայն այդ դեպքերը գրանցվել են միայն չպատվաստված կամ թերի պատվաստված երեխաների մոտ»,-նշեց թոքաբանը:

Թոքաբորբի նախանշաններն են ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը: Իրինա Խաչատրյանը պնդում է՝ պետք չէ հազը բուժել տնային պայմաններում: Ջերմության երկարատեւության դեպքում անպայման պետք է դիմել բժիշկի:

Իրինա Խաչատրյանը նշեց, որ թոքաբորբի կանխարգելման առաջին միջոցը պատվաստումն է: Աշխարհի շուրջ 103 երկրում պնեւմակոկային վակցինացիան ներառված է ազգային իմունիզացիայի ծրագրում: Հայաստանում՝ նույնպես:

«Այժմ Հայաստանում կիրառվում է 13 վալենտ պնեւմակոկային վակցինացիան՝ պրեւեներ 13-ը: Փոքրիկները առաջին պատվաստումը ստանում են 1,5 ամսականում, ապա՝ 3 եւ 4,5 ամսականներում: Իսկ մեծահասակները այս պատվաստումը ստանում են երկու անգամ: Երկրորդ պատվաստումը՝ առաջին պատվաստումից 12 ամիս անց:Կարեւոր է, որպեսզի քրոնիկհի վանդություններ ունեցողները (դիաբետ, ասթմա, ԹԽՕՀ) անկախ իրենց տարիքից ստանան պնեւմակոկային պատվաստում»,-ասաց Խաչատրյանը՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ մեր երկրում հակաբիոտիկների անկառավարելի եւ չկարգավորվող նշանակումները բերել են հակաբիոտիկակայուն շտամների ձեւավորման եւ խիստ տարածման, ինչն, իր հերթին, դժվարացնում է թոքաբորբի բուժման ընթացքը:

«Դրանով են պայմանավորված թոքաբորբով մահացության բարձր ցուցանիշները մեր երկրում»,-նշեց նա:

Ի դեպ, ըստ ԱՀԿ-ի՝ պնեւմակոկային վակցինացիայի գլոբալկիրառումը 2030 թվականին թույլ կտա կանխել շուրջ 5,4-7,7 միլիոն մանկական մահ:


Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը