Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:

Անկախ ձեր տարիքից կամ առողջական վիճակից, կարևոր է իմանալ քաղցկեղի հնարավոր նախանշանները: Դրանք կարող են նախնական հուշումներ լինել ձեր և ձեր բժշկի համար, որպեսզի հնարավորինս շուտ սկսեք կանխարգելիչ գործողությունները:

Կանանց և տղամարդկանց շրջանում քաղցկեղի նախնական ախտանիշներն են.

  • Ցավ - Ոսկրածուծի քաղցկեղի դեպքում հաճախ ցավերը սկսվում են հենց սկզբից: Ուղեղի որոշ ուռուցքներ առաջացնում են գլխացավեր: Ցավը կարող է նաև վաղ քաղցկեղային նշան լինել, ուստի դիմեք բժշկի, եթե չգիտեք, թե ինչից է ցավը և ինչու չի անցնում:
  • Քաշի կորուստ՝ անկախ ձեր կամքից - Քաղցկեղ ունեցող մարդկանց գրեթե կեսը նիհարում է, և այն, հաճախ, ամենավաղ նկատվող նշաններից է:
  • Հոգնածություն - Եթե ​​անդադար հոգնածություն եք զգում, դիմեք բժշկի: Լեյկոզը (արյան քաղցկեղ) սպառում է ձեր ուժերը, հնարավոր է նաև արյան կորուստ՝ հաստ աղիքի կամ ստամոքսի քաղցկեղից:
  • Ջերմություն - Եթե ​​դուք բարձր ջերմում եք ավելի քան 3 օր, դիմեք բժշկի: Արյան քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպիսին է լիմֆոման, օրեր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ առաջացնում է բարձր ջերմություն:
  • Մաշկային փոփոխություններ – Եթե մաշկի վրա նկատում եք  անսովոր կամ նոր խալեր, փոքրիկ գոյացություններ, հետքեր, դիմեք բժշկի՝ բացառելու մաշկի քաղցկեղը: Ձեր մաշկը կարող է նաև հուշել քաղցկեղի՝ ձեր օրգանիզմում առկա այլ տեսակների մասին: Եթե ​​մաշկի գույնը մգացել է, դեղնել կամ կարմրել, քոր է գալիս կամ շատացել է մազածածկույթը, սա կարող է լյարդի, ձվարանների կամ երիկամների քաղցկեղի կամ լիմֆոմայի նշան լինել:
  • Հազ կամ խռպոտություն - Հազը թոքերի քաղցկեղի համար մեկ նշանն է, իսկ խռպոտությունը կարող է կոկորդի կամ վահանաձև գեղձի քաղցկեղի նշան լինել:
  • Անսովոր արյունահոսություն – Քաղցկեղի հետևանքով արյունը կարող է նկատվել ամենաանսովոր վայրերում: Կղանքում նկատվող արյունը կարող է հաստ աղիքի կամ հետանցքի քաղցկեղի նախանշան լինել, իսկ միզուղիներում առկա ուռուցքները կարող են մեզի մեջ արյան հետքեր առաջացնել:
  • Սակավարյունություն – սակավարյունության ժամանակ մարդու օրգանիզմում նվազում են արյան կարմիր բջիջները, որոնք արտադրվում են ոսկրածուծում, իսկ լեյկեմիայի, լիմֆոմայի և բազմակի միելոմայի նման քաղցկեղները կարող են վնասել ձեր ոսկրածուծը: Ուռուցքները, որոնք տարածվում են ոսկրածուծում, դուրս են մղում կարմիր արյան բջիջներն այնտեղից:

Քաղցկեղի ընդհանուր ախտանիշները տղամարդկանց մոտ

Տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակներն են շագանակագեղձի, թոքերի և կոլորեկտալ (հաստ կամ ուղիղ աղիքի) քաղցկեղը:

Ախտանիշներն են՝

  • Միզարձակման դժվարություններ -  Շագանակագեղձի այտուցվածությունը կարող է դժվարացնել միզարձակումը կամ հակառակը՝ դարձնել այն անկառավարելի, առատ:
  • Ուռուցք կամ ցավ ամորձու մեջ – սա կարող է լինել ամորձու քաղցկեղի նախանշան:

Քաղցկեղի ընդհանուր ախտանիշները կանանց մոտ

Կանանց շրջանում քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեսակներն են կրծքի, թոքերի և աղիքային քաղցկեղը: Հնարավոր է նաև արգանդի, էնդոմետրիումի, արգանդի վզիկի, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ:

Նախանշաններն են՝

  • Հեշտոցային արյունահոսություն – պետք է ուշադիր լինել՝ արդյո՞ք արյունահոսությունը տեղի է ունենում դաշտանային ցիկլի ընթացքում, թե՞ դաշտանադադարից հետո: Էնդոմետրիումի քաղցկեղի հետևանքով առաջացած արյունահոսությունը անսպասելի է գրեթե միշտ:
  • Ախորժակի փոփոխություն -  Ձվարանների քաղցկեղի հետևանքով նկատվում է ախորժակի վատթարացում կամ մշտապես հագեցվածության զգացողություն: Կարող են առաջանալ մարսողության խանգարումներ կամ սրտխառնոց:
  • Որովայնային ցավ և փքվածություն – Երկարատև փքվածության, որովայնի ցավերի և գազերի կուտակման դեպքում դիմեք բժշկի հետ:
  • Կրծքագեղձի փոփոխություններ – դիմեք բժշկի, եթե՝

-գոյացություններ եք շոշափում կրծքագեղձերում

-կտրուկ փոփոխություններ եք նկատում կրծքագեղձերի չափերում

-պտուկներից արտադրություն եք նկատում

-պտուկների շրջանում անսովոր հետքեր կամ այլ փոփոխություններ եք նկատում:



Աղբյուրը՝ WebMd