Դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվան ընդառաջ՝ Doctors.am-ը զրուցել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանի հետ:

Բժշկուհին մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից և 1988 թվականից մինչև 2018թ. նոյեմբերի վերջը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 392-ը` 2018թ. ընթացքում: Զգալի է արձանագրվող դեպքերի թվում աշխատանքային միգրացիայի գործոնի ազդեցությունը. 2013-2017թթ. արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի 70%-ը կազմել են աշխատանքային միգրանտները և նրանց զուգընկերները: 

Նա խոսեց ՁԻԱՀ-ի կենտրոնում և շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անցկացվող ուլտրաձայնային հետազոտությունների մասին.

«Ցանկացած հիվանդության բուժումը սկսելուց առաջ կարևոր է ճիշտ ախտորոշել: Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ: Հետազոտվում են որովայնի խոռոչի օրգանները` լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, վահանաձև գեղձը, փոքր կոնքի խոռոչի օրգանները` արգանդը, ձվարանները, միզապարկը, շագանակագեղձը; Կատարվում է նաև ՄԻԱՎ վարակ ունեցող հղիների ուլտրաձայնային հետազոտություն»:

Նա հպարտությամբ նշեց, որ դեռ 2016թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից վավերացվել է Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը, և երկրին տրվել է համապատասխան հավաստագիր, ի դեպ՝ չորրորդն աշխարհում և առաջիններից մեկը եվրոպական տարածաշրջանում: Միջազգային ճանաչման արժանացած Հայաստանի այս ձեռքբերումը կարևոր քայլ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու և ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին: ԱՀԿ-ն 2018թ. վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած մեր երկրի կարգավիճակը: 

Նավասարդյանը շեշտեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակ ունեցողների համար ուլտրաձայնային հետազոտությունն անվճար է` հավելելով, որ կենտրոնը ձեռք է բերել ուլտրաձայնային հետազոտության նորագույն սարք՝ Aplio i800, որը հնարավորություն  է տալիս առավել ճշգրիտ ախտորոշել:

Համայնքներում 2014-2018թթ. ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ևս իրականացվել է անվճար ուլտրաձայնային հետազոտություն:

Հարցին, թե ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը, բժշկուհի Նավասարդյանը պատասխանեց.

«Նախ պետք է իմանալ, որն ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չմանրէազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագործելիս: Երեխաները կարող են վարակվել իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների ժամանակ, ուստի առանց ավելորդ վախի կարելի է սեղմել ՄԻԱՎ-ով վարակված մարդու ձեռքը, գրկախառնվել, աշխատել կամ սովորել նրա հետ, նրա հետ համատեղ օգտվել նույն կենցաղային իրերից (սպասք, հեռախոս, համակարգիչ և այլն): ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաև հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով: ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդ¬կանց վարքագծով և կենսակերպով: Չվարակվելու համար հարկավոր է ունենալ անվտանգ վարքագիծ, խուսափել ռիսկային սեռական կապերից, պահպանել ժուժկալություն մինչև ամուսնությունը, լինել հավատարիմ զուգընկերոջը: Հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները պետք է գիտակցեն, որ չկա անվտանգ արտաամուսնական սեռական կապ: Նրանց գերակշռող մեծամասնությունը վարակվել է մեկ զուգընկերոջ հետ ունեցած սեռական կապի հետևանքով: Բոլոր ռիսկային սեռական կապերի դեպքում, երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը, անհրաժեշտ է օգտագործել պահպանակ»:

Վերջում բժշկուհի Նավասարդյանը մաղթեց բոլորին առողջություն և խորհուրդ տվեց հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ: 



Աղբյուրը՝ Doctors.am