Փաստ  № 1
Այն մասին, թե ինչպես են գործում կախվածությունները

Կախվածությունների բուժման ամերիկյան ընկերակցությունը կախվածությունը սահմանում է որպես խրոնիկ հիվանդություն, որն ազդում է դրական զգացողությունների ամրապնդման համակարգի (պարգևատրում է հաճույքի զգացողությամբ «ճիշտ» գործողությունների համար), մոտիվացիայի և հիշողության վրա: Արդյունքում մարդու մոտ փոխվում են առաջնահերթությունները,  մոտիվացիոն հիերարխիան, ինչն ուղղակիորեն ազդում է վարքագծի վրա: Երբ առաջանում է կախվածությունը, փոխվում է նեյրոտրանսմիսիան, այսինքն՝ ցիկլային գործընթաց, որի ժամանակ նեյրոնները ստանում և հաղորդում են տեղեկատվություն «նեյրոմեդիատորներ» կոչվող նյութերի խմբի օգնությամբ: Թմրամիջոցների մի մասը, օրինակ՝ օփիատը, նմանակում է բնական «նեյրոմեդիատորներ»-ին, մյուսները, օրինակ՝ կոկաինը, խախտում են տեղեկությունների հաղորդման համակարգը, ինչի արդյունքում արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին: Դոֆամինն է, որ ազդում է շարժման վերահսկողության, էմոցիաների, ցավ կամ հաճույք զգալու կարողությունների հետ կապված գործընթացների վրա: Նյութերից որոշներն էլ, ինչպես՝ օրինակ բենզոդիազեպինը, փոխում են նեյրոտրանսմիսիան՝ նվազեցնելով կամ ավելացնելով խթանված ռեցեպտորների քանակը:  Ժամանակի ընթացքում ուղեղը սովորում է այդ կարգի փոփոխություններին, և նախկին ազդեցություններին հասնելու համար բառիս ամենալայն իմաստով պահանջվում են թմրամիջոցների մեծ չափաբաժիններ:

Գիտնականներն ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե ինչու՞ են որոշ մարդիկ ավելի հակված կախվածություններին, քան մյուսները: Սակայն այս պահին հնարավոր չէ որոշել կախվածության առաջացման կոնկրետ պատճառը. դրանք կարող են լինել գենետիկ գործոնները (հակվածության մոտ 50 տոկոսը), սոցիալ-մշակութային միջավայրը, հոգեկան խանգարումները և այլն:
 

Փաստ  № 2

Շատակերությունը՝ որպես կախվածության դրսևորում

Շատակերությունը չի հանդիսանում վարքագծային խանգարում, և այն չի առաջանում հորմոնալ դիսբալանսի արդյունքում, ինչպես կարծում էին նախկինում: Որոշ դեպքերում այն նման է թմրամիջոցից կախվածությանը: Դրա առաջացման ճիշտ պատճառները հայտնի չեն, սակայն կան մի շարք ենթադրություններ: Հայտնի է, որ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը մեզ ստիպում է ուտել ավելի շատ ածխաջրեր: Կան նաև ենթադրություններ, որ շատակերության հակում ունեն սերոտոնինի ցածր մակարդակ ունեցող մարդիկ: Այդ հորմոնը նվազեցնում է անհանգստությունը, սթրեսը և ցավային զգացողությունը: Հետազոտողները կարծում են, որ որոշ դեպքերում սերոտոնինի բնական ցածր մակարդակը շատակերության պատճառ է: Բանը կայանում է նրանում, որ սերատոնինը ձևավորվում է տրիպտոֆանի ամինաթթվից, որն ուղեղ է մտնում միայն ածխաջրերի օգտագործուման միջոցով: 

Երբ մենք քաղցած ենք, մեր օրգանիզմում արտադրվում են տարբեր հորմոններ, որոնք ուժեղացնում են սննդի ընդունման ժամանակ ակտիվորեն գործող դրական ամրապնդման համակարգերը:  Դա է պատճառը, որ, եթե մարդ քաղցած է, ապա նույնիսկ անհամ ուտելիքը թվում է համեղ: Սնունդն ընդունելուց հետո արտադրվում է ախորժակը ճնշող լեպտին հորմոնը:  Սակայն ժամանակակից ուտելիքները չափազանց հագեցած են ճարպերով և շաքարով,  որոնք գերծանրաբեռնում են ուղեղում դրական ամրապնդման համակարգը, արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին, որն առաջացնում է հաճույքի զգացողություն: Վերջինս ստիպում է մարդուն ավելի շատ ուտել:
 

Փաստ № 3

Այն մասին, թե ինչ է անում նիկոտինը

Ծխախոտ ծխելն ամենատարածված կախվածությունն է, որի հետևանքով ամեն տարի գրանցվում է մոտ 5 մլն. մահ:  Յուրաքանչյուր ծխած ծխախոտի հետ մարդ ստանում է  1-2 մգ նիկոտին: Ինչպես բոլոր դասական թմրամիջոցները, այն փոխում է ուղեղի աշխատանքը:  Նիկոտինը, որն իր կառուցվածքով նման է բնական նեյրոտրանսմիտեր ացետիլխոլինին, ազդում է դրանց նկատմամբ ընկալունակ ռեցեպտորների վրա:  Արդյունքում բարձրանում է արյան ճնշումը, փոխվում է սրտխփոցների հաճախականությունը, հաճախանում է շնչառությունը: Սակայն, սա դեռ ամենը չէ.  դրա արդյունքում բարձրանում է հաճույքի զգացողություն ապահովող դոֆամինի քանակը:

Չնայած նիկոտինը հանդիսանում է կախվածություն առաջացնող հիմնական նյութը, սակայն այն միակը չէ: Գիտնականները պարզել են, որ ծխողներն ունեն  մոնոամինօքսիդազ ֆերմենտի ցածր մակարդակ, որն արագացնում է  տարբեր նեյրոմեդատորների, այդ թվում՝ դոֆամինի տրոհումը: Մոնոամինօքսիդազ ֆերմենտի ցածր մակարդակը բերում է դոֆամինի բարձր մակարդակին: Իսկ հաճույքի զգացողությունը պահպանելու համար մարդիկ շարունակում են ծխել:

Նիկոտինը՝ որպես այդպիսին համեմատաբար անվնաս է, սակայն սիգարետները պարունակում են  առողջության համար խիստ վնասակար բազմաթիվ այլ նյութեր ևս:  

Շարունակելի…

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru