Առողջ ապրելակերպի շատերն են ձգտում, հատկապես նրանք, ովքեր ավելորդ քաշ ունեն: Բայց երբեմն այնպես է ստացվում, որ ո՛չ առողջ սննդակարգը, ո՛չ ֆիզիկական ակտիվությունը արդյունք չեն տալիս. կիլոգրամները ոչ միայն չեն նվազում, այլեւ ավելանում են:

«Ոչինչ չեմ ուտում, բայց գիրանում եմ»,- նիհարել փորձող մարդկանցից հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը: Պարզվում է՝ խնդիրը հոգեբանական է:

Doctors.am-ը թեմայի շուրջ զրուցել է Սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանի հետ:

Սթրեսի եւ գիրանալու կապը

Սթրեսի ժամանակ վարքային կամ ֆիզիոլոգիական հակազդեցությունը սննդի նկատմամբ առաջացնում է կամ ակտիվություն, կամ պասիվություն: Այսինքն, ոմանց մոտ սթրեսի ժամանակ նկատվում է ախորժակի անկում, ոմանց մոտ, հակառակը, շատակերություն: Սա, անշուշտ, հոգեբանական խնդիր է: Սթրեսից փորձում են հեռանալ՝ կենտրոնանալով այդ գործընթացի վրա:  Դա, իհարկե, ոչ արդյունավետ տարբերակ է: Սթրեսի հաղթահարման ժամանակ կարեւոր է ակտիվ ստրատեգիան, այսինքն՝ գիտակցել սթրեսի պատճառը:

Եթե սթրեսի պատճառը հենց գիրանալն է

Օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները եւ հատկապես արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունները մարդն առավել զգայուն է ընդունում, եւ բնական է, որ դրանք կարող են առաջացնել սթրեսային վիճակ:

Նախ, պետք է հասկանալ գիրանալու պատճառը, որոնք, օրինակ, կարող են լինել չլուծված հոգեբանական խնդիրները: Այդ դեպքում, իհարկե, մասնագետի օգնությամբ պետք է դուրս բերվեն այդ խնդիրները եւ հաղթահարվեն: Գիրանալու պատճառ կարող է լինել նաեւ գենետիկ նախատրամադրվածությունը: Մարդը շատ չի ուտում, բայց հակված է գիրանալու: Հաճախ գիրացման պատճառ է լինում նաեւ նստակյաց աշխատանքը: Այստեղ մեզ կօգնի ֆիզիկական ակտիվությունը:

Եթե մարդը գիտի, որ իր գիրանալու պատճառը հոգեբանական է, ապա անհրաժեշտ է անցնել անհատական հոգեբանական խորհրդատվություն, որպեսզի հասկանանք, թե որն է դրա իրական պատճառը: Մեծամասամբ դա մարդու ցածր ինքնագնահատականի, անինքնավստահության պատճառով է, որից տուժում է եւ իր հանդեպ դրական վերաբերմունքը, եւ նաեւ շփումներում ներդաշնակությունը նվազում է, մարդը փորձում է զերծ մնալ հաջողություններից, այսինքն՝ իրեն շանս կտրվի, բայց ինքը կխուսափի՝ մտածելով, որ դա իրեն չի հաջողվի:

Ցածր ինքնագնահատական

Յուրաքանչյուր մարդ ունի  ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հատկանիշներ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Իհարկե, խրախուսելի է, որ մարդը կարող է ընդունել իր բացասական հատկանիշները, բայց կարեւոր է նաեւ գիտակցել, որ ինքն ունի դրական կողմեր, ձեռբքերումներ, որոնք իրեն դարձնում են յուրօրինակ: Մարդը ինքը պետք է իրեն ընդունի եւ սիրի այնպիսին, ինչպիսին կա: Սերը ինքդ քո հանդեպ բաց է դարձնում քեզ շրջապատի հետ շփման մեջ եւ զերծ պահում տարբեր խնդիրներից: Մեկի մոտ դա կարող է լինել գիրանալը, մյուսի մոտ՝ այլ դրսեւորումներ, բայց եթե պատճառը հոգեբանական է, ուրեմն մարդը ցածր ինքնագնահատական ունի: Այդ մարդն ուրեմն չի նկատում այն դրականը, որն ունի միայն ինքը եւ որով ինքը տարբերվում է մյուսներից: Մարդը պետք է սկսի սիրել իրեն, հոգ տանի իր մասին, բայց դա, իհարկե, չպետք է լինի միայն հոգեբանական տեսանկյունից: Սկսած քնի ռեժիմից, սննդակարգից, ֆիզիկական ակտիվությունից, մինչեւ՝ սթրեսակայունության զարգացում:

Ինչու է կարեւոր սթրեսակայուն լինելը

Սթերասակայունությունը մեզ տալիս է սթրեսի կառավարման հնարավորություն: Ժամանակակից կյանքում սթրեսորները շատ են, եւ մարդը պետք է իր սթրեսակայունության ռեսուրսը սնուցի, որպեսզի զերծ մնա սթրեսի քրոնիկական դառնալուց: Մենք բուն սթրեսից չենք կարող մեզ զերծ պահել, բայց կարող ենք խուսափել դրա քրոնիզացիայից: Սթրեսակայունությունը անհատական առանձնահատկություն է, որն իր մեջ ներառում է հոգեբանական գործոն՝ սեփական անձի իրատեսական, ադեկվատ գնահատական, լավատեսություն, որի մեջ մտնում է դրական մտածողությունը: Չէ՞ որ մեր մտքերը մեզ տալիս են համապատասխան հուզական վիճակ եւ վարքային դրսեւորում:

Սթրեսակայունությունը սերտորեն կապված է իմունիտետի հետ, ուստի պետք է հետեւել նաեւ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը: Մեզ պետք են վիտամիններ, որպեսզի մեր իմունիտետը ամուր լինի, որպեսզի սթրեսի դեպքում մենք շարունակենք նույն աշխատունակությունը պահել:

Դիմե՞լ մասնագետի օգնությանը, թե՞ ոչ

Հնարավոր է կյանքի սթրեսները ինքնուրույն հաղթահարել, բայց մարդն այնքան հոգեբանական ռեսուրսներ ունի, որոնց մասին անգամ չգիտի, եւ մասնագետի օգնությամբ դրանք հնարավոր է դուրս բերել:

Շատ արդյունավետ է արտթերապիան, որը շատ ճյուղեր ունի՝ նկարչաթերապիա, երաժշտաթերապիա: Կուզեմ բարձրաձայնել նաեւ էկոթերապիայի մասին: Անգամ կարճատեւ շփումը բնության հետ մեզ օգնում է զերծ մնալ սթրեսի հաճախականությունից եւ նույնիսկ դեպրեսիայի հավանականությունից:

Մասնագիտական առումով, իհարկե, խորհրդատվությունը ցանկալի է, անկախ նրանից՝ մենք ունենք հոգեբանական խնդիրներ, թե՝ ոչ: Սովորաբար մասնագետին դիմում են, երբ արդեն ինչ-որ բան անհանգստացնում է, բայց շատ ավելի արդյունավետ է, երբ փորձում ենք մեր ռեսուրսներն այնքան ակտիվացնել, որպեսզի զերծ մնանք հնարավոր հետեւանքներից:


Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը