Ճերմակ ժպիտ ունենալը այսօր գեղեցկության խորհրդանիշներից է։ Սակայն հազվագյուտ հաջողակներն են նման նվեր ստանում բնությունից։ Հաճախ ատամի էմալի գրավիչ երանգ ստանալու համար պետք է մեծ ջանքեր գործադրել։ Այս մասին այսօր խոսել ենք բժիշկ-ստոմոտոլոգ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Աշոտի Ավետիսյանի հետ։

Ի՞նչն է ազդում ատամների գույնի փոփոխության վրա։

Ատամների գունափոխությունը (դիսկոլորիտ) ստոմատոլոգիայի արդիական խնդիրներից է: Եթե նախկինում պացիենտները ավելի հաճախ դիմում էին ստոմատոլոգի՝ ատամնացավի առկայության պատճառով, ապա ներկայումս նրանք ավելի շատ են ուշադրույուն հատկացնում ատամների գեղագիտական տեսքին, այդ թվում` երանգին:

Ատամների գունափոխությունը կարող է պայմանավորված լինել էնդոգեն և էկզոգեն տարբեր գործոններով: Դրանք կարող են լինել բնածին կամ ձեռքբերովի: Տարիքին զուգընթաց ատամները գունափոխվում են՝ ձեռք բերելով ավելի մուգ երանգներ, քանի որ էմալը մաշվում է և մերկանում է ավելի մուգ երանգ ունեցող դենտինը: Սակայն կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ատամների վաղաժամ գունափոխության պատճառ դառնալ: Դրանք հիմնականում պայմանավորված են պացիենտների կենսակերպով, աշխատանքային պայմաններով, ժառանգական կամ ձեռքբերովի մի շարք հիվանդություններով, ատամների որոշ բուժական միջամտությունների համար կիրառվող նյութերով ու միջոցներով, որոշ մանրէներով, սնկերով, տարիքով և սովորություններով,  ինչպիսիք են սնման առանձնահատկությունները, բերանի խոռոչի անհատական հիգիենայի մակարդակը, ծխելը, տարբեր պրեպարատների/դեղամիջոցների կիրառումը և այլն:

Ի՞նչ տարբերակներով է հնարավոր սպիտակեցնել ատամները։ Ե՞րբ է անհրաժեշտ դիմել ստոմատոլոգի։

Ի սկզբանե պետք է նշել, որ յուրաքանչյուր մարդ տարին 1-2 անգամ պետք է այցելի ստոմատոլոգի՝ բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա իրականացնելու նպատակով: Ավելին. հաճախակի զննումները հնարավորություն կտան ախտորոշելու բոլոր խնդիրները վաղ փուլերում և ավելի արդյունավետորեն պայքարել դրանց դեմ:

Ատամների գույնի և էսթետիկայի բարելավման բազմաթիվ միջոցներ կան: Առաջին հերթին պետք է հստակեցնել տվյալ պացիենտի ատամների գունափոխության պատճառը, աստիճանը, որից հետո մտածել հնարավոր լուծումների մասին` ընտրելով սպիտակեցման տնային (բժշկի նշանակմամբ և հսկողությամբ), մասնագիտական (այդ թվում` դեվիտալ ատամների ներքին սպիտակեցումը), կոմբինացված եղանակներից մինչև ինվազիվ մեթոդներ: Սպիտակեցման որևէ մեթոդ ընտրելիս ու նշանակելիս պետք է հիմնվել տվյալ պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունների, բերանի խոռոչի` ատամների, պարօդոնտի, լորձաթաղանթի անհատական վիճակի վրա` հստակեցնելով և հիմնավորելով տարբեր մեթոդների կիրառման ցուցումներն ու հակացուցումները, վերահսկելով հնարավոր բարդությունների ռիսկերը, պլանավորելով վերջիններիս կանխարգելումը, հարկ եղած դեպքում` անխուսափելի հետևանքների շտկումը: Ամենապարզ միջոցը, որն արդեն նշեցի, ատամնաքարերի հեռացումն ու ատամների փայլեցումն է մածուկով կամ օդաաբրազիվ (Air Flow) եղանակով: Եթե բերանի խոռոչի վիճակը թույլ է տալիս և ատամներն ինտակտ են, ապա կարելի է իրականացնել սպիտակեցում տարբեր եղանակներով (քիմիական, լուսային, լազերային և այլն): Ատամների ախտահարմամբ պայմանավորված գունափոխությունների դեպքում կարող են կիրառվել վերականգնման ավելի ինվազիվ մեթոդներ, ինչպիսիք են միկրոհղկումը, կոմպոզիտային և կերամիկական վերականգնումները: Հարկ է նշել, որ ըստ ցուցումների սպիտակեցման որևէ մեթոդ ընտրելիս պետք է հաշվի առնել գունաբացման թույլատրելի աստիճանը և չտարվել ճերմակացման գայթակղությամբ, քանի որ գերսպիտակեցումը ոչ միայն էսթետիկական առումով ճիշտ չէ, այլ նաև կարող է հանգեցնել ատամների հյուսվածքների խորը վնասման: Ատամը կարող է դառնալ խամրած (փայլատ), ծակոտկեն ու թափանցելի և կարող է հեշտությամբ ախտահարվել:

Ի՞նչ անել, որպեսզի մինիմալի հասցնել ատամների գունափոխությունը։

Ատամների գունափոխության պատճառները հստակեցնելուց հետո, պետք է մատչելիորեն բացատրել պացիենտին` հնարավորության դեպքում հետագա դիսկոլորիտները կանխելու նպատակով: Եթե տվյալ պացիենտի դեպքում առկա են ատամների գունափոխության ռիսկային գործոններ, ապա դրանք պետք է նվազագույնի հասցնել կամ դրանց գոյությունն իսպառ  բացառել: Ատամների գունափոխություն առաջացնող` վնասակար սովորություններով պայմանավորված գործոններից հատկապես պետք է նշել ծխախոտ ծխելը: Վերջինս, առաջնայնորեն թիրախավորելով բերանի խոռոչը, նպաստում է ոչ միայն ատամների գունափոխությանը, այլև պարօդոնտի և բերանի խոռոչի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառական գործոններից է, որը կարող է հանգեցնել նաև ընդհանուր օրգանիզմային մակարդակում տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների: Կան մի շարք հետազոտություններ, ըստ որոնց ներկայումս առաջարկվող տաքացվող սարքերով կիրառվող ծխախոտն ավելի քիչ է գունափոխում ատամները, ինչի պատճառով տաքացվող սարքերով ծխախոտը կիրառվում է, որպես այլընտրանք։ Այնուամենայնիվ առողջությունը խնայելու լավագույն միջոցներից մեկը վնասակար սովորություններից, տվյալ դեպքում` ծխելուց ամբողջությամբ հրաժարվելն է։ Պետք է վարել առողջ ապրելակերպ` <<Առողջ հոգի` առողջ մարմնում >> սկզբունքով: