Երեխան սկսում է հետաքրքրվել իրեն շրջապատող աշխարհով, արագ թեքում է գլուխը լավ ծանոթ ձայնի կողմը և երկար ուսումնասիրում իրեն դուր եկած առարկաները:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

- Ծիծաղել, ուրախանալ, բարձր ու սուր ձայնով ճչալ և ջղայնացած գոռալ:

- Բռնել առարկաները և մի ձեռքից մյուսը փոխանցել:

- Հայացքը փոխանցել և թեքվել դեպի այն կողմը, որտեղ նրան ինչ-որ բան է հետաքրքրում:

- Խաղալ իր թաթիկներով ու տոտիկներով:

- Բավականին ճարպկորեն բռնել փոքր առարկաները:

- Զգուշանալ անծանոթ մարդկանցից:

Ատամները

Տարբեր երեխաների ատամները տարբեր ժամանակ են հայտնվում, բայց առաջին ատամը սովորաբար ծլում է 6-10 ամսական հասակում: Այդ գործընթացը տարբեր երեխաների համար տարբեր ձևով է ընթանում, մի մասինը շատ ցավոտ է, մյուսների ծնողները չեն էլ նկատում, թե ինչպես է ծլել փոքրիկի առաջին ատամը: Ենթադրվում է, որ ատամների հայտնվելու ժամանակը պայմանավորված է ժառանգականությամբ: Ատամները ծլելուց մի քանի շաբաթ կամ ամիս առաջ հայտնվում են բոլոր նշանները: Առաջին և ամենից հաճախ հանդիպող նշանն առատ քրտնարտադրությունն է: Դրանից կզակի ու բերանի շրջակա մաշկը թեփոտվում է, առաջանում են մանր ճաքեր, որոնք բուժելու համար հարկավոր է մանկական կրեմ քսել: Ատամների դուրս գալու մյուս նշանը երեխայի` ինչ-որ բան կծելու կամ ծամելու ցանկությունն է: Նա սկսում է կրծել այն ամենը, ինչ ձեռքն ընկնի, քանի որ առարկան լնդերին սեղմելով` մեղմում է դրանց ցավը: Եթե փոքրիկը շատ է տանջվում, կարելի է նրան օգնել` մատով լնդերը տրորելով, ատամների օղակ կամ մաքրած գազարի կտոր տալով: Փոքրիկի ցավերը կմեղմանան:
Ատամները հայտնվելուց առաջ լնդերի նուրբ հյուսվածքը բորբոքվում է, կարմրում ու դառնում ցավոտ: Փոքրիկն այդ ժամանակ երբեմն ձգում է ականջը կամ տրորում այտը, քանզիատամի ցավը նյարդային ճանապարհով տարածվում է: Դա ավելի հաճախ պատահում է հիմնական ատամները ծլելու ժամանակ: Եթե երեխան պարզապես տառապում է, կարելի է նրան իր հասակին համապատասխան չափաբաժնով պարացետամոլ խմեցնել: Պետք է ուշադիր հետևել, որ ատամների ծլելը չուղեկցվի հիվանդագին երևույթներով` լուծ, դողէրոցք կամ ականջների ուժեղ ցավ: Եթե անհանգստանալու առիթ կա, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Լրացուցիչ սննդով կերակրելու սկիզբը

Վեց ամսական երեխայի օրաբաժնի մեջ կարելի է ավելացնել կոշտ սնունդ: Դրանից առաջ հարկավոր է հավաստիանալ, որ նա գլուխը լավ է պահում: Եթե նա մոր գրկում, առանց օգնության չի կարողանում գլուխն ուղիղ պահել, նշանակում է` նրան տրորած սնունդ կամ պյուրե տալը դեռ վաղ է: Պինդ սնունդը երեխան պիտի ուտի ու ծամի ուղիղ վիճակում, իսկ գլուխն ուղիղ չպահող փոքրիկի վզի մկանները բավարար չափով զարգացած չեն և նա չի կարող ծամել:
Պինդ սնունդը երեխայի օրաբաժին մտցնելիս պետք է շատ զգույշ լինել: Սկզբում երեխան այն ծծում է գդալից, բայց որպեսզի կարողանա նորմալ ուտել, պիտի անհետանա նրա բնածին ունակությունը` փոքրիկի լեզուն բերանից ինքնաբերաբար դուրս է հրում օտար առարկաներն ու նյութերը, որպեսզի չխեղդվի: Եթե կոշտ սննդով կերակրելու փորձերի ժամանակ երեխան դուրս է թքում ուտելիքը, ուրեմն նա պատրաստ չէ ուրիշ բան ուտելու: Բացի դրանից, գդալով ուտելու համար երեխան պիտի կարողանա լայնացնել ներքևի շուրթը:
Երեխայի` սովորական սննդով սնվելուն պատրաստ լինելու մյուս նշանը հետաքրքրությունն է մեծերի կերակուրների նկատմամբ: Եթե նա ուշադիր հետևում է մեծերի ուտելուն, հուզվում է, փորձում մի բան թռցնել սեղանի վրայից, ուրեմն փորձում է հասկացնել, որ կաթից բացի կարող է ուտել նաև ավելի <<էական բաներ>>: Բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է սկսել նրան պինդ սննդով կերակրելը:

6-9 ամսական երեխաների մերսման և մարզման առանձնահատկությունները

Վարժությունների համախմբի մեջ մտցվում են ակտիվ շարժումներ, որոնք երեխային սողալու, նստելու և կանգնելու են նախապատրաստում: Ստորև բերում ենք հանձնարարելի վարժությունների մի համախումբ:

1. Ձեռքերի շրջանաձև շարժումներ
(վարժությունը պասսիվ է)

Ելման դրությունը-փոքրիկին պառկեցրեք մեջքի վրա, և թող նա բռնի Ձեր բթամատերից:
Կատարումը-երեխայի ուղղված ձեռքերով շրջանաձև շարժումներ կատարեք (երկու ուղղությամբ էլ):
Կրկնեք 4-6 անգամ:
Նպատակը` նպաստել շնչառության խորացմանը, ամրացնել ուսագոտու մկանները:

2. Ուղղված ոտքերի բարձրացում
(վարժությունը պասսիվ է)

Ելման դրությունը-փոքրիկին պառկեցրեք մեջքի վրա և բռնեք նրա սրունքներից այնպես, որ Ձեր բթամատերը լինեն սրունքի հետին մակերեսին, իսկ մյուս մատները` ամուր բռնեն ծնկները այնպես, որ դրանք չծալվեն:
Կատարումը-երեխայի ոտքերը ուղղաձիգ վեր բարձրացրեք և իջեցրեք:
Կրկնեք 4-6 անգամ:
Նպատակը` ամրացնել որովայնի կծկվող մկանները և ոտքերի մկանները:

3. Ոտնաթաթերի մերսում

Ոտնաթաթերի մերսման բոլոր վարժությունները կրկնեք 4-6 անգամ:

4. Ուսերը հետ տանել

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք փորի վրա, և թող նա բռնի Ձեր ցուցամատերը, ձեռքերը ուղղված են, գլուխը մի քիչ բարձրացած է սեղանից:
Կատարումը-արմունկների մոտ ծալեք երեխայի ձեռքերը` սեղմելով կրծքավանդակի կողքերին: Ընդ որում փոքրիկի ուսերը հետ են գնում, մինչև թիակները հնարավորին չափ մոտանան:
Կրկնեք 1-2 անգամ:
Նպատակը` ամրացնել ուսագոտու մկանները:

5. Կրծքավանդակի մերսում

Կրծքավանդակի մերսման բոլոր վարժությունները կրկնեք 6-8 անգամ:

6. Ձեռքերի փոխնիփոխ ծալում ու ուղղում
(վարժությունը պասսիվ է)

Ելման դրությունը-երեխային նստեցրեք կամ պառկեցրեք` բռնելով նրա դաստակներից:
Կատարումը-արմնկահոդում և ուսահոդում փոխնիփոխ կատարեք ձեռքերի ծալում և ուղղում:
Կրկնեք 6-8 անգամ:
Նպատակը` ամրացնել ձեռքերի և ուսագոտու մկանները:

7. Շրջում` մեջքից փորի վրա

Այս վարժությունը կատարեք 1-2 անգամ:

8. Նստելը
(մեկ ձեռքից բռնած)

Ելման դրություևը- երեխային պառկեցրեք մեջքի վրա, մի ձեռքով ամուր բռնեք երեխայի ծունկը, որ չծալվի, մյուսով բռնեք դեպի կողք բացված ձեռքից:
Կատարումը-քաշելով երեխայի ձեռքից, << Նստիր, նստիր >>ասելով` հորդորեք նրան նստել:
Կրկնեք 1-2 անգամ:
Նպատակը` ամրացնել փորի կծկվող մկանները, զարգացնել նստելու ընդունակությունը:

9. Սողալը (պասսիվ-ակտիվ վարժություն)

Ելման դրությունը- երեխային պառկեցրեք փորի վրա` նրա դեմ դնելով վառ գույնի որևէ խաղալիք, ոտքերը ծալած են:
Կատարումը-աջ ձեռքով բռնելով երեխայի ոտնաթաթից` հորդորեք նրան սողալ: Եթե երեխան չի տեղաշարժվումՁեր ձախ ձեռքը դնելով նրա կրծքի տակ` մի փոքր առաջ հրեք նրան:
Կրկնեք 4-6 անգամ:
Նպատակը` ամրացնել ոտքի, որովայնի և թիկունքի մկանները, զարգացնել սողալու ընդունակությունը:

10. Քայլ գցելը

Ելման դրությունը-երեխային դրեք ձեր դիմացը և բռնեք արմունկների մոտ ծալած ձեռքերի դաստակներից:
Կատարումը- << Քայլիր, քայլիր >> բառերով հորդորեք նրան 5-6 քայլ գցել:
Կրկնեք մի քանի անգամ:
Նպատակը` ամրացնել ոտքերի և իրանի մկանները, զարգացնել քայլելու ընդունակությունը:
Պարապմունքների ընդհանուր տևողությունը 8-10 րոպե:

Ինքնակառավարման հմտություն

Փոքրիկը շատ շարժուն է, ինքնուրույն կարող է նստել, ճիշտ է, առայժմ ստիպված է ինչ-որ բանից բռնել: Շուտով նա կկռահի, որ կարելի է փորիկի վրա պառկած մի քիչ տեղաշարժվել` հատակից հրվելով: Դա սողալու նրա առաջին փորձն է, բայց երեխաների մեծ մասը սկզբում հետ է սողում: Եթե երեխան ջղայնանում է, որ չի կարողանում հասնել այնտեղ, որտեղ ուզում է, չպետք է նրան օգնել: Պետք է խաղալիքը դնել այնտեղ, ու նա մենակ կհասնի կամ ձեռքերի ափերը պահել տոտիկների տակ, այնպես, որ նա հենվել կարողանա: բայց պետք չէ խաղալիքը շատ մոտ տեղ դնել, որովհետև նա կկորցնի հետաքրքրությունը և երկար ժամանակ չի սովորի սողալ:
Երեխայի ձգվելու, առարկաները բռնելու հմտությունը օրեցօր կատարելագործվում է, և հարկավոր է ամեն օր օգնել նրան այդ հարցում` խաղալիքները հեռացնելով այնքան, որ նա դրանց հասնի հետ առաջ, աջ կամ ձախ սողալով: Երեխայի` դեպի առարկաները ձգվելու ունակության զարգացմանն օգնում են մահճակալի վրա կախված խաղալիքները: Փոքրիկը սովորում է խաղալիքները ձեռքում պահել և ափից-ափ տեղափոխել: Կարելի է երեխայի գործն ավելի բարդացնելու համար նրան տալ երկու խաղալիք` ամեն ձեռքում մեկը: Նա կսովորի դեպի մորը ձգել երկու ձեռքերը: Փոքրիկին չխկչխկան խաղալիք տալիս պետք է մի քիչ խաղալ դրանով, ու նա արագ կբռնի խաղալիքը, կսկսի դիտմամբ աղմկել, որ կրկնի քիչ առաջ լսած ձայները:
Խաղալիքը գցելուց հետո երեխան հետևում է նրան մինչև գլորվելու վերջը, իսկ եթե խաղալիքը նրա տեսադաշտից հեռանա, նա կկորցնի հետաքրքրությունն ու կմոռանա դրա մասին: Թվում է, թե փոքրիկը հասկանում է իր շուրջը կատարվածը, քանի որ թեքում է գլուխը, աչքերով հետևում իր ուշադրությունը գրաված առարկաներին, հետաքրքրությամբ դիտում մեծերի գործողությունները, եթե նրանք սենյակի մյուս անկյունում են գտնվում: Երբ նա ինչ-որ բանի վրա է սևեռում իր հայացքը, աչքերը միաժամանակ շարժվում են նույն ուղղությամբ: Բայց եթե այդ հասակում նա դեռ շլում է աչքերը (մի աչքը դեպի ներս կամ դուրս է նայում), պետք է փոքրիկին ակնաբույժի մոտ տանել:
Այդ հասակում փոքրիկը շատ է բլբլում, արձակում մեղեդային, միօրինակ ձայնավոր հնչյուններ, արտասանում պարզ վանկեր, ինչպես օրինակ` << ա-ա >>, << է-դա >> և << է-լէ >>: Խաղալու ժամանակ նա ուրախ ծիծաղում է և հրճվալու ձայներ արձակում, իսկ զայրույթն ու դժգոհությունն արտահայտում է բարձր ճիչերով:

Մտավոր զարգացումը

Երեխան դեռ շատ փոքր է` նրա մտավոր ունակությունների ու շարժողական համակարգի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Երեխայի մտավոր զարգացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ` առողջական վիճակը, սնունդը, մեծերի ու հասակակիցների հետ հաղորդակցվելը, անգամ վնասվածքները: Փոքրիկի զարգացումը կախված է ծնողներից` երեխային նրանց տրամադրած ժամանակից, ուշադրությունից, նրանից, թե ինչքան ժամանակ են նրա հետ զրուցում կամ խաղում, զբաղվում մարմնամարզությամբ:

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am