Ութ ամսական փոքրիկը սկսում է տարբերել իր հետ հաղորդակցվող մարդկանց: Մարդամոտ ու սիրալիր փոքրիկը, անծանոթ մարդ տեսնելով, հանկարծ կարող է մռայլվել, դառնալ անմարդամոտ: Եթե մայրը նրան անծանոթ մարդու հետ մենակ թողնի, հանկարծ կսկսի արտասվել խոշոր արցունքներով, չնայած դրանից մի քիչ առաջ նա աշխույժ էր, առույգ ու երջանիկ: Մոտավորապես մեկ ամիս անց սենյակում մենակ մնացած փոքրիկը կարող է հիվանդանալ այսպես կոչված մենության, բաժանման վախով:
Եթե փոքրիկն ունի այդպիսի վախի զգացում, կսկսի անհանգստանալ ոչ միայն մորը, այլև ընտանիքի մյուս անդամներին իր կողքին չտեսնելու դեպքում: Երեխայի այդ վախը բուժելու ամենահեշտ միջոցը նրան ընտանեկան սովորական միջավայրում, սիրած խաղալիքների ու ծանոթ մարդկանց կողքին պահելն է: Մայրը տնից պետք է դուրս գա առանց փոքրիկին հրաժեշտ տալու, նրա համար աննկատ և շատ կարճ ժամանակով:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

- Կանգնել, երբ նրան կանգնեցնում են պինդ մակերևույթի վրա:

- Պառկած վիճակից ինքնուրույն նստել:

- Ձեռքով բռնել մանր առարկաներ, օրինակ` չամիչ:

- Թեքվել դեպի ծանոթ ձայնի կողմը:

- Շարժվել դեպի հեռվում դրված խաղալիքը:

Սեփական սեռական օրգանների հայտնաբերումը

Այս հասակում փոքրիկը սկսում է հետաքրքրություն դրսևորել սեփական սեռական օրգանների նկատմամբ: Դա նրա զարգացման անխուսափելի ու բնական փուլերից է` ճիշտ այնպես, ինչպես իր թաթիկներով կամ խաղալիքներով խաղալը, որ այնպես սիրում էր առաջ: Սեռական օրգաններին հպվելը չի վնասում փոքրիկին, և չի կարելի նրան ամոթանք տալ կամ պատժել դրա համար: Տղաները երբեմն կյանքի առաջին օրերից սկսած էրեկցիա են ունենում: Դա շատ զգայուն սեռական օրգաններին հպվելու արդյունք է: Աղջնակները շատ վաղ հասակից ծլիկի գրգռումներ են ունենում, բայց դա կարող է և չնկատվել:

Մանկական գրքեր

Ութ ամսական երեխան առաջին անգամ ինքնուրույնություն է դրսևորում` խաղալիք է տալիս մեծերին կամ նրանց հետ խաղում: Փոքրիկը պաշտում է իր փոքր հայտնագոևծությունների փորձը կիսել մեծերի հետ: Այդ հասակում հետաքրքրասեր փոքրիկին կարելի է ծանոթացնել առաջին գրքերին, նստել նրա կողքը, կարդալ գիրքը և ցույց տալ գրքի նկարները: Սկզբում նրան գրավում են համաչափ ձայնը, առանձին բառեր կամ նկարները: Փոքրիկի համար գիրք կարդալիս հարկավոր է դանդաղ խոսել` հարկավոր տեղերը որևէ հնչյունով ուղեկցելով, օրինակ` << մուու >>, երբ նկարում կով է պատկերված: Ընթերցանությունը կդառնա փոքրիկի սիրելի զբաղմունքներից մեկը:

Հերթական այցելությունը բժշկին

6 ամսական փոքրիկին հերթական այցելության են տանում բժշկի մոտ, ով կստուգի նրա ֆիզիկական ու հոգեբանական համապատասխանությունը իր հասակին:
Բժիշկը նորից կզննի փոքրիկի ազդրերը, տոտիկները, որպեսզի համոզվի, որ նա ազդրի բնածին հոդախախտում չունի, կստուգի նաև արտաքին սեռական օրգանները: Նա ամպայման կստուգի նաև փոքրիկի լսողությունը: Դրա համար մշակված է հատուկ թեսթ, 2 վայրկյան ծլնգացնում են փոքրիկի տասադաշտից դուրս գտնվող զանգակը և հետևում` կթեքվի նա դեպի ձայնի կողմը թե ոչ: Բժիշկը կստուգի նաև փոքրիկի տեսողությունը, այդ հասակում նա աչքերը չպիտի շլի: Նա կլսի երեխայի սրտի աշխատանքը, կհետաքրքրվի` երեխան դժվարացած ու խզզացող շնչառություն չունի՞: Երեխային կշռում են, չափում հասակը և գլխի շրջագիծը:
Ծնողներն իրենց անհանգստացնող բոլոր հարցերը պետք է քննարկեն բժշկի կամ բուժքրոջ հետ, որպեսզի նրանց համար փոքրիկի կերակրման կամ դաստիարակության հետ կապված անհայտ ոչինչ չմնա:

Նյութի Էլեկտրոնային սլզբնաղբյուրը` Doctors.am