Մի տեղից մյուսը շարժվելու հմտությունը երեխայի ամենամեծ ձեռքբերումներից է, որը նրա փոքրիկ աշխարհում նոր հնարավորություններ է ստեղծում: Ամեն երեխա ունի տեղաշարժվելու իր եղանակը, մեկը սողում է ծնկների վրա, մյուսը ծալվում է ամբողջ մարմնով, մի քանիսը պարզապես կողքից-կողք են թեքվում: Մի քանի երեխաներ հետ են սողում: Մի շարք ուսումնասիրություններ հաստատում են, որ չորեքթաթ սողացող կամ նստած տեղից ինքնուրույն կանգնել կարողացող փոքրիկներն ավելի շուտ են սկսում քայլել, քան նախապես շարժվելու մյուս եղանակներն ընտրած երեխաները: Բայց դա չի նշանակում, թե այս երեխաներն իրենց հասակակիցներից ավելի ճարպիկ են:
Փոքրիկն արդեն ամուր հենվում է տոտիկների վրա, նույնիսկ կարող է մոր ձեռքը բռնած մի քիչ կանգնել: Մեկ-րկու ամիս անց նա կսովորի բարձրանալ տեղից և կսովորի ոտքի կանգնել:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

- Մոր օգնությամբ ամուր հենվել ոտքերի վրա:

- Առանց հենվելու նստել:

- Նայել ընկնող առարկաներին:

- Թոթովել` համադրելով ձայնավոր ու բաղաձայն հնչյունները:

- Ձեռքերով ուտել:

- Սողալ:

Աջլիկ, թե ձախլիկ ճարպկություն

Այդ հասակում արդեն լավ է երևում, թե երեխան որ ձեռքով է նախընտրում խաղալ: Փոքրիկին պետք է խաղալիք առաջարկել, ու հետևել, թե որ ձեռքով է վերցնում: Եթե մշտապես նույն ձեռքով է վերցնում առարկաները, ամենայն հավանականությամբ այդ ձեռքին է նախապատվություն տալիս: Բայց դա դեռևս նրա վերջնական ընտրությունը չէ: Հաճախ 9 ամսական կամ մեկ տարեկան հասակում նա սկսում է օգտագործել մյուս ձեռքը:
Հենց որ փոքրիկն սկսի համաձայնեցնել երկու ձեռքերի շարժումները, պետք է նրան այնպիսի իր տալ, որը հարմար է մեկ ձեռքով բռնել ու մյուսով ինչ-որ գործողություններ կատարել: Ամենահարմարը կաթսայի կափարիչն է, որով խաղալիս երեխան պարզորոշ ցույց է տալիս, թե ու ձեռքով է նախընտրում խաղալ, և հնարավոր կլինի որոշել, աջլիկ է, թե ձախլիկ, չնայած դա դեռ վերջնական որոշում չէ: Այդ հարցը կվճռվի մեկ տարի անց:
Այս հասակում փոքրիկն առարկաները ոչ թե ափով, այլ մատներով է բռնում, շատ է օգտագործում բութ մատը, որը կարծես թե առանձին է մյուս մատներից: երեխայի մատներն արդեն շատ ճարպիկ են, դրանցով նա բռնում է շատ մանր առարկաներ, օրինակ` չամիչ:
Պետք է խրոխուսել երեխայի հետաքրքրասիրությոևնը նոր գործողությունների նկատմամբ` երբեմն նրան թույլ տալով ինքնուրույն ուտել: Պետք է նրան տալ բաժակ, գդալ, ու հետևել, թե ինչ կանի դրանցով: Որպեսզի նա սովորի ինքնուրույն ուտել, սկզբում մայրն էլ է վերցնում գդալը, ու մինչ փոքրիկը փորձում է լուծել գդալով ուտելու դժվարին խնդիրը, մայրը գդալով կերակրում է նրան:
Փոքրիկի խոսքը դեռ չի կատարելագործվում, նա շատ է թոթովում` արտասանելով ձայնավոր ու բաղաձայն հնչյուններ: Փոխվում է նաև երեխայի լացը, արդեն տարբերակվում են ցածր ու բարձր տոների հնչյունները: Այս հասակում նա շուրթերի ու լեզվի ամենատարբեր շարժումներ է անում:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am