Վերքերը փափուկ հյուսվածքների վնասվածքներ են, որոնք ուղեկցվում են մաշկի և լորձաթաղանթի, երբեմն նաև խորը հյուսվածքների ամբողջականության խախտումով։ Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի պատճառով։ Վերջինս կարող է առաջացնել ցավային շոկ։
Ըստ վնասող առարկայի և վնասվածքի բնույթի՝ վերքերը կարող են լինել՝
• քերծվածք, որը մաշկի և լորձաթաղանթի մակերեսային վնասվածքն է,
• ջնջխված, որը կարող է առաջանալ բութ առարկայի ազդեցությունից կամ բարձրությունից վայր ընկնելուց,
• կտրած, ունեն ուղիղ չվնասված եզրեր, սովորաբար առատ արյունահոսում են,
• ծակած. առաջանում են սուր, ծակող առարկայի ազդեցությունից, դրանց արտաքին չափերը սովորաբար փոքր են, բայց դրանք բավականին խորն են, մեծ է վարակի տարածման և ներքին օրգանների վնասման վտանգը,
• պատռված, եզրերն անհարթ են, կան փափուկ հյուսվածքների բազմաթիվ վնասվածքներ, լավանալուց հետո կարող է կոպիտ սպի մնալ,
• հրացենային. կարող են լինել միջանցիկ կամ կույր, մեծ է արյունահոսության վտանգը։
Ըստ վտանգավորության աստիճանի՝ վերքերը կարող են լինել՝
• քիչ վտանգավոր` 2.5 սմ-ից փոքր չափերի, հեշտ դադարեցվող արյունահոսությամբ, մակերեսային,
• վտանգավոր՝ ավելի լայնատարած, խորը, ուժգին արյունահոսությամբ:
Վերքերի մշակումը
• Վերքը լվանալ օճառով և մաքուր ջրով։
• Վերքը մշակել հականեխիչ լուծույթով։
• Սպիրտային հիմքով նյութերը չքսել անմիջապես վերքի վրա, այլ դրանցով մշակել վերքի շրջակա մաշկը։
• Վերքը ծածկել կպչուն սպեղանիով կամ ստերիլ անձեռոցիկով՝ ընդգրկելով դրա շրջակա մաշկը մոտ 2 սմ տրամագծով։
• Եթե անձեռոցիկը սայթաքել է վերքից, այն փոխարինել նորով։
Վտանգավոր վերքերի մշակում
• Մի՛ փորձեք ինքնուրույն մշակել վերքը։
• Վերքի վրա տեղադրել ստերիլ անձեռոցիկ։
• Վիրակապել և դադարեցնել արյունահոսությունը։
• Զանգել շտապօգնություն։
• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային քայլեր։
Շոկ
Տարբեր պատճառներից (ցավ, այունահոսություն, այրվածք, ծանր վնասվածք) առաջացող արյան շրջանառության սուր անբավարարությունը, որի արդյունքում զարգանում է հյուսվածքների թթվածնային քաղց և խանգարվում է բջիջների և օրգանների կենսագործունեությունը, կոչվում է շոկ։
Շոկի նշանները՝
• հաճախացած, թույլ անոթազարկ,
• գունատ, սառը, խոնավ մաշկ,
• ծարավի ուժեղ զգացում,
• սրտխառնոց, փսխում,
• զարկերակային ցածր ճնշում,
• գիտակցության խանգարում։
Հակաշոկային քայլեր՝
• դադարեցնել շոկի պատճառ հանդիսացող գործոնի ազդեցությունը,
• հանգստացնել տուժածին և ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը,
• պառկեցնել և բարձրացնել նրա ոտքերը, եթե չկան դրան խանգարող վնասվածքներ և շնչառության դժվարացում,
• տալ քաղցր հեղուկներ (արգելվում է գիտակցությունը կորցրած վիճակում),
• զանգել շտապօգնություն։
Օտար մարմին վերքի մեջ
Եթե վերքն առաջացնող առարկան մնում է վերքի մեջ, այն չի կարելի հեռացնել, քանի որ դա կարող է հանգեցնել արյունահոսության։
Առաջին օգնությունը պահանջում է այդ առարկան ֆիքսել և տուժածին տեղափոխել հիվանդանոց։
Անհրաժեշտ է՝
• դադարեցնել արտաքին արյունահոսությունը,
• վերքի եզրերը սեղմելով` մոտեցնել դեպի օտար մարմինը,
• վերքի շուրջը տեղադրել ստերիլ անձեռոցիկներ, իսկ դրանց վրա՝ փաթույթային վիրակապի գլանակներ կամ այլ գործվածք,
• վիրակապել այնպես, որ գլանակները տեղում ամրացնեն օտար մարմինը՝ չշարժելով այն,
• տուժածին տեղափոխել հիվանդանոց կամ զանգել շտապ օգնություն:
Եթե վերքի մեջ ներթափանցում են մանր ավազահատիկներ, ապակու փոքր կտորներ կամ այլ մանր օտար մարմիններ, պետք է զգուշությամբ հեռացնել դրանք։
Անդամահատված վերքեր
Եթե վնասվածքի պատճառով պոկվել է մարմնի որևէ մաս (օրինակ՝ մատը), ապա այդպիսի վերքը կոչվում է անդամահատված:
Առաջին օգնություն
• Վիրակապել և դադարեցնել արյունահոսությունը վերքից։
• Անդամահատված մասը փաթաթել ստերիլ անձեռոցիկով և դնել պլաստիկ տոպրակի մեջ։
• Օդով լցնել այդ տոպրակը և ամուր կապել այն։
• Այդ տոպրակը տեղադրել սառույցով և սառը ջրով լցված մի այլ տոպրակի մեջ։
• Թղթի վրա գրել տուժածի անունը, դեպքը կատարվելու ժամը և ամրացնել այն տոպրակին։
• Անդամահատված մասով տոպրակը տուժածի հետ տեղափոխել հիվանդանոց:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am