Գինգիվիտ (լնդաբորբ), պարոդոնտիտ (հարատամնաբորբ)....հավանաբար այս հիվանդությունների անունները ծանոթ են միայն նրանց, ովքեր, ցավոք, առնչվել են դրանց հետ: 
Լնդաբորբը և հարատամնաբորբը լնդի ամենատարածված հիվանդություներն են, որոնց անտեսումը կամ ուշ բուժումը կարող է էապես փչացնել կյանքի որակը: Ի՞նչ անել լինդն առողջ պահելու համար, ինչպե՞ս հասկանալ լնդի հիվանդության հնարավոր ախտանշանները. այս և շատ այլ կարևոր հարցերի մասին խոսել ենք  ստոմատոլոգ-պարօդոնտոլոգ Լուսինե Հարութունյանի հետ:

Առհասարակ որքանո՞վ են տարածված լնդի հիվանդությունները և ինչպե՞ս են բնութագրվում:

Լնդի հիվանդություններն իրականում շատ տարածված են։ Նրանց յուրահատկությունն այն է, որ խնդիրը կարող է լինել, բայց անհատն ընդհանրապես չկռահի այդ մասին: Շատ հաճախ պատահում է, որ պացիենտների մոտ ռենտգեն հետազոտությամբ պատահաբար հայտնաբերվում է ատամը պահող ոսկրի բավական խոր դեստրուկցիա, որը հաճախ սկսված է լինում դեռահասության տարիքից: Հաճախ պացիենտները բավական երկար ժամանակ զբաղվում են ինքնաբուժմամբ և դիմում են մասնագետին, երբ նկատում են ատամների զգալի շարժունություն։ Պարզ է, որ այս դեպքում բուժման մոտեցումը բարդանում է, դառնում է բավական ժամանակատար և ֆինանսատար:

Նշեցիք, որ լնդի հիվանդությունները սովորաբար անախտանիշ ընթացք են ունենում, այնուամենայնիվ, կա՞ն որոշակի նշաններ, որոնց դեպքում պետք է անհանգստանալ և դիմել մասնագետի:

Լնդի խնդիրները բացահայտելու համար պետք է չափազանց ուշադիր լինել: Լնդի հետ կապված խնդիրների մասին կարող է վկայել անգամ լնդի քորը, բերանից տհաճ հոտը, լնդի գույնի փոփոխությունը (լնդի բնական գույնը բաց վարդագույն է, խնդրի դեպքում մգանում է և դառնում կարմրավուն կամ կապտակարմրավուն): Ահազանգ է նաև լնդի ցավը: Շատ ակնառու ախտանիշ է լնդից արյունահոսությունը, որը կարող է տարբեր աստիճանի լինել՝ խոզանակելու պահից սկսած մինչև առանց կողմնակի ազդեցության արյունահոսություն: 
Հիվանդության ավելի ուշ փուլերում ի հայտ է գալիս ատամի շարժունություն:
Լնդի հիվանդությունների սրացման դեպքում, որի պատճառներից են սթրեսները,  մրսածությունը, օրգանիմի ընդհանուր դիմադրողականության անկումը, առաջանում են սաստիկ ցավ, լնդից թարախային արտադրություն, այտուց: 

Իսկ ինչ կանխարգելիչ գործողություններ է անհրաժեշտ կատարել՝ լնդի հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար:

Առաջին հերթին կարևոր է բերանի խոռոչի ճիշտ հիգիենա իրականացնել, պետք է հասկանալ, որ միայն խոզանակումը շատ քիչ է, շատ կարևոր է նաև միջատամնային տարածությունների հիգիենան, որովհետև բերանի խոռոչի խնդիրները մեծամասամբ սկսվում են միջատամնային տարածություններից: Պետք է նախևառաջ ատամնաթելով /ֆլոս/ և/կամ միջատամնային խոզանակով մաքրել միջատամնային տարածությունները, այնուհետև՝ սովորական խոզանակով և մածուկով մաքրել ամբողջ ատամնաշարը: Եթե գործողություններն իրականացվում են հակառակ հերթականությամբ, ատամների մաքրման արդյունավետությունն նվազում է, քանի որ միջատամնային տարածությունները լցված են լինում սննդի մնացորդներով, և այդտեղ մածուկը լիարծեք չի կարողանում ազդել։ Այսպիսով, թվում է, թե լավ մաքրում են, սակայն իդեալական մաքրության զգացողություն չի լինում։ Սա հենց վերոնշյալի հետևանքն է:

Կա՞ն արդյոք ողողիչներ, որոնք կարող են կանխարգելել լնդի հիվանդությունները, օրինակ՝ Հեքսիլոկը:

Միշտ պետք է հիշել, որ ողողիչները լրացուցիչ միջոցներ են, երբեք չեն փոխարինում ատամի խոզանակին և ատամնաթելին ու միջատամնային խոզանակին։Կիրառվում են հստակ ցուցումներով։
Օրինակ՝ Հեքսիլոկի կամ քլորհեքսիդին պարունակող այլ  ողողիչի կարիք լինում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա և տարբեր վիրահատական միջամտություններ իրականացնելուց հետո: Այս դեպքում միջինում մեկ շաբաթ նշանակում ենք ողողումներ քլորհեքսիդին պարունակող ողողիչներով, քանի որ ապացուցվել է քլորհեքսիդինի ընկճող ազդեցությունը բերանի խոռոչի ախտածին մանրէների և ատամնափառ գոյանալու գործընթացի վրա: Բայց քանի դեռ իրականացված չէ պրոֆեսիոնալ հիգիենա (ատամնաքարերի մաքրում, փայլեցում) և ունենք արդեն ձևավորված ատամնանստվածք, ատամնափառ, ապա բերանի խոռոչի մանրէները շատ արագ կայունություն են ձեռք բերում ողողիչների ազդող նյութերի նկատմամբ և դրանք դառնում են ոչ արդյունավետ:
Կարևոր է նշել, որ եթե ողողիչը պարունակում է սպիրտ, ապա այդ լուծույթով ողողումը կարող է լորձաթաղանթի վրա առաջացնել փոփոխություններ, ընդհուպ մինչև՝ նախաքաղցկեղային վիճակ: Քլորհեքսիդին պարունակող ողողիչների երկարատև օգտագործումը հանգեցնում է ատամների գունափոխմանը շագանակագույն երանգի /հետո բավական դժվար է լինում ատամների բնական գույնը վերականգնել/, նաև առաջանում է համի զգացողության փոփոխություն:


Առհասարակ լնդի ի՞նչ հիվանդություններ կան:

Ընթերցողներին շատ չծանրաբեռնելու համար նշենք առավել հաճախ հանդիպող հիվանդությունները։

Լնդաբորբ

Իրականում բազմազան լնդաբորբեր կան։ Մեր պրակտիկայում մեծամասամբ հանդիպում ենք ատամնափառ-կախյալ լնդաբորբեր։ Ըստ ծանրության աստիճանի կարող են լինել թեթև, միջին, ծանր: Ըստ տարածվածության լինում են տեղային  տարածուն։ Ախտորոշիչ կարևոր նշանը լնդից արյունահոսությունն է։ Թեթև լնդաբորբի դեպքում անհատական հիգիենայի կարգավորումը երբեմն  բավարար է լինում այն բուժելու համար: Այսինքն թեթև դեպքերում մասնագետի կողմից կատարվում է բերանի խոռոչի անհատական հիգիենայի ինստրուկտաժ, միջամտության կարիք չի լինում: 

Պարօդոնտիտներ

Երբ բորբոքային պրոցեսը խորանում է, այսինքն լնդից տարածվում է ատամը պահող ոսկրի և կապանային ապարատի վրա, ապա գործ ունենք պարօդոնտիտների հետ: Նրանք սկսվում են, երբ ախտահարվում է ատամը գրկող հատուկ գոյացությունը՝ լինդ-ատամնային կպումը։ Վերջինս այլևս չի կարողանում պատնեշային գործառույթն իրականացնել, և մանրէներն առանց արգելքների գաղթում են ատամի արմատի երկայնքով՝ հանգեցնելով շուրջատամնային հյուսվածքների ավելի խոր քայքայմանը։ Լնդի և ատամի արմատի միջև առաջանում է գրպանիկ, որը չբուժելու դեպքում խորանում է, մեծանում է ատամի  շարժունությունը, ընդհուպ ինքնաբերաբար անկում: 
Պարօդոնտիտները ևս տարբերվում են ըստ ծանրության աստիճանի, տարածվածության։ 
Պարօդոնտիտների բուժումը։ Այս դեպքում մասնագիտական միջամտությունը պարտադիր է: Առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել պատճառ հանդիսացող գործոնը, ինչը մեծամասամբ ատամնաքարն է, նրա վրա գտնվող փառը և մանրէները։ Սա համալիր պարօդոնտալ բուժման առաջին փուլն է։ Հետո սպասում ենք, որպեսզի գնահատենք, թե օրգանիզմն ինչքանով է ունակ վերականգնվելու: Այս ամենից հետո կատարվում է վիճակի վերագնահատում: Լավացում գրանցելուց հետո պացիոնտին տարին 1-2 անգամ կանչում ենք զննումների և պրոֆեսիոնալ հիգիենայի իրականացման։ Ծանր դեպքերում խոր գրպանիկներն ինքնուրույն չեն կարող վերականգնվել։ Անհրաժեշտ է լինում գրպանիկները վերացնել հատուկ վիրահատական միջամտություններով։ Շատ պացիենտների մոտ հետո կարիք է լինում նաև վերականգնել ատամնաշարերի ամբողջականությունը տարբեր կոնստրուկցիաներով, որոշ դեպքերում նաև դիմել օրթոդոնտիկ բուժմանը։ Պարօդոնտալ բուժումից, ինչպես նաև ստոմատոլոգիական ցանկացած միջամտություններից հետո կարևոր է պացիենտի պարբերական այցերը՝ ստացված արդյունքն ամբողջ կյանքի ընթացքում պահպանելու համար։


Պատրաստեց Արմինե Սարգսյանը