Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունն է: Այսօր ամբողջ աշխարհում բավական լուրջ քայլեր են ձեռնարկվում, ինչպես հիվանդության վաղ ախտորոշման, այնպես էլ բարձարակարգ բուժօգնության միջոցով բուժելիության ցուցանիշը բարելավելու նպատակով։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժելիությունը զարգացած երկներում մինչև 100%-ի է հասել՝ շնորհիվ վաղ ախտորոշման եւ արդիական բուժման:  Մեր երկրում խնդիրը նույնպես արդիական է ու մասնագետների ուշադրության կենտրոնում: Բժիշկները նշում են, որ հատկապես կարևոր է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ու ժամանակին իրականացված բուժումը: Այս թեմայով զրուցել ենք Բիոմեդ ախտորաշման լաբորատորիայի ճառագայթաբան Լիլի Պետրոսյանի հետ:

Բժշկուհի Պետրոսյան, նախ  խնդրում եմ խոսենք,  թե ի՞նչ է կրծքագեղձի քաղցկեղը և ի՞նչ տարածում ունի մեր երկրում:

Կրծքագեղձի քաղցկեղը  կրծքագեղձի չարորակ նորագորացություն է, որը կանանց մոտ չարորակ գոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը։ Յուրաքանչյուր տարի Հայաստանի հանրապետությունում արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի մինչեւ 1100 առաջնային հիվանդ, եւ ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս նկատվում է հիվանդացության դեպքերի աճ։

Նշեցիք որ նկատվում է հիվանդացության դեպքերի աճ խնդրում եմ  նշել, թե հիմնականում, ո՞ր տարիքային խմբին պատկանող  կանայք են  գտնվում հիվանդության թիրախային խմբում:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն  այսօր մեր երկրում հիմնականում արձանագրվում են 40-ից բարձր տարիքային խմբում գտնվող կանանց շրջանում:: Սակայն  լինում են դեպքեր նաև, երբ  այս հիվանդությունը ախտորոշվում է ավելի երիտասարդ կանանց մոտ: 

Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայում`   Ձեր ամենօրյա աշխատանքի ընթացքում, վստահ եմ հաճախ եք ընդունում այցելուների, որոնք բախվել են այս խնդրին: Կարող եք առանձնացնել , թե հիվանդության, ո՞ր փուլում են հիմնականում կանայք դիմում բժշկի և ի՞նչ նշանակություն ունի հիվանդության վաղ հայտնաբերումը: 

 Այո, կանայք մեր կենտրոն շատ հաճախ են դիմում  հետազոտվելու համար: Պետք է նշեմ, որ կրծքագեղձի քաղցկեղն ունի երկարատեւ նախակլինիկական շրջան եւ շատ կարևոր է, որ հենց այդ ընթացքում պացիենտը հետազոտվի և հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլում,  քանի որ  վաղ փուլերում հայտնաբերման պարագայում բուժումը շատ ավելի արդյունավետ է լինում։

Որո՞նք են այն հետազոտությունները, որոնց միջոցով հնարավոր է վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը:

 Բիոմեդ-ում մենք երիտասարդ կանանց առաջարկում ենք  կատարել կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն: Քանի որ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը մեզ հնարավորություն է տալիս  դեռեւս վաղ շրջանում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։ Թույլ տվեք նշել,  որ 45 տ.-ից հետո արդեն կանանց ցուցված է իրականացնել մամոգրաֆիա։

Ի՞նչ դեր ու նշանակություն ունի ուլտրաձայնային հետազոտությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման փուլում:

Ուլրտրաձայնային հետազոտությունը  բարձր ինֆորմատիվություն ունեցող մեթոդ է, որը, ինչպես նշեցի արդեն, դեռեւս հիվանդության սկզբնական փուլում կարող է շատ էֆեկտիվ լինել:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է կատարվի ՈՒՁՀ-ն: 

 Պրոֆիլակտիկ նպատակով խորհուրդ է տրվում կատարել  ՈւՁՀ  տարին 1 անգամ։ Իսկ եթե կա խնդիր, ապա  ըստ բժշկի ցուցման անհրաժեշտ կլինի իրականացնել հետազոտությունը 6 ամիսը մեկ անգամ։

 Բժշկուհի  Պետրոսյան, խնդրում եմ նշել,  թե  ու՞մ  և երբ է ցուցված  կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը:

Այս հետազոտությունը ցուցված է ցանկացած անձի, ով ունի կրծքագեղձի շրջանում ցավ, ծանրության, դիսկոմֆորտի զգացողություն, պտուկներից արտադրություն։

 Իսկ արդյոք կա՞ն հակացուցումներ կամ դեպքեր, երբ ՈՒՁՀ-ն այլևս ինֆորմատիվ չէ:

Ոչ, պետք է նշեմ, որ ՈւՁՀ-ն  այն եզակի հետազոտություններից է, որը չունի որեւէ հակացուցում։  Պարզապես պետք է մեր ընթերցողներին խորհուրդ տամ, որ շատ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և ամնեաչնչին գանգատի դեպքում անգամ անմիջապես դիմեն բժշկի: Հաջորդ կարևոր խորհուրդն էլ այն է, որ  տարին մեկ անգամ պրոֆիլակտիկայի համար իրականացնեն կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն:

Աղբյուրը՝ DOCTORS.am