Չինացի բժիշկները պատմել են արտասովոր մի դեպքի մասին: Շանդուն նահանգի հիվանդանոց է դիմել 24-ամյա մի կին՝ գլխապտույտի և սրտխառնոցի գանգատներով: Գլխապտույտներ կային արդեն իսկ 20 տարի, իսկ սրտխառնոցը՝ մեկ ամիս: Գլխուղեղի հետազոտությամբ հայտնաբերվել է մի անսովոր անոմալիա: Կնոջ մոտ բացակայում էր ուղեղիկը: Վերջինիս փոխարեն առկա էր ողնուղեղային հեղուկ:
 
Ուղեղիկն ապահովում է շարժումների կոորդինացիան և հավասարակշռությունը: Նրանում նեյրոններն ավելի շատ են, քան մյուս հատվածներում: Ըստ աղջկա ծնողների՝ հիվանդը  ոտքերի վրա է կանգնել միայն չորս տարեկան հասակում: Սկսել է ոչ վարժ քայլել յոթ տարեկանից սկսած: Այդ կինն այդպես էլ նորմալ քայլել չի սովորել: Նա չի կարողացել թռչկոտել կամ վազել: Մինչև վեց տարեկան հասակը նրա մոտ խոսքը եղել է ոչ կապակցված: Կինը երբեք դպրոց չի հաճախել:  
 
Բժիշկներն անց են կացրել մի շարք թեստեր և պարզել, որ հիվանդը միշտ չէ, որ կարողացել է փակ աչքերով ձեռքի մատի ծայրով դիպչել քթի ծայրին:  Հավասարակշռությունից զատ, ուղեղիկը պատասխանատու է նաև խոսքն ապահովող բերանի և լեզվի շարժումների համար: Այսպիսով ուղեղիկի վնասվածքի պատճառով լինում են շարժումների հետ կապված խնդիրներ: Սակայն կնոջ մոտ առկա էին շարժողական ակտիվության հետ կապված ոչ մեծ խանգարումներ և թույլ արտահայտված ոչ կապակցված խոսք: 
 
Այս ամենը վկայում է այն մասին, որ գլխուղեղը վերակառուցվող ֆունկցիա ունի, որը երիտասարդ տարիքում առավել արտահայտված է: Մանկական հասակում գլխուղեղի մի հատվածը կորցնելու դեպքում հնարավոր է գլխուղեղի նորմալ գործունեություն, եթե գլխուղեղը կոմպենսացնում է այդ կորուստը: Տարիքի հետ այդ հատկությունը նվազում է: Եթե մարդը վաթսուն տարեկան հասակում կորցնի ուղեղիկը, ապա նա կմնա պարալիզված: Հայտնի է ուղեղիկի բացակայության ընդամենը ութ դեպք: Դրանք հիմնականում եղել են մտավոր հետամնացությամբ, էպիլեպսիայով և գլխուղեղի կառուցվածքային մեծ խանգարումներ ունեցող երեխաներ: Նրանց մեծ մասը չեն ապրել:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝  medicaldaily.com