Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնը հիմնադրվել է 2023թ.-ին։ Հիմնադիրը Ալեքսանդր Մալայանի դուստրն է, հոր երկարամյա գործընկեր Զառա Մալայանը։ Հայկական ակնաբուժության ավանդական դպրոցի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ Ալեքսանդր Մալայանի գործն այսօր պատվով շարունակում են ոչ միայն նրա սաներն ու կրտսեր գործընկերներն, այլև դուստրերը։ Եվ այս Կենտրոնի հիմնումը հարգանքի յուրօրինակ դրսևորում է ակնաբուժության ոլորտում Ալեքսանդր Մալայանի ունեցած ներդրման հանդեպ, նաև ինքնատիպ միջոց՝ նորարարական վիրաբուժական մեթոդների գնահատման, պահպանման և զարգացմանը միտված։

-Ի՞նչ նպատակով հիմնադրեցիք Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնը։

- Այս կենտրոնի գաղափարն իմ մեջ ծնվել է դեռ վաղուց՝ տեսնելով, թե որքան մեծ է պահանջարկը նոր ձևաչափով աշխատող բուժկենտրոնների նկատմամբ, որոնք գործում են ժամանակակից սկզբունքներով՝ հարմարավետ և հանգիստ միջավայրում, առանց անկառավարելի հերթերի և յուրաքանչյուր բուժառուի հանդեպ անհատական մոտեցմամբ։

Ընդհանրապես, որևէ գործ նախաձեռնելուց առաջ, կարծում եմ, ամենակարևորն այն է, որ մարդն ունենա հստակ նպատակ և առաքելություն։ Կենտրոնը, ինչպես գիտեք, կրում է հորս՝ Հայաստանի վաստակավոր բժիշկ, երկար տարիներ ՀՀ գլխավոր ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր և շուրջ 30 տարի ղեկավարած Ալեքսանդր Մալայանի անունը։ Եվ այս Կենտրոնը հիմնելիս ինձ համար կարևորագույն առաքելություն էր նոր սերնդին փոխանցել հենց այն արժեքները, որոնցով առաջնորդվում էր հայրս։ Դրանցից ուզում եմ հատուկ ընդգծել բարեխղճությունը բուժառուի հանդեպ, լսելու, հասկանալու, ճիշտ հաղորդակցվելու հմտությունը, և, իհարկե, բժշկական էթիկայի բարձր չափանիշներին հետևելը։

- Ի՞նչ սկզբունքներով է ձևավորվել Ալեքսանդր Մալայանի անվան կենտրոնի մասնագիտական թիմը։

-Չլինելով բժիշկ՝ ինձ հաջողվել է ձեռք բերել բավականին խորը գիտելիքներ ինչպես ակնաբուժության, այնպես էլ բժշկական հաստատությունների կառավարման ոլորտում, ինչը ինձ շատ է օգնում աշխատանքի մեջ: Սովորում եմ առ այսօրերկու բարձրագույն կրթություն ստանալուց հետո ավարտել եմ բազմաթիվ բժիշկական մարկետինգային կուրսեր, ԵՊԲՀ – ի «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով դասընթացն, ինչպես նաև MedBusiness academy «Բժշկական հաստատությունների ամբողջական կառավարում» ծրագիրը՝ նախատեսված հենց բուժհաստատությունների կառավարիչների համար:

 

Թիմի ձևավորումը խիստ կարևոր մի գործընթաց է, որին ես մոտեցել եմ հատուկ ուշադրությամբ և բծախնդրությամբ։ Ինձ համար առաջնային է ոչ միայն մասնագետի գիտելիքներն և փորձառության մակարդակը, այլև նրա մարդկային որակները, նվիրվածությունը և ընդհանուր արժեքային համակարգը։

Մեր բոլոր բժիշկներն ավարտել են Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի օրդինատուրան, որտեղ ստացել են բարձրորակ կրթություն։ Կարևոր եմ համարում նշել, որ մեր թիմի յուրաքանչյուր անդամ ի վիճակի է ոչ միայն ճիշտ ախտորոշում ու բուժում իրականացնել, այլև լսել, հասկանալ ու հոգատարությամբ վերաբերել յուրաքանչյուր բուժառուի։ Իսկ այն դեպքերում, երբ տվյալ խնդիրը չի գտնվում իրենց մասնագիտական տիրույթում, մեր բժիշկները պատասխանատվությամբ ուղղորդում են հիվանդին համապատասխան մասնագետի մոտ։

-Իսկ ի՞նչ կասեք կենտրոնի տեխնոլոգիական հագեցվածության մասին։

-Ժամանակակից բժշկությունը անհնար է պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաների։ Մեր կենտրոնում կիրառվում են վերջին սերնդի ախտորոշիչ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մանրակրկիտ և բարձր ճշգրտությամբ գնահատել աչքի կառուցվածքային փոփոխությունները՝ նկատելով նույնիսկ ամենափոքր շեղումները։ Այսպիսով, հնարավոր է կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ՝ իրենց վաղ փուլում։

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե որքան կարևոր են կանխարգելիչ այցերընույնիսկ եթե չունեք գանգատներ՝ պարբերական ստուգումները կարող են օգնել երկար տարիներ պահպանել տեսողությունը։

-Ձեր պատմության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում Ձեր հայրը՝ Ալեքսանդր Մալայանը։ Ի՞նչ կարևոր բան եք սովորել նրանից։

-Առաջին հերթին՝ պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն գործին։ Ընդհանրապես, ծնողի հետ աշխատելը շատ հետաքրքիր փորձառություն է։ Մանկությունից հիշում եմ, թե որքան քիչ էի նրան տեսնում տանը. նա մշտապես աշխատանքի մեջ էր՝ վիրահատություններ, խորհրդատվություններ, անվերջ զանգեր։ Հիվանդանոցը կարծես նրա երկրորդ տունը լիներ։

Միասին աշխատելու տարիներին ինձ հատկապես տպավորել է այն հարգանքը, որը տածում էին հորս հանդեպ իր գործընկերներն ու աշխատակիցները, իսկ նրա խոսքը չափազանց մեծ կշիռ ուներ։ Հայրիկիս վճռականությունը, վստահ խոսքը և տարիների փորձը ստեղծել էին առողջ մի միջավայր, որտեղ նրան լսում էին ոչ թե պարտադրված, այլ մեծ հարգանքով, իսկ նրա որոշումները քննարկման ենթակա չէին, անբեկանելի էին։

Մյուս կարևոր հատկանիշը, որ ձգտել եմ սովորել հորիցս՝ համբերատարությունն է։

-Իսկ ի՞նչ նախասիրություն ունեք աշխատանքից դուրս։

-Աշխատանքի մեջ, առօրյա կյանքում և աշխատանքից դուրս սիրում եմ գեղեցիկը, և ամեն ինչ անում եմ ինձ գեղեցիկով շրջապատելու համար։ Հենց գեղեցիկի որոնման համատեքստում էլ սիրում եմ ճամփորդելն ու նոր վայրեր բացահայտելը, նոր ու տարբեր մշակույթների հետ առնչվելը։

Հատկապես սիրում եմ Եվրոպան՝ իր բազմաշերտ պատմությամբ, մշակույթով և ճարտարապետությամբ։ Ճամփորդություններն ինձ օգնում են լիցքավորվել, կուտակել դրական էներգիա, և նոր գաղափարներով վերադառնալ հայրենիք՝ սիրած աշխատանքին։

Աղբյուրը՝ www.doctors.am