Մարդու ուղեղը բնության ամենաբարդ և ամենակատարյալ ստեղծագործությունն է։ Այն մեր հոգեկան գործունեության նյութական հիմքն է, մեր օրգանիզմի կառավարման կենտրոնական վահանակը։

 

Բազմաթիվ գիտնականներ նախ և առաջ ընդգծում են այն ապշեցուցիչ անհամապատասխանությունը, որը կա այդ արտաքինից պարզ ու հասարակ զանգվածի և նրա գործունեության անսահման հնարավորությունների և   բարդության միջև։

Նույնպիսի զարմանք է հայտնում և անվանի հոգեբան Ա.Լուրիան, որը մասնակցել է գլխուղեղի վրա կատարված շատ վիրահատությունների։ Նա գրում է, թե ինչքան միատարր և ձանձրալի տեսք ունի ուղեղը, այն օրգանը, որն ընդունում, մշակում և պահպանում է արտաքին և ներքին աշխարհից ստացած ինֆորմացիան, որը ստեղծում է մարդու գործունեության և վարքի ծրագրերը և կարգավորում ու կառավարում է դրանց կատարումը։

 


Որպեսզի ավելի պատկերավոր և տպավորիչ լինի ուղեղի կարևորությունը, բավական է նայել չորս կողմը և հասկանալ, որ այն, ինչ տեսնում ենք՝ շքեղ մեքենաները, գեղեցիկ կառույցները, ձեր հրապուրիչ հագուստները, օդում սավառնող ինքնաթիռը, ձեր ձեռքի գրիչը և բազմաթիվ տեսանելի, շոշափելի իրողությունները, գիտության, տեխնիկայի և մշակույթի նվաճումները, ըստ էության, մարդու ուղեղի գործունեության, նրա աշխատանքի արդյունքն են։

 


ՈՒղեղի կառուցվածքը: Մարդու կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կազմված է ողնուղեղից և գլխուղեղից։ Ինչքան բարձր է տեղադրված այս կամ այն բաժինը, այնքան բարձր ու բարդ է դրա ֆունկցիան։ Բոլորից ներքև տեղադրված է ողնուղեղը։ Այն տեղավորված է ողնաշարի մեջ և կարգավորում է ներքին օրգանների և առանձին մկանային խմբերի աշխատանքները։ Ողնուղեղի վերին մասում տեղավորված է երկայնական ուղեղը՝ փոքր ուղեղի հետ միասին։ Դրանք միավորում, կոորդինացնում են օրգանիզմի բարդ ֆունկցիաները։ Միասնական գործունեության մեջ են ներգրավվում մկանների մեծ խմբեր ու ներքին օրգանների ամբողջական համակարգեր, որոնք իրականացնում են շնչառության, նյութափոխանակության և այլ ֆունկցիաներ։ Երկայնական ուղեղից փոքր-ինչ վերն տեղավորված է ԿՆՀ-ի բաժիններից մեկը՝ միջին ուղեղը, որը մասնակցում է բարդ շարժումների և ամբողջ մարմնի դիրքի կարգավորմանը։ Երկայնական և միջին ուղեղները միասին կազմում են գլխուղեղի սյունային մասը։

 


Բարձրագույն նյարդային համակարգի առավել բարձր բաժինները կազմում են գլխուղեղի մեծ կիսագնդերը, որոնց անմիջապես վերևի մասում տեղավորված է նյարդային բջիջների մի շերտ, որը կոչվում է գլխուղեղի կեղև։
Գլխուղեղի կեղևի մակերեսը (մոտ 2000 քառ. սմ) ունի ծալվածքների, ծալքերի ու գալարների տեսք։ Ենթակեղևային հանգույցները մոտակայքում տեղակայված, տեսողական բլրակի հետ միասին կոչվում են ենթակեղև։ Գլխուղեղի կեղևը և ենթակեղևը իրականացնում են ռեֆլեկտոր գործունեության ամենաբարդ ձևերը։

 


Կյանքի ընթացքում սովորելու, հասարակական-պատմական փորձը յուրացնելու ժամանակ մարդը ձեռք է բերում բազմաթիվ պայմանական ռեֆլեքսներ, որոնք էլ ապահովում են նրա հարմարումը (ադապտացիան) միջավայրի փոփոխվող պայմաններին։

 


Առաջին ազդարարային համակարգի ազդարարները մեզ շրջապատող աշխարհի կոնկրետ առարկաների պատկերներն են, որոնք առաջացել են մեր հոգեկանում, գլխուղեղում և մասնակցում են մեր վարքի ու գործունեության կազմակերպման ու կարգավորման գործընթացին։ Մեր կյանքի համար դրանք խիստ կարևոր են։  Ի դեպ, ի տարբերություն մարդկանց՝ կենդանիների ակտիվությունը ընթանում է այս համակարգի մակարդակում։

 


Երկրորդ ազդարարային համակարգը, որն ունեն միայն մարդիկ, արտասանվող, լսվող, գրված բառերն  են, որոնք ազդարարների ազդարարներն են։ Բառն ունի երկու կողմ՝ արտաքին նշանակություն (ձայն, գրվածի տեսողական պատկերներ) և ներքին նշանակություն, որը պետք է հասկացվի ուղեղի աշխատանքի շնորհիվ, որպեսզի հնչած բառը ամբողջությամբ որոշակի գործողություններ առաջ բերի։ Դրա համար էլ արտահայտված անհասկանալի բառը մարդուն չի կարող դրդել ակտիվության կամ կողմնորոշել, կարգավորել նրա վարքը։