Առաջին գդալը

Ծնողներից շատերը փոքրիկին կերակրում են արծաթե գդալով, բայց մետաղն արագ տաքանում է, իսկ սոված երեխան երկար սպասել չի կարող, մինչև մայրը փչելով կսառեցնի: Երեխան կսկսի քմահաճույքներ դրսևորել: Պետք է ասել, որ արծաթե գդալն անշուշտ լավ է փոքրիկի համար, բայց ավելի հարմար են կլոր եզրերով պլաստմասսայից գդալները, մանավանդ երբ երեխան խաղում է դրանցով, գետին գցում կամ հարվածում, խփում: Կարելի է օգտագործել նաև չկոտրվող պլաստմասսայե ափսեներ. Դրանց նպատակահարմարությունը ծնողներն իսկականից գնահատում են, երբ երեխան դրանցով խփում է իր աթոռին կամ բազմիցս գցում գետին:

Առաջին կերակրումը

Պետք է սկսել համեմատաբար քիչ ալերգեն նյութեր պարունակող այն սննդամթերքներից, որոնք իրենց բաղադրությամբ մոտ են կրծքի կաթին: Օրինակ` հասած բանան կամ` կրծքի կաթով կամ մանկական կաթով ու խառնուրդով եփած բրնձի շիլա: Երբ փոքրիկը փորձում, իմանում է նոր սննդի համը, պետք է նույն սննդի ավելի մեծ կտոր դնել նրա լեզվի վրա` հետևելով նրա վարքագծին: Եթե երեխան ուրախությամբ է ուտում, ուրեմն այդ սննդով կարելի է նրան կերակրել, եթե դժգոհ է, ծռմռում է բերանը, նշանակում է դեռ վաղ է:

Եթե երեխան դուրս է թքում կամ փսխում կերածը, չպետք է հուսահատվել, պարզապես այդ տարիքում նա չունի բերանը փակելու հմտություն` այն ժամանակ, երբ սնունդը լեզվի ծայրից դեպի կոկորդն է շարժվում: Եթե երեխան չի կարողանում կուլ տալ, սնունդն այդպես էլ մնում է լեզվի վրա, կամ զայրացած նայում է, ուրեմն նրա պաշտպանական ռեֆլեքսը դեռ շատ ուժեղ է, ավելի ուշ պետք է սկսել նրան վարժեցնել կոշտ սննդի:

Հավելյալ սննդով կերակրելու հաջորդ փուլը

Երեխայի ընդունած առաջին սնունդը պետք է փափուկ լինի: Մայրերի մեծամասնությունը սկսում է բանջարեղենի պյուրեյից կամ ձավարեղենի շիլայից: Կարիք չկա հատուկ փաթեթավորմամբ պատրաստի մանկական շիլա գնել, թեև երկաթի հավելումով պատրաստի շիլան կարող է երկաթի լավ աղբյուր լինել երեխայի համար:
Մոտ 9 ամսական հասակում երեխաները կարող են ուտել մեծահասակների սննդամթերքների մեծ մասը, եթե դրանք լավ մանրացրած են և հարմար ուտելու համար: Հիմնական սնունդը, օրինակ` ձավարեղենը (ցորենը, բրինձը, եգիպտացորենը) և կարտոֆիլը, շատ օսլա են պարունակում: Օսլայով հարուստ սննդամթերքների թերություններից մեկը ծավալով մեծ լինելն է: Պատճառն այն է, որ արմատապտուղները շատ ջուր են պարունակում, իսկ ձավարեղենը պատրաստվում է մեծ քանակությամբ ջրով: Երեխայի ստամոքսը փոքր է: Նա չի կարող այնքան շիլա կամ կարտոֆիլ ուտել, որ իրեն անհրաժեշտ քանակությամբ էներգիա ստանա:

Որպեսզի երեխան ստանա իրեն անհրաժեշտ սննդային բոլոր բաղադրամասերը, նրան պետք է.

- Հաճախակի կերակրել` օրական մոտ 5 անգամ:

- Երեխայի սննդին ավելացնել էներգիայով հարուստ որոշ սննդատեսակներ: Բուսական յուղը, մարգարինը, յուղը և ընկույզը շատ հարուստ են էներգիայով: Ամեն անգամ այս սննդատեսակներից մի գդալ ավելացնելով երեխայի շիլային` կարելի է ապահովել վերջինիս սննդային արժեքավորությունը: Սնունդը կենդանական կամ բուսական յուղով տապակելը ևս մեծացնում է դրա էներգետիկ արժեքավորությունը: Էներգիայով հարուստ է նաև շաքարը, որը կարելի է ավելացնել հիմնական սննդին` հիշելով սակայն, որ նրա չարաշահումը կարող է ատամների կարիեսի պատճառ դառնալ:

- Հիմնական սննդին ավելացնել նաև սպիտակուցով հարուստ սնունդ: Կաթը, ձուն, ընկույզը և լոբազգիները շատ հարուստ են սպիտակուցով:

- Մանկանը տալ նաև գունավոր բանջարեղեն և մրգեր: Դրանք բավարարում են վիտամինների լրացուցիչ պահանջը, որն ի հայտ է գալիս երեխայի մոտ 6 ամսական դառնալուց հետո:

- Կերակուրը տվեք երեխային առանձին ափսեով:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am