Դեռահասները հաճախ են փորձարկում ալկոհոլային խմիչք ու թմրադեղեր: Դժբախտաբար, նրանք հաճախ չեն տեսնում կապը այսօրվա իրենց արարքների և վաղը դրանց հետևանքների միջև:
Նրանք նաև հակված են կարծել, թե լիովին պաշտպանված են այն խնդիրներից, որ ունեն ուրիշները: Վաղ հասակում ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը բարձրացնում է հետագայում այլ թմրադեղերի օգտագործման հավանականությունը: Որոշ դեռահասներ փորձում են, հետո դադարում, կամ շարունակում օգտագործել ժամանակ առ ժամանակ՝ առանց լուրջ խնդիրների: Մյուսների մոտ զարգանում է կախվածությունը, որը մղում է նրանց օգտագործել ավելի վտանգավոր թմրադեղեր, ինչը իր հերթին լուրջ վնաս է հասցնում դեռահասներին և, հնարավոր է, այլ մարդկանց:

Դեռահասության շրջանը նոր բաներ փորձելու ժամանակն է: Դեռահասները ալկոհոլ և թմրադեղեր են օգտագործում տարբեր պատճառներով, ներառյալ հետաքրքրությունը, այն հաճույք է պատճառում, մեղմում է լարվածությունը, իրենք իրենց չափահաս են զգում և ընդհանուր միջավայրից դուրս չեն մնում: Դժվար է կանխատեսել, թե որ դեռահասները կփորձեն ու կդադարեն, իսկ որոնք կունենան լուրջ խնդիրներ: Ռիսկի խումբ են կազմում այն դեռահասները, որոնք.


-ունեն ժառանգական նախատրամադրվածություն

-ընկճված են (տառապում են դեպրեսիայով)

-ունեն ցածր ինքնագնահատական

-զգում են, որ ընդհանուր միջավայրից դուրս են մնացել


Դեռահասները չարաշահում են տարբեր նյութեր, որոնք ձեռք են բերում թե օրինական և թե ապօրինի ճանապարհով: Առաջինների թվին են պատկանում ալկոհոլը, դեղատոմսով դուրս գրված դեղերը, ինհալանտները (սոսինձների, աէրոզոլների և լուծիչների գոլորշիները) և առանց դեղատոմսի վաճառվող՝ հազի, մրսածության դեմ, քնաբեր և այլ դեղերը: Ապօրինի կերպով ձեռք բերված դեղերից են մարիխուանան, խթանիչները (կոկաին, կրեկ, սփիդ), LSD, PCP, ապիատները, հերոյինը և այլն:

Ապօրինի թմրադեղերի օգտագործումը աճում է: Այսպես, մարիխուանա առաջին անգամ փորձում են միջինում 14 տարեկանում, իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է սկսվել մինչև 12 տարեկանը: ԲՈՒՀ-երում մարիխուանայի և ալկոհոլի օգտագործումը սովորական է դարձել:

Թմրադեղեր օգտագործելը ունի մի քանի բացասական հետևանքներ, այդ թվում՝ հետագայում ավելի վտանգավոր նյութերի օգտագործումը, դպրոցում վատ սովորելը և վատ կողմնորոշվելը, ինչը կարող է հանգեցնել դժբախտ պատահարների, բռնության, չպլանավորված և ոչ ապահով սեռական կապերի և ինքնասպանության:

Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին, եթե վաղ հասակից տեղեկացնեն նրանց թմրադեղերի մասին, ազատորեն քննարկեն այդ հարցը նրանց հետ և կարողանան վաղ շրջանում տեսնել զարգացող խնդիրների նշանները:

Ալկոհոլի և թմրադեղերի չարաշահման մասին ահազանգող նշաններից են.

Ֆիզիկական – հոգնածություն, հաճախակի գանգատներ առողջական վիճակից, կարմրած և մշուշապատված աչքեր, երկարատև հազ:

Հուզական - բնավորության գծերի փոփոխություններ, տրամադրության հանկարծակի փոփոխություններ, բարկացկոտություն, անպատասխանատու արարքներ, ցածր ինքնագնահատում, թույլ դատողություն, ընկճվածություն և ընդհանրապես հետաքրքրությունների բացակայություն:

Ընտանեկան – վիճաբանությունների բռնկում, կանոնների խախտում կամ ընտանիքից մեկուսացում:

Դպրոցական – ցածր հետաքրքրվածություն, բացասական վերաբերմունք, ցածր գնահատականներ, հաճախակի բացակայություններ, ծուլություն և անկարգապահություն:

Հասարակական խնդիրներ – նոր ընկերներ, որոնք քիչ են հետաքրքրվում ընդունված տնային և դպրոցական գործերով, խնդիրներ օրենքի հետ, հագուստի ոճի և երաժշտական նախասիրությունների փոփոխություն՝ դեպի պակաս պայմանական:

Վերոհիշյալ նշաններից շատերը կարող են նաև այլ պրոբլեմների հետևանք լինել: Ծնողները կարող են բացահայտել խնդրի գոյությունը, սակայն չեն կարող ախտորոշել այն:

Իրենց սերն ու հոգատարությունը ցույց տալու ամենալավ միջոցը դեռահասի հետ ալկոհոլի և այլ թմրադեղերի օգտագործման վտանգի մասին ազատորեն խոսելն է:

Առաջին քայլը թերապևտի հետ խորհրդակցելն է՝ վերոհիշյալ նշանների հնարավոր ֆիզիկական պատճառները բացահայտելու համար: Հաջորդ քայլը երեխայի հոգեկան վիճակի գնահատումն է մանկապատանեկան հոգեբույժի կողմից:


Հասարակական առողջության հիմնախնդիրներից են երեխաների կախվածությունը ծխախոտի, անծուխ ծխախոտի (մաստակ) և սիգարների նիկոտինից:

 
Ամեն օր ծխել է սկսում մոտ 3.000 դեռահաս, և նրանց մեկ երրորդը վաղաժամ մահանում են ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից (ըստ Քաղցկեղի ամերիկյան միության):

Ծխող բարձր դասարանցիները ավելի շատ են հակված չհետևել հասարակական կանոններին, ֆիզիկական կռիվներ հրահրել, հրազեն կրել և վաղ տարիքից սեքսով զբաղվել:

Ծխախոտը համարվում է "մատչելի թմրանյութ", որը կարող է տանել ալկոհոլի, մարիխուանայի և այլ ապօրինի թմրանյութերի օգտագործմանը:

Ծխող դեռահասների մեծ մասը ծխել սկսել են մինչև 18 տարեկանը:

Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ կանխելի և մահվանը տանող հիվանդությունների հիմնական պատճառը:

Ծխելը առնչվում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների հետ:

Ծխելը սրտի և թոքերի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է:

Ծխելը սրում է այպիսի հիվանդություններ, ինչպիչիս են աստման, արյան բարձր ճնշումը և դիաբետը:

Որքան ավելի վաղ է մարդն սկսում ծխել, այնքան ավելի մեծ է վտանգը նրա առողջությանը և այնքան ավելի դժվար է թարգել ծխելը:

Երեխաները, որոնք ծխելու առավելագույն վտանգի տակ են.

- որոնց ծնողները, քույր-եղբայրները կամ ընկերները ծխում են

- որոնք “մեծ և հասուն են ձևանում”

- որոնք ժխտում են ծխախոտի բացասական ազդեցությունը

- որոնք չեն կարողանում դժվարություններ հաղթահարել և ծխում են՝ սթրեսը թուլացնելու համար

- որոնք ունեն ցածր ինքնագնահատում և դեպրեսիվ ախտանիշներ են ցույց տալիս

- որոնք (հատկապես աղջիկները) թույլ հաջողություններ ունեն ուսումնական ոլորտում

- որոնց վրա ազդեցություն են թողնում այն գովազդները, որտեղ ծխելը համարվում է նիհարելուն նպաստող միջոց, և տառապում են սնվելու խանգարումներից

Ինչ կարող են անել ծնողները, որպեսզի երեխան հրաժարվի ծխելուց.

- Ծնողները երեխաների համար լավագույն օրինակներն են: Եթե դուք ծխում եք, թողեք ծխելը: Եթե չեք թողնում, ապա մի ծխեք երեխայի ներկայությամբ և ասեք նրան, որ զղջում եք, որ սկսել եք ծխել:

- Ոչ մեկի թույլ մի տվեք ծխել ձեր տանը և խստագույնս հետևեք այդ “Չ’ծխել” կանոնին:

- Հարցրեք երեխային, արդյոք նրանք դպրոցում քննարկում են ծխելու վերաբերյալ թեմաներ:

- Հարցրեք երեխային, արդյոք նրա ընկերները ծխում են, և գովաբանեք չծխող ընկերներին:

- Թույլ մի տվեք երեխային առնչվել ծխախոտային նյութերի հետ:

- Թույլ մի տվեք երեխային խաղալ սիգարետի տեսքով կոնֆետների հետ: Նրանք իսկական սիգարետների խորհրդանիշ են, և այդ կոնֆետներով խաղացող փոքրերը ավելի հակված կլինեն հետագայում ծխել:

- Աջակցեք դպրոցական և հասարակական հակածխախոտային ակցիաներին և ասեք դպրոցի աշխատանակզմին, որ կողմ եք ծխելու արգելման ռազմավարության իրականացմանը:

- Նպաստեք ծխելու նյութերը երեխաների համար անմատչելի դարձնելուն. աջակցեք ծխախոտանյութերի վրա բարձր հարկերի դրմանը և ծխախոտ արտադրող մեքենաների լիցենզավորմանը:

- Քննարկեք երեխայի հետ ծխախոտի կեղծ և շփոթեցնող գովազնդները, որտեղ ծխելը պատկերվում է, որպես գրավիչ, սեքսուալ և հասունություն ենթադրող գործողություն:

- Մատնանշեք ծխելու այնպիսի ակնհայտ բացասական հետևանքների վրա, ինչպիսին են տհաճ հոտը բերանից, մատների դեղնությունը, ծխախոտի հոտ արձակող հագուստը, վատ շնչառությունը և, առհասարակ, սպորտում հաջողությունների կանխումը:

- Նշեք, որ նիկոտինին հեշտությամբ է սովորում օրգանիզմը:

Եթե ձեր երեխան, դեռահասը արդեն սկսել է ծխախոտ օգտագործել, հետևյալ քայլերը կարող են նրան օգնել թողնել ծխելը.

- Խորհուրդ տվեք նրան թողնել ծխելը: Կատարեք համեմատություններ և բերեք օրինակներ:

- Աջակցեք ծխախոտից հրաժարվելու նրա ջանքերին և արտահայտեք նրան օգնելու ձեր ցանկությունը:

- Ապահովեք երեխային անհրաժեշտ գրականությամբ:

- Օգնեք երեխային անձնական շահեր և օգուտներ գտնել ծխելը թողնելու մեջ:

- Եթե դուք ծխում եք, համաձայնվեք երեխայի հետ միասին թողնել ծխելը և թարգելու օր պայմանավորվեք:

- Ներգրավեք երեխայի մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին՝ ծխելը թողնելու գործընթացի մեջ:

Եթե երեխան օգտագործում է նաև այլ թմրանյութեր կամ ալկոհոլ կամ եթե նրա մոտ նկատում եք խդնիրներ տրամադրության հետ կամ այլ խանգարումներ, երեխային պետք է տանել գնահատման մանկապատանեկան հոգեբույժի կամ հոգեկան առողջության ոլորտում այլ մասնագետի մոտ: