Երրորդ մոլյարները կամ ինչպես ավելի ընդունված է հասարակության մեջ իմաստության ատամները սովորաբար ծկթում են 18-25 տարեկան հասակում, թեև հնարավոր է՝ ծկթեն ավելի մեծ տարիքում։ Իմաստության ատամներն ամենից ուշ տարիքում ծկթող ատամներն են, որտեղից էլ գալիս է իրենց «իմաստության» անվանումը։ Շատ հաճախ իմաստության ատամները ծկթում են ոչ ճիշտ դիրքով կամ ծկթում են մասնակի, երբեմն էլ կարող են ընդհանրապես չծկթել՝ մնալով ոսկրի հաստության մեջ:

Սխալ դիրքով ծկթաց, մասնակի կամ լրիվ չծկթած իմաստության ատամները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների`

  • Իմաստության ատամը, ատամի տեղի անբավարարության պայմաններում ծկթելով, կարող է հանգեցնել արդեն իսկ ճիշտ ձևավորված կծվածքի խանգարման, որի արդյունքում կարող են առաջանալ ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ խնդիրներ։ Ֆունկցիոնալ առավել հաճախ առաջացող խնդիրներից է քունքստործնոտային հոդի դիսֆունկցիան, ծամողական էֆեկտիվության նվազումը։ Էսթետիկ խնդիրների դեպքում, օրինակ, կարող է առաջանալ ատամների խճողում։
  • Իմաստության ատամը, ծկթելով ոչ ճիշտ դիրքով և հենվելով երկրորդ մոլյարի պսակի վրա կամ վզիկի մակարդակում, նպաստում է երկրորդ մոլյարի վրա կարիոզ խոռոչի առաջացման։
  • Ոչ լրիվ ծկթաց իմաստության ատամի դեպքում ատամի չծկթած հատվածը ծածկող լնդի և ատամի պսակի միջև առկա տարածությունում կարող է կուտակվել սնունդ որտեղ առկա են նպաստավոր պայմաններ բորբոքման և թարախային բարդությունների առաջացման համար։
  • Իմաստության ատամները տեղակայված լինելով ոսկրի հաստության մեջ կարող են հանգեցնել կիստաների, ուռուցքանման գոյացությունների, ուռուցքների առաջացման։  
  • Ոչ ճիշտ դիրքով տեղակայված իմաստության ատամը կարող է ճնշել ստորատամնաբնային նյարդին՝ առաջացնելով ցավային զգացողություն։
  • Դեպի թշի լորձաթաղանթ աճած իմաստության ատամները կարող են հանգեցնել թշի լորձաթաղանթի վնասման։

Թեև իմաստության ատամները կարող են հանգեցնել վերը թվարկված խնդիրներին, սակայն սխալ է հասարակության մեծ մասի ինչպես նաև որոշ բժիշկների մոտ ձևավորված այն կարծիքը, որ իմաստության ատամները ենթակա չեն բուժման և անպայման պետք է հեռացնել։ Ճիշտ ծկթած իմաստության ատամները, որոնք ունեն իրենց հակադիր ատամը և լիարժեք մասնակցում են ծամողական ակտին, ոչ միայն չի կարելի հեռացնել, այլ կարիոզ ախտահարման պարագայում անհրաժեշտ է բուժել և հեռացման որոշում պետք է կայացնել միայն ծայրահեղ դեպքում։

Թվարկված խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ժամանակին ուշադրություն դարձնել իմաստության ատամներին և անհրաժեշտության դեպքում բժշկի ցուցումով կատարել ծնոտների օրթոպոպանտոմոգրաֆիա՝ ատամների դիրքը ծնոտներում գնահատելու և հետագա տակտիկան մշակելու նպատակով։
Այնուամենայնիվ եթե որոշում է կայացվել կատարել իմաստության ատամի հեռացում, ապա պետք է իմանալ, որ իմաստության ատամի հեռացումը դասվում է վիրաբուժական միջամտությունների շարքին, և միջամտությունը պետք է կատարվի համապատասխան որակավորում ունեցող ստոմատոլոգի կամ դիմածնոտային վիրաբույժի կողմից։ Ժամանակակից տեխնոլոգիաները և միջոցները թույլ են տալիս այն դարձնել լիովին անցավ և մաքսիմում նվազեցնել անհարմարության զգացողությունը։
Միջամտությունը հնարավոր է կատարել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում, սակայն հիմնականում կատարվում է տեղային անզգայացման պայմաններում, իսկ ընդհանուր անզգայացման դիմում ենք այն դեպքում, երբ պացիենտի կողմից կա խիստ արտահայտված վախ, պացիենտը ադեկվատ չի գնահատում իրավիճակը, առկա է ալերգիա տեղային անեսթետիկների նկատմամբ, ցանկություն կա միանգամից հեռացնել բոլոր իմաստության ատամները և պացիենտի ցանկությունը։ Միջամտության տևողությունը խիստ անհատական է պայմանավորված ծնոտում իմաստության ատամի դիրքով, ատամի ձևով և կառուցվածքով, ինչպես նաև այն հանգամանքով, թե որ ծնոտի վրա է գտնվում ատամը։ Սովորաբար վերին իմաստության ատամները տեխնիկապես ավելի հեշտ է հեռացնել, ինչը պայմանավորված է ծնոտի ավելի նուրբ կառուցվածքով, իսկ ստորին իմաստության ատամների հեռացման պրոցեսն ավելի բարդ է՝ պայմանավորված ստորին ծնոտի ավելի կոպիտ կառուցվածքով։ Կախված ատամի դիրքից ատամի հեռացումը կարող է տևել 5 րոպեից մինչև 2 ժամ և ավելի։ Իմաստության ատամի հեռացումից հետո հնարավոր է դիտվի բերանի բացման ժամանակավոր սահմանափակում, այտուցվածություն, սակայն հետևելով բժշկի խորհուրդներին հնարավոր է այդ երևույթները դարձնել մինիմալ և նվազեցնել անհարմարության զգացողությունը։ 
Մինչ վիրաբուժական միջամտությունը սովորաբար վիրահատությանը նախորդող օրվանից պացիենտին խորհուրդ է տրվում կատարել բերանի խոռոչի ողողումներ անտիսեպտիկ լուծույթով:
Վիրաբուժական միջամտությունից հետո այտուցը կանխելու կամ մաքսիմալ նվազեցնելու նպատակով նշանակվում է հակայտուցային դեղամիջոցներ, ինչպես նաև միջամտության ողջ օրը տեղային դրվում է սառը, հետվիրահատական ցավերը կանխելու նպատակով նշանակվում են ցավազրկողներ, իսկ ուշացած թարախային դեպքերում, եթե կա անհրաժեշտություն, նշանակվում են անտիբիոտիկներ, որոնք կարելի է զուգորդել պրոբիոտիկների հետ՝ դրանով իսկ կանխելովկամ նվազեցնելով հակաբիոտիկների կողմանկի ազդեցությունը։
Ոչ լրիվ ծկթած կամ ծնոտի հաստության մեջ տեղակայված իմաստության ատամների հեռացումից հետո անրաժեշտություն է առաջանում վերքի եզրերը մոտեցնել կարերի միջոցով։ Կարերը հեռացվում են վիրահատությանը հաջորդող 7-րդ օրը։


Աղբյուրը՝ Doctors.am