Բժիշկ Վրէժ, վաղու՞ց է, ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում: Երկար տարիներ Սիրիայում ապրելուց և Եվրոպայում վերապատրաստվելուց հետո ինչու՞ որոշեցիք աշխատել հայրենիքում:

Հայաստանում եմ արդեն 2011 թվականից մինչ օրս: Հիշում եմ, դեռ մանկուց երազում էի ապրել Հայաստանում և, քանի որ ծնողներս էլ բժիշկ են, ցանկանում էի հենց այդ ուղղությամբ մասնագիտանալ:

Հիմնական ուսուցումս ստացել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա կրթությունս շարունակել Գերմանիայում: Մի քանի տարի այնտեղ ապրելուց և աշխատելուց հետո հասկացա, որ իմ առաքելությունը և մասնագիտական պարտքը հայրենիքում ծառայելն է: Եվրոպայում բնակությանս տարիներին համացանցով ուսումնասիրում էի հայկական կլինիկաները, ՀՀ առողջապահությունը, և վերջիվերջո, կարոտը և հայրենիքում աշխատելու ձգտումս ինձ բերեցին Հայաստան: Իմ նպատակն էր Հայաստանում ստեղծել և զարգացնել ծառայությունս, շփվել հայրենակիցներիս հետ և կարողանալ որևէ բանով օգտակար լինել: Կարծում եմ, արդար որոշում է, որ մեր՝ բժիշկներիս եվրոպական գիտելիքներից օգտվի մեր երկրի ազգաբնակչությունը:

Ունեք բժիշկ-սոնոգրաֆիստի մասնագիտություն, սակայն գիտեմ, որ մասնագիտացել եք անոթների դուպլեքս հետազոտության ոլորտում: Կխնդրեի ներկայացնել, թե ի՞նչ ծառայություններ եք մատուցում:

Իմ գործունեությունը սկսեցի սրտի էխոկարդիոգրաֆիայից, և երբ կարողացա ապահովել սեփական գործիքի առկայությունը, ծառայությունների ծավալն, իհարկե, ընդլայնվեց: Սրտի էխո-հետազոտությունը, մեծ հաջողություն գրանցելուց հետո, համալրվեց նաև անոթների դուպլեքս հետազոտությամբ, որն ուրախությամբ ընդունվեց հատկապես կանանց կողմից, ովքեր ունեն ոտքերի տարատեսակ խնդիրներ՝ հատկապես ոտքերի ցավ, այտուց, վարիկոզ լայնացում:

Ընդհանուր առմամբ, իրականացնում ենք դոպլեր\դուպլեքս հետազոտություններ, հոդերի սոնոգրաֆիկ հետազոտություն, սրտի էխոկարդիոգրաֆիա , ընդհանուր էխո և այլն...

Ի՞նչ առավելություններ ունի Ձեր իրականացրած հետազոտությունը, ինչո՞վ է տարբերվում անոթների այլ հետազոտություններից:

Այս հետազոտությունը տարբերվում է նրանով, որ այս կերպ կարողանում ենք տեսնել ոչ միայն անոթների ֆունկցիան, այլ նաև դրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Մյուս առավելությունն այն է, որ դոպլեր հատկության շնորհիվ կարելի է հետազոտել արյան հոսքը՝ ախտորոշել թրոմբ, աթերոսկլերոզ, անոթի մեջ տեղի ունեցող տարիքային բոլոր փոփոխությունները, անևրիզմաներ և այլն…

Այս հետազոտությունն ունի ախտորոշիչ և կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հիվանդը հնարավորինս վաղ փուլում տեղեկանա իր խնդրի մասին և դիմի անոթային վիրաբույժի: Այս կերպ, իհարկե, ցանկացած հիվանդություն բուժման առավել մեծ շանսեր ունի:

Դեղորայքային որոշ նշանակումներ ինքս էլ կատարում եմ՝ հիվանդի վիճակը փոքր ինչ բարելավելու համար:

Բացի սա, մանկաբուժության ոլորտում ևս գործունեություն եք ծավալում: Մանրամասնե՛ք, խնդրեմ:

Մանկաբուժության ոլորտում ինքս սկսեցի գործունեությունս «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ամենաբարդ բաժանմունքներից մեկում՝ մանկական վերակենդանացման բաժանմունքում: Սեփական նախաձեռնությամբ, տնօրինությանն առաջարկեցի հետազոտել բոլոր այն երեխաների և հատկապես նորածինների սրտերը, ովքեր բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում: Այժմ, իմ սեփական գործիքով իրականացնում եմ նաև այդ հետազոտությունները՝ դուպլեքս\դոպլեր մեթոդով: Մեծ ուշադրություն է հատկացվում հատկապես այն երեխաներին, ովքեր ունեն շնչահեղձություն, ընդհանուր թուլություն, մաշկի գույնի փոփոխություն՝ կապտություն, թթվածնային քաղց: Այս գանգատների դեպքում կա սրտային արատի կասկած, Ֆալլոյի տետրադա, միջփորոքային միջնապատի բացվածքի, բաց բոտալյան անցքի, միափորոք սրտի և խոշոր մագիստրալ անոթների ոչ ճիշտ դասավորության հավանականություն: Այս բոլոր հիվանդությունների վաղ հայտնաբերումը, պետք է ասեմ, որ բավական մեծ նշանակություն ունի երեխայի ապրել-չապրելու, հետագա բուժման հարցում:

Բացի հիվանդանոցային գործունեությունը, իրականացնում եք նաև 24–ժամյա տնային այցեր: Ի՞նչ հետազոտություններ կարող եք իրականացնել հենց հիվանդի տանը:

Տնային այցեր կատարելու նպատակն այն է, որ այս կերպ հնարավոր է դառնում զարգացած հիվանդանոցներում իրականացվող հետազոտությունները կատարել հենց հիվանդի տանը, տնային պայմաններում: Այս կերպ բնակարանային, հանգիստ պայմաններում, առանց ավելորդ սթրեսի և լարվածության, առանց հիվանդանոցային երկար հերթերի և աղմուկի  կարելի է հետազոտվել նույն որակով, այս դեպքում բժշկի հետ կապը լինում է ավելի անմիջական:

Տնային պայմաններում կարելի է իրականացնել ոտքերի անոթների հետազոտություն (ի դեպ, այս հարցով ամենահաճախն են դիմում): Շատ է պատահում, երբ ավելի տարեց մարդիկ նույնիսկ չեն կարողանում քայլել՝ կլինիկա գալու և հետազոտվելու համար:

Զանգը ստանալուց հետո, անմիջապես նույն օրվա ընթացքում (էքսպրես կարգով)՝ անհրաժեշտ բոլոր սարքերով զինված շտապում ենք հիվանդի բնակարան:

Տան պայմաններում կարելի է իրականացնել նաև սրտի էխոկարդիոգրաֆիա: Այս խնդրով հաճախ զանգահարում են մարդիկ, ովքեր ունեն անհայտ պատճառով շնչահեղձություններ:

Տանը կարելի է իրականացնել նաև գլխուղեղի անոթների դուպլեքս սոնոգրաֆիա: Պետք է ասեմ, որ տան պայմաններում ներուղեղային անոթների հետազոտություն իրականացնում է միայն մեր ծառայությունը: Այս հետազոտության դիմող պացիենտների հիմնական գանգատներն են հաճախակի գլխապտույտները, արյան շրջանառության խանգարումները դեպի գլխուղեղ, աչքերի դիմաց սևացումներ, աղմուկ ականջներում:

Տնային այցերի համար ինձ կարելի է դիմել նաև որովայնային սոնոգրաֆիայի համար, երիկամային և լեղապարկի քարերի տարատեսակ գանգատներով:

Տնային այցերի ծառայությունը հասանելի է միա՞յն Երևանի տարածքում:

Այս ծառայությունը կարելի է իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքի հարակից շրջաններում՝ Արմավիրի, Կոտայքի մարզերում… Նման դեպքեր եղել են իմ գործունեության ընթացքում:

Իսկ ինչպե՞ս եք ներկայացնում հիվանդի ախտորոշումը: Այդ փաստաթուղթը հնարավո՞ր է ներկայացնել այլ բժիշկների՝ հետագա բուժման նշանակման համար:

Հետազոտության ավարտից հետո մեր բոլոր հիվանդներին տրամադրում ենք հետազոտության արդյունքները, որպեսզի այն կարողանան ներկայացնել ցանկացած բժշկի կամ կլինիկա:

Հարգելի բժիշկ, ի՞նչ նոր նախագծեր և ծրագրեր ունեք մոտ ապագայի համար:

Բացի սոնոգրաֆիկ ծառայությունները, մոտ ապագայում նախատեսում եմ տնային շարժական-ռենտգեն ծառայության ներդնում Հայաստանում: Այն հիվանդները, ովքեր կունենան խնդիրներ, ինչպիսիք են թոքաբորբերը, թոքերում հեղուկային զանգվածի կուտակումները, ոսկրի ցանկացած կոտրվածքները, մարմնի ջերմաստիճանի չպատճառաբանված բարձրացումները, ուռուցքներով հիվանդները, անշարժունակ անձինք, արդեն կկարողանան դիմել ծառայությանը և ստանալ որակյալ ռենտգեն-ախտորոշում հենց իրենց բնակարանում:

Լինելով մանկաբույժ, այստեղ ներառել եմ նաև մանկաբուժական ծառայություն: Եթե երեխան ջերմում է, և ծնողները չեն ցանկանում նրան տանից դուրս հանել՝ կլինիկա տանելու համար, ուզում են հանգիստ պայմաններում հետազոտել երեխային, արդեն կկարողանան դիմել շարժական-ռենտգեն ծառայության, կհետազոտենք երեխայի թոքերը և, անհրաժեշտության դեպքում, կնշանակենք նաև հետագա բուժում:

Եվ որպես ամփոփում, ընթերցողին ասացեք, խնդրեմ՝ ինչպե՞ս և որտեղ կարելի է Ձեզ դիմել:

Որպես բժիշկ-սոնոգրաֆիստի՝ ինձ կարելի է դիմել 2-րդ բուժմիավորումում աշխատանքային բոլոր օրերին:

Ինձ հետ էլեկտրոնային կապ կարելի է հաստատել ինչպես Doctors.am կայքի, այնպես էլ իմ ֆեյսբուքյան մասնագիտական էջի միջոցով: Բոլոր կոնտակտային տվյալները բաց են և հրապարակված: Սիրով պատրաստ եմ օգտակար լինել յուրաքանչյուրիդ՝ իմ հնարավորությունների առավելագույն չափով: Իսկ տնային այցերի համար ինձ կարելի է զանգահարել օրվա ցանկացած ժամի:


Կապ հաստատել բժիշկ Վրէժ Սարգիսի հետ
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
11 փետրվարի, 2016