Ֆրոյդական հոգեվերլուծության (փսիխոանալիզ) մեջ, Տիրամայր-անառակի բարդույթ կամ Մադոննա-անառակի կոմպլեքսը տղամարդու մեջ առաջացող հոգեբանական բարդույթ է:

Տերմինն օգտագործվում է նաև առօրյա կյանքում, հաճախ՝ տարբեր նրբերանգներով:

Ըստ ֆրոյդական հոգեբանության, այս բարդույթը հաճախ առաջանում է այն դեպքում, երբ մարդը մեծանում է սառը, չոր, հույզեր չարտահայտող մոր խնամքի տակ: Այսպիսի տղամարդը հաճախ սիրահետում է իր մոր հատկանիշներով կանանց՝ հուսալով լրացնել իր մանկության ընթացքում չբավարարված մտերմության կարիքը: Հաճախ կինն ամուսնու կողմից սկսում է դիտարկվել որպես մայր՝ Տիրամոր կերպար, և այդպիսով՝ ոչ որպես սեռական գրավչության հնարավոր օբյեկտ: Այս պատճառով «հիվանդի» մտքում սերն ու սեռական հարաբերությունը չեն կարողանում խառնվել, և տղամարդը հակված չի լինում իր կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալուն, որովհետև անգիտակցաբար մտածում է, որ դա արյունապղծություն կլինի: Իր սեռական հակումները նա պահում է «վատ» կամ «կեղտոտ» կանանց համար, և այդ սեռական հարաբերություններում նրա մեջ չի զարգանում «նորմալ» սիրո զգացմունքը: Այստեղ առաջ է գալիս այն դժվարին իրավիճակը, որի դեպքում տղամարդն անկարող է լինում սիրել այն կնոջը, ով կարող է բավարարել իր սեռական ցանկությունները, և միաժամանակ անկարող է լինում սեռական բավարարություն ստանալ այն կնոջից, ում կարող է սիրել։

Այս տերմինը հաճախ գործածվում է արդարացնելու այնպիսի տղամարդկանց վարքը, որոնք հետապնդում են բազում կանանց՝ այս կարիքներից ամեն մեկը հագեցնելու համար:

Առօրյայում այս տերմինն օգտագործվում է կանանց՝ որպես սեքսուալ էակների մեջ այս երկու հատկանիշների տարանջատվածությունը նկարագրելու համար։ Կինը կարող է լինել կամ կուսական Տիրամայր, այսինքն՝ կին, որին բացարձակապես չեն հետաքրքրում սեռական հարաբերությունները, և նա դրանց գնում է միայն սերունդ տալու համար, և անառակը, որը սեռական հարաբերությունների մեջ է մտնում միայն հաճույքի համար և առանց խղճի խայթի կարող է բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալ։

Տիրամայրը սուրբ է, անառակը՝ կեղտոտ։ Մարդկանց որոշակի շրջանակների համար սա այլևս չի ընկալվում որպես բարդույթ, այլ, ավելի շուտ, կիրառվում է նկարագրելու այն կանանց, որոնք կամ չափազանց շատ են սեռական հարաբերություններ ունենում, կամ ոչ բավականաչափ։

 

 Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am