Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է  Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:

Սա ապացուցվել է 18-40 տարեկան 24 առողջ կամավորների հետ անցկացված փորձով: Սկզբում մարդիկ նորմալ քնում էին լաբորատորիայում: Մոտավորապես մեկ շաբաթ հետո նրանց համար «կազմակերպել» են անքուն գիշեր: Անքուն գիշերվան հաջորդող առավոտյան կամավորներին խնդրեցին պատմել իրենց զգացողությունների և մտքերի մասին: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ անքուն գիշերվանից հետո խախտվել էր ուղեղի կարևոր ֆունկցիան՝ տեղեկատվության ֆիլտրումը:

Բացի այդ, փորձի մասնակիցների մոտ դրսևորվել է գերզգայունություն լույսի, գույնի կամ պայծառության նկատմամբ: Նրանց մոտ փոխվել էր ժամանակի և հոտերի ընկալումը: Սովորաբար, նույնն է տեղի ունենում հոգեկան խանգարումների զարգացման, այդ թվում՝ շիզոֆրենիայի դեպքում:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Doctors.am
Նյութը՝ www.medicalnewstoday.com