Թերապետիկ գործընթացն իրենից ներկայացնում է սովորաբար մեկ ժամ տևող հանդիպումների շարք։ Անկախ հանդիպումների քանակից (թեկուզ ընդամենը մեկ հանդիպում լինի) և դրանց ընդհանուր տևողությունից՝ թերապետիկ գործընթացը կարելի է բաժանել հինգ փուլերի, որոնցից յուրաքանչյուրում որոշակի խնդիրներ են լուծվում։

Գոյություն ունեն մի ամբողջ շարք գործոններ, որոնք էապես նվազեցնում են կոնսուլտատիվ և թերապևտիկ գործընթացների արդյունավետությունը։ Հարկավոր է իրատեսորեն գնահատել հոգեթերապիայի հնարավորությունները։

Խանդավառ-լավատեսական մոտեցումը, որի համաձայն՝ հնարավոր է աշխատել ցանկացած տիպի այցելուի ցանկացած տիպի, պրոբլեմի հետ և հաջողության հասնել, իրատեսական չէ։

Թերապիայի արդյունավետությունը կասեցնող գործոնները կարելի է բաժանել չորս խմբի.

1. այցելուի պրոբլեմների բնույթի հետ կապված գործոններ

2. այցելուի անձի հետ կապված գործոններ

3. կոնսուլտանտի մասնագիտական պատրաստվածության հետ կապված գործոններ

4. կոնսուլտանտի անձի հետ կապված գործոններ։ Կան մի շարք պրոբլեմներ, որոնց դեպքում հոգեթերապիայի գործադրումը արդյունավետ չէ։

Հայտնի է, օրինակ, որ շիզոֆրենիայով տառապող անձանց հետ աշխատելիս հոգեթերապիան գործնականում զրոյական արդյունք է տալիս։

Շատ մեծ դժվարությունների հետ է կապված նաև հոգեթերապիայի գործադրումը հիստերիայի դեպքում։ Հոգեմարմնական հիվանդություններով ու խանգարումներով տառապող այցելուներր հաճախ իրենց զուտ մարմնական հիվանդ են համարում և նախընտրում են դեղորայքային բուժում ստանալ։ Նրանք, գիտակցելով հանդերձ, որ իրենց պրոբլեմների առաջացումը հոգեբանական պայմանավորվածություն ունի, առավել հեշտ ճանապարհ են րնտրում։

Կարևոր նշանակություն ունի նաև պրոբլեմի վաղեմիությունը։ Հարկավոր է նկատի ունենալ, որ պրոբլեմների վաղեմիությունը էական ազդեցություն է գործում այցելուի մոտիվացիայի, ասել է թե՝ իր պրոբլեմները լուծելու ցանկության ուժգնության վրա։

Ժամանակային առումով որքան ավելի հին է պրոբլեմը, այնքան ավելի հավանական է, որ այցելուն պրոբլեմային իրավիճակի փոխհատուցման ինչ-որ ձևեր ու միջոցներ է մշակել։

Փոխհատուցման այդ միջոցները պիտանի չեն պրոբլեմները լուծելու համար։

Օրինակ՝ ընտանեկան կոնֆլիկտների դեպքում ամուսինը կարող է սկսել ագրեսիվ վարք ցուցաբերել, բավարար ժամանակ չանցկացնել տանը կամ խուսափել ընտանեկան գործերին բավարար մասնակցություն ունենալուց: