Հոկտեմբերի 16-ը Ալերգոլոգների միջազգային օրն է: «Ալերգիա» տերմինն առաջին անգամ կիրառվել է 1906 թվականին՝ ավստրիացի բժիշկ Կլեմենս Ֆոն Պիրկի կողմից: 
Ալերգիան օրգանիզմի գերզգայուն պատասխանն է շրջակա միջավայրի տարբեր ազդակների նկատմամբ: 
Բուժվո՞ւմ է, արդյոք, ալերգիան, ո՞ր տեսակներն են առավել տարածված եւ ինչպե՞ս ապրել քրոնիկ ալերգիայով. Doctors.am-ի հետ զրույցում պարզաբանում է ալերգոլոգ Զարուհի Կալիկյանը:


Ի՞նչ է ալերգիան եւ դրա ո՞ր տեսակներն են առավել տարածված:
Եթե մարդն ունի ալերգիա, նշանակում է՝ նրա իմուն համակարգը չի ընդունում շրջակա միջավայրում առկա այս կամ այն ազդակները, որոնք մենք կոչում ենք ալերգեններ, եւ օրգանիզմն ինչ-որ կերպ պատասխանում է դրանց: Ալերգիայի դեպքում գործ ունենք իմուն համակարգի հետ, բայց կա նաեւ պսեւդոալերգիկ վիճակ, որի դեպքում իմուն համակարգը ներգրավված չէ: Օրինակ՝ մարդը պարզապես շատ է կերել, վրան դուրս է տվել:
Սովորաբար առաջին «հանդիպումը» ալերգենի հետ չի առաջացնում որեւէ ռեակցիաներ, օրգանիզմը պարզապես հասունացնում է գերզգայունությունը, իսկ արդեն երկրորդ «հանդիպման» ժամանակ ի հայտ են գալիս ռեակցիաներ: 
Ալերգիաները պայմանականորեն բաժանում ենք երկու վիճակի՝ սուր եւ քրոնիկ: Քրոնիկ ալերգիկ հիվանդություններից ամենատարածվածները երեքն են՝ ռինիտը, բրոնխյալ ասթման եւ ատոպիկ դերմատիտը: Իսկ սուր ալերգիկ վիճակներից ամենածանրը անաֆիլաքսիան է: Սուր ալերգիկ վիճակ է նաեւ եղնջացանի, այտուցների առկայությունը: Պատճառային հիմնական ալերգեններից են սնունդը, դեղորայքը, ծաղկափոշին, փոշու տիզը, կենդանիների մազերը, բորբոսասնկերը, կարող է ալերգիա առաջանալ նաեւ միջատների խայթոցից եւ այլն: 
Կլինիկորեն ամենատարածված ալերգիան ալերգիկ ռինիտն է, որն ավելի հաճախ կապված է սեզոնի հետ, սրանում է հատկապես գարնանը կամ ամռանը:

Ալերգիան բուժվո՞ղ հիվանդություն է:
Քրոնիկ ալերգիաները, ինչպես եւ մյուս քրոնիկ հիվանդությունները, վերահսկվող հիվանդություններ են, դրանց միշտ պետք է հետեւել: Սակայն գոյություն ունի նաեւ սպեցիֆիկ իմունոթերապիա: Դա կիրառվում է այն դեպքում, երբ կա կոնկրետ ալերգեն եւ այն  հայտնի է:  Օրինակ, այս մեթոդով կարելի  է բուժել ծաղկափոշու, փոշու տիզի նկատմամբ ալերգիան, բայց եթե ալերգենները մի քանիսն են, կամ կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա ալերգիան, ըստ էության, անընդհատ վերահսկողության կարիք կունենա:  
Շատ կարեւոր է աչքաթող չանելը: Օրինակ, եթե երեխայի մոտ վաղ տարիքում հավելակերերից կամ կաթից ալերգիա կա, կամ երկու ծնողներն էլ ալերգիկ են, ապա երեխայի՝ ալերգիկ լինելու հավանականությունը 70 տոկոս է: Այս դեպքում ուշադիր լինելը շատ կարեւոր է: Ինչքան շուտ ուշադրություն դարձվի խնդրին, այնքան ավելի հեշտ կլինի ալերգիայի խորացումը կանխելը: 

Փաստորեն, ստացվում է, որ ալերգիա ունեցող մարդն ամբողջ կյանքում պետք է բուժվի:
Միշտ այդ օրինակը բերում եմ՝ եթե մարդն ունի շաքարային դիաբետ կամ հիպերտոնիկ հիվանդություն, նա հասկանում է, որ ամբողջ կյանքում պետք է դեղ խմի եւ վերահսկի հիվանդությունը: Նույնը քրոնիկ ալերգիայի դեպքում է, սակայն այս պարագայում մի քիչ բարդ է մարդկանց դա հասկանալը:

Կարո՞ղ ենք ասել, որ մարդիկ, մեծ հաշվով, ալերգիան չեն ընկալում որպես հիվանդություն:
Այո, կարող ենք: Իրենք սպասում են, որ մեկ դեղ խմելով իրենց հարցը կլուծվի: Մտածում են՝ դե, ալերգիա է, միեւնույն է՝ չի բուժվում, սակայն ինչպես եւ մյուս քրոնիկ հիվանդությունները, ալերգիայի դեպքում էլ բուժումը վերահսկելիության մեջ է:

Կարո՞ղ է քրոնիկ ալերգիայով մարդը բնականոն կյանք վարել:
Այո, կարող է: Մարդն ապրում է նորմալ կյանքով, ախտանշանները վերահսկելի են: Պետք է նաեւ հատուկ սննդակարգի հետեւել, նույնիսկ այն դեպքում, երբ ալերգենը սնունդը չէ, որովհետեւ սննդի մեջ էլ կան որոշ տեսակներ, որոնք լրացուցիչ խթանում են ալերգիկ պրոցեսներին մասնակցող բջիջները: Եթե նույնիսկ Ձեզ մոտ ռինիտ է կամ ասթմա, եւ նշանակվում է սննդակարգ, պետք է անպայման հետեւել այդ սննդակարգին: Սակայն ինչքան էլ բժիշկն ուղղորդի, ամեն մարդ ինքը պետք է իրեն վերահսկի:

Ալերգոլոգների օրվա հետ կապված՝ ի՞նչ կմաղթեք Ձեր կոլեգաներին եւ պացիենտներին:
Պացիենտներին կմաղթեմ առողջություն, ինչպես նաեւ՝ համագործակից լինեն բժիշկների հետ: Կոլեգաներին նույնպես առողջություն կմաղթեմ, եւ թող ուրախ լինեն:



Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը