Կլինիկական հոգեբանության մեջ դասական հոգեսոմատիկ հիվանդությունները կամ փսիխոմատոզները հայտնի են <<սուրբ յոթնյակ>> կամ <<չիկագյան յոթնյակ>> անվանումներով /F54/: Դրանք են` էսենցիալ հիպերտոնիան, տասներկումատնյա աղիքի խոցը,խոցային կոլիտը,բրոնխիալ ասթման,շաքարային դիաբետը, նեյրոդերմիտը,ռևմատոիդ արտրիտը:

1.Շնչառական համակարգի խանգարումներ

Շնչառությունը ոչ միայն ֆիզիոլոգիական վիճակ է,այլև ես-ի վիճակ:Շնչառությունը շատ զգայուն է հույզերի հանդեպ և արտահայտում է տվյալ պահին մարդու հոգեվիճակը:Բացի այդ՝ շնչառության միջոցով հավասարակշռություն է հաստատվում անհատի և միջավայրի միջև:Շնչառական համակարգը յուրահատուկ է նրանով,որ այն միակ ֆունկցիան է,որն անհատը սկսում է իրականացնել ծնվելուց հետո միայն:Մնացած ֆունկցիաները ձևավորվում են ներարգանդային շրջանում:Այսպիսով,առանձնանալով մոր օրգանիզմից ,անհատն առաջին հերթին շնչում է,որն արտահայտվում է լացի ձևով և դա,ըստ էության, ինքնուրույն կյանքի առաջին դրսևորումն է:Շնչառական համակարգի հոգեսոմատիկ խանգարումներից է բրոնխիալ ասթման: Ասթման ձգտումն է դեպի մայրը,որն արտահայտվում է շնչառության պաթոլոգիկ փոփոխություններով:Դրանք առաջին հերթին վկայում են տագնապի մասին,անգիտակցական մակարդակում` վախ սիրո կորստի կամ կաստրացիայի վախ,իսկ գիտակցական մակարդակում այն տրանսֆորմացվում է շնչահեղձ լինելու վախի: Ասթմատիկ նոպաները օգնության կանչ են ` ուղղված մորը,քանի որ մայրը մարդու կյանքի առաջին օրերի հզորության էտալոնն է: Ասթման և ալերգիան պայմանավորող հիմնական գործոնն անգիտակցական կոնֆլիկտն է անհատի և արտաքին աշխարհի միջև: Այլ կերպ ասած՝ կոնֆլիկտի հիմքում ընկած է մորից կախվածությունը: Արդյունքում նոպան հակազդումն է,որն առաջանում է մորից բաժանվելու արդյունքում : Ասթմատիկ նոպան անգիտակցական մակարդակում արտահայտում է ճնշված լաց: Այս տեսակետն ամրապնդվում է նրանով ,որ հիվանդները հաճախ նշում են,որ դժվար են լաց լինում:Բացի դա՝ նոպան ավարտվում է,երբ անձն իր հույզերը կարողանում է արտահայտել լացի միջոցով: Նաև վիճակը լավանում է,երբ անձը խոստովանում է մի բան,ինչի համար մեղքի զգացում ունի:Խոսքը նույնպես,ինչպես և լացը,կապված է շնչառության հետ:Հետևապես խոսքի միջոցով մեծահասակը հասնում է նույն արդյունքին, ինչին նորածինը` լացով:

2.Սրտանոթայնին համակարգի խանգարումներ

Այս խանգարումների համար սպեցիֆիկ հուզական գործոններն են քրոնիկ տագնապը և անընդհատ ճնշվող ագրեսիվ իմպուլսները: Ագրեսիան մեծացնում է տագնապը,իսկ տագնապն իր հերթին ուժեղացնում է ագրեսիան`ստեղծելով նևրոտիկ, արատավոր շրջան:Հոգեսոմատիկ կոմպոտենտները բնորոշ են էսենցիալ հիպերտոնիային, սրտի իշեմիկ հիվանդությանը,սրտի ռիթմի խանգարումներին,կարդիոնևրոզին: Էսենցիալ հիպերտոնիան զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացումն է առանց օրգանական շեղումների:Հիպերտոնիկի ամենաբնորոշ առանձնահատկությունն ագրեսիվ իմպուլսները արտահայտելու անկարողությունն է:Առկա ներանձնային կոնֆլիկտը վերաբերում է ագրեսիվ հակումներին և կախվածության մեջ լինելու ցանկությանը:Հիպերտոնիան պայմանավորված է մի կողմից մարդու ՝ թշնամանքը բացահայտ արտահայտելու ցանկությամբ, մյուս կողմից հանդես է գալիս պասիվ և ադապտատիվ վարք ցուցաբերելու պահանջմունքով:Այս ամենն առաջացնում է տագնապ,ինչի հետևանքով ագրեսիան և բացասական հույզերը ճնշվում են:Դա էլ հանգեցնում է արտերիալ ճնշման բարձրացմանը: Սրտանոթային համակարգի խանգարումների ընդհանուր հոգեդինամիկ նկարագիրը հետևյալն է.ագրեսիա,մրցակցային տենդենցներ,անհաջողություն,վախ,կախվածության մեջ գտնվելու ցանկության ուժեղացում, թերարժեքություն, ագրեսիա, մրցակցային տենդենցների վերաակտիվացում, տագնապ և թշնամական իմպուլսների ճնշում,արտերիալ հիպերտոնիա:

3.Մաշկային հիվանդություններ

Մաշկը մի շարք բնութագրիչ կողմեր ունի.
1. Այն հույզերի արտահայտման ամենազգայուն օրգաններից է,
2. Այն պաշտպանական ֆունկցիա է կատարում: Լինելով մարմնի արտաքին թաղանթը` մաշկը վերլուծում է արտաքին գրգիռները և անհրաժեշտության դեպքում չեզոքացնում դրանք:
3. Մաշկը կարևոր էրոգեն գոտի է:
4. Որպես օրգանիզմի արտաքին թաղանթ,դրա տեսանելի մաս` մաշկն արտահայտում է էքսգիբիցիոնիզմի շուրջ կոնֆլիկտը:
5 Մաշկային ռեակցիան կապված է տագնապի հետ:
6. Ցավի զգացումը նույնպես կապված է մաշկի հետ, հետևաբար մազոխիստական տենդենցները սիմվոլիկ ձևով ևս կապվում են սրա հետ: Մաշկի դասական հոգեսոմատիկ խանգարումները` նեյրոդերմիտը,էկզեման,փսիորիազը,քորը,ցանը, առաջանում են վերոհիշյալ առանձնահատկությունների հիպեր կամ փերֆունկցիաների հետևանքով:Մաշկային հիվանդությունների հիմքում,որպես կանոն,ընկած է մանկական տրավման,որպես մոր հետ փոխհարաբերությունների խանգարման արդյունք: Հիվանդների մայրերը կամ ենթագիտակցական թշնամանքով են վերաբերվել իրենց կամ վատ են խնամել`խուսափելով մաշկայի կոնտակտից:Արդյունքում երեխայի հոգեկանում առաջանում է ներհոգեկան կոնֆլիկտ ագրեսիվ իմպուլսների և մորից կախվածության մեջ լինելու ցանկության միջև,որն արտահայտվում է մաշկի միջոցով և որը հոգեվերլուծության մեջ կոչվում է վերնամաշկի լիբիդոզային բեռնավորում:Մաշկային խանգարումները կապված են նաև միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների հետ,երբ անձը դրսևորում է ուժեղ զգացմունքներ,սպասումներ, ձգտում է մտերմիկ հարաբերությունների,սակայն այդ ամենը չի իրականացվում կամ անձի ամբիվալենտության կամ շրջապատի մերժման հետևանքով:Այս կոնֆլիկտում անձը ձգտում է ցուցադրել իր մարմնական կողմը,հետևաբար նաև արտահայտել իր էքսգիբիցիոնիստական հակումները:Դրանց միանում են սադոմազոխիստական տենդենցները և որպես արդյունք առաջանում է մեղքի զգացում:Ստացվում է, որ մաշկն, օգտագործվելով որպես էքսգիբիցիոնիզմի միջոց,դառնում է հիվանդության օբյեկտ:

4.Էնդոկրին համակարգի խանգարումներ

 

Այս համակարգը պատասխանատու է հորմոնների արտադրության համար և հոգեբանական տեսանկյունից որոշում է անձի ընդհանուր բավարարվածությունը: Էնդոկրին համակարգի հոգեսոմատիկ խանգարումներն են շաքարային դիաբետն և տիրեոտոքսիկոզը: Առաջինի խանգարման դեպքում առկա է բազային կոնֆլիկտ՝ կապված սնունդ ընդունելու հետ,որն արտահայտվում է ագրեսիվ օրալային տենդենցների միջոցով:Դիաբետիկները հակված են ռեգրեսի, դեպի ինֆանտիլ կախվածության դիրքորոշումը,սակայն դրա հետ մեկտեղ նրանք պասիվ են և ադեկվատ չեն իրենց հակազդումներում,ինչի հետևանքով քրոնիկ անբավարարվածության վիճակում են գտնվում: Սա հանգեցնում է նրան, որ անձն իր ողջ կյանքը կազմակերպում է իր հիվանդության շուրջ: Այսինքն դիաբետը դառնում է կենսաձև: Տիրեոքսիկոզն առաջանում է վահանաձև գեղձի հիպեր կամ թերֆունկցիաների հետևանքով: Հիվանդության հոգեդինամիկ աղբյուրը պաշտպանվածության զգացումի բացակայություն է վաղ մանկության տարիքում և երեխայի պահանջմունքների ֆրուստրացիան ծնողների կողմից: Արդյունքում երեխան ժամանակից շուտ իդենտիֆիկացվում է ծնողներից մեկի՝ հատկապես մոր հետ. <<Եթե ես չեմ կարող լինել ծնողիս կողքին ,ապա պետք է դառնամ նրա նման,որպեսզի կարողանամ գոյություն ունենալ առանց նրա>>: Սակայն այս վաղ իդենտիֆիկացիան գերազանցում է անհատի ֆիզիկական և հոգեկան հնարավորությունները և հանգեցնում ներքին լարվածության,տագնապի: Այսպիսով՝ տիրեոտոքսիկոզի հոգեդինամիկական նկարագիրը հետևյալն է ՝ կախվածության ցանկության ֆրուստրացիա և անպաշտպանվածություն, կախվածության օբյեկտի հետ վաղ, անհաջող իդենտիֆիկացիա, ինքնահաստատման և շրջապատին օգնելու ձգտում, անհաջողություն, տիրեոքսիկոզ:

5. Հենաշարժողական համակարգի խանգարումներ

 

Այս համակարգի հոգեսոմատիկ խանգարումն է ռևմատոիդ արտրիտը: Հիվանդության հիմքում ընկած են ագրեսիվ իմպուլսները,արտամղումը,դոմինանտության հասնելու ձգտումը, մազոխիստական դրսևորումները ինքնազոհողության, շրջապատի հանդեպ չափազանց հոգատարության ձևով: Կանանց հատուկ է կանացի դերի մերժումը,որը հոգեվերլուծության մեջ կոչվում է բողոքի մասկուլին ռեակցիա: Հիվանդությունը պայմանավորող ագրեսիվ իմպուլսները նրանց մոտ արտահայտում են անգիտակցական բողոք` ուղղված մորը: Ընհանրացնելով այս ամենը՝ կարող ենք նշել հիվանդության հոգեդինամիկ նկարագիրը. ծնողների կողմից սահմանափակումները և միևնույն ժամանակ հիպերխնամքը մանկության ժամանակ, բողոք` ուղղված ծնողներից մեկի դեմ, բողոքի ճնշում ծնողներից կածվածության մեջ գտնվելու միջոցով, բողոքի արտահայտում ֆիզիկական ակտիվության միջոցով, դեռահասության շրջանում թշնամանքի արտահայտումն ինքնազողության, շրջապատին կառավարելու,մասկուլին բողոքի ձևով,անհաջություն,մկանային տոնուսի բարձրացում, արտրիտ:

6.Մարսողական համակարգի խանգարումներ

 

Այս համակարգի հիմնական ֆունկցիաներն են կլանումը և արտազատումը: Վաղ մանկության ժամանակ այս երկու պրոցեսներն են որոշում երեխայի հուզական կյանքը և կապը արտաքին աշխարհի հետ:Հաճախ սնման պրոցեսը հասուն անհատին տալիս է ոչ միայն հագեցվածության,այլև պաշտպանվածության,անվտանգության զգացում:Վերջապես շատերի համար այս պրոցեսը բավարավածության հասնելու միակ միջոցն է հանդիսանում,սակայն վերոհիշյալ պահանջմունքը ֆրուստրացվում է,ինչի հետևանքով էլ զարգանում են հոգեսոմատիկ հիվանդություներ :Դրանցից է տասներկու մատնյա աղիքի խոցը ,որին հատուկ է ներքին կոնֆլիկտ կախվածության ինֆանտիլ ցանկության և հասուն էգոի անկախության ձգտման միջև:Արդյունքում տեղի է ունենում ռեգրես.կախվածության ցանկությունը վերածվում է կերակրված լինելու ցանկության: Խոցային հիվանդության պաթոգենեզի մեջ կենտրոնական գործոնը կախվածության ,օրալային ցանկության ֆրուստրացիան է: Չգտնելով իրենց բավարարումն արտաքին աշխարհում` դրանք ստեղծում են քրոնիկ հուզական լարվածություն,որն սպեցիֆիկ կերպով ներգործում է մարսողական համակարգի վրա:

7.Խոցային կոլիտ

 

Հայտնի յոթնյակի մեջ մտնում է նաև խոցային կոլիտը: Հաճախ այն դիտարկվում է որպես մելանխոլիայի սոմատիկ էկվիվալենտ,որին հատուկ են աուտոդեստրուկտիվ սուիցիդալ տենդենցներ: Ալեքսանդրի բնորոշմամբ խոցային կոլիտն աղիքային ինքնասպանությունն է: Արտաքուստ այս անձինք նյարդային են, բռնկուն, շատ զգայուն,հակված են կպչունության: Բազային կոնֆլիկտն անինքնավստահությունն է, սիմվոլիկ ձևով արտահայտում է անցյալի խնդիրներից արագ հրաժարում: Խնդիրն առաջ է գալիս ծնողների չափից դուրս պահանջկոտության հետևանքով, որի հետևանքով առաջանում է պարտության և ճնշվածության զգացում, ձևավորվում է անվստահություն: Անձն ունի չբավարաված սիրո և քնքշանքի պահանջմունք:


Նյութը` "Գոյ" հոգեբանական կենտրոնի