Օրերս Երևանում կայացավ «Ճարպակալում» 3-րդ միջմասնագիտական գիտաժողովը՝ մեկ հարթակում միավորելով շուրջ 300 մասնագետների Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Քաթարից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը, որը մշտապես հետևում է առողջապահական ոլորտի զարգացումներին և գիտական ու կրթական նախաձեռնությունների կողքին է, այս տարի «Ճարպակալում» 3-րդ միջմասնագիտական գիտաժողովի գլխավոր հովանավորն էր, իսկ գիտաժողովի համակազմակերպիչը՝ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, բարիատրիկ վիրաբույժ, «Մինիմալ ինվազիվ վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը։
Գիտաժողովը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ «Մինիմալ ինվազիվ վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ի և «Մեդպրոգրես» առողջապահական հիմնադրամի համատեղ ջանքերով։
Երկու օր շարունակ առողջապահական ոլորտի տեղի և արտերկրի լավագույն փորձագետները՝ վիրաբույժներ, էնդոկրինոլոգներ, սրտաբաններ, գինեկոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ և այլ մասնագետներ, հանդես եկան զեկույցներով և անցկացրեցին մասնագիտական քննարկումներ ճարպակալման խնդիրը խորությամբ ուսումնասիրելու և դրա դեմ պայքարի արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։
Լևոն Նիկիտայի Գրիգորյանը ճարպակալումը դիտարկում է որպես գենետիկորեն պայմանավորված, բազմագործոն, կրկնվող և քրոնիկ ընթացք ունեցող խնդիր, ինչը հանդիսանում է համաշխարհային առողջապահության առաջնահերթ մարտահրավերներից մեկը։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը հանդիսանում է ճարպակալման վիրաբուժական բուժման առաջատար և բարձր հոսքային կենտրոն Հայաստանում և ճարպակալման վիրաբուժական բուժումը իրականացնում է ժամանակակից մոտեցումներին և պահանջներին համահունչ։
.jpg)
«Ճարպակալում» գիտաժողովի ընթացքում գիտական արդի զեկույցներով իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեցան նաև «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մասնագետները՝ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանը, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Ամիրյանը, ընդունարանի բաժանմունքի ղեկավար, սրտաբան Հովհաննես Կժդրյանը, օրթոպեդ-վնասվածքաբան Հովնան Հարությունյանը և գինեկոլոգ, ԱԱԻ-ի գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը:
«Ճարպակալումը համարվում է ոչ վարակիչ համաճարակ, և մեր նպատակն է այս հիվանդության մասին հնարավորինս շատ տեղեկատվություն տարածելը, մասնագետների միջև կապեր ստեղծելը, խնդրի բուժման արդի մոտեցումները վեր հանելը։ Այս ամենի արդյունքում կունենանք ավելի արդյունավետ բուժում, ավելի արագ ապաքինում և առողջ հասարակություն»,- մեզ հետ զրույցում նշեց «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բարիատրիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը։
Ներկայումս ճարպակալման բուժման ժամանակակից և ամենարդյունավետ տարբերակը մնում է բարիատրիկ/մետաբոլիկ վիրահատությունը։
Բժիշկ Գրիգորյանը հավելում է․ «Բարիատրիկ վիրահատությունները հնարավորություն են տալիս մի կողմից վերականգնել արդեն իսկ խաթարված առողջությունը, մյուս կողմից՝ կանխարգելել ճարպակալման հետ փոխկապակցված խնդիրների զարգացումը։ Այս վիրահատությունները փոխում են մարդկանց կյանքի որակը և հաճախ նոր կյանքի սկիզբ են հանդիսանում»։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի օրթոպեդ-վնասվածքաբան Հովնան Հարությունյանն ընդգծեց, որ խնդիրը միայն ավելորդ քաշը չէ․ նյութափոխանակության խանգարումներն ինքնին ազդում են հոդաճառի կառուցվածքի վրա՝ արագացնելով դրա քայքայումը։ «Ճարպակալումը վերափոխում է հոդի կենսաքիմիական կառուցվածքը, որը կարող է նպաստել օսթեոարթրոզի զարգացմանը, իսկ օսթեոարթրոզը արդեն ուղիղ ճանապարհ է դեպի հաշմանդամություն», - նշեց նա։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի գինեկոլոգ, ԱԱԻ-ի գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանն էլ հավելեց՝ ճարպակալումը միայն մեկ օրգան համակարգի հիվանդություն չէ․ այն ուղեկցվում է օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարումներով կամ հիվանդություններով։ Ճարպակալումը բացասաբար է անդրադառնում նաև պտղաբերության վրա՝ հաճախ բարդություններ առաջացնելով հղիության ընթացքում և ազդելով մոր ու երեխայի հետագա առողջության վրա։ «Քաշի նվազեցումը հաճախ նպաստում է բազմաթիվ խնդիրների կարգավորմանը․ նույնիսկ տարիներով անպտղություն ունեցող կինը կարող է բնական ճանապարհով հղիանալ»,- ասաց բժիշկ Տեր-Մինասյանը։
Այս տարի գիտաժողովի կարևոր թեմաներից մեկն էր բարիատրիկ միջամտությունից հետո վերականգնման բարելավված պրոտոկոլների քննարկումը։ «Պետք է հասկանալ, որ բարիատրիկ վիրահատությունը միայն սկիզբն է։ Դրանից հետո բուժառուն ունի պատասխանատվություն՝ փոխելու իր սննդային վարքը և ապրելակերպը ամբողջ կյանքի ընթացքում»,- նշեց «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Ամիրյանը՝ ընդգծելով հետվիրահատական փուլում հետևողականության կարևորությունը։
Գիտաժողովը նախատեսված էր ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ թեմայով հետաքրքրված լայն հանրության համար։ Գիտաժողովի մասնակից հյուրերը ևս բարձր են գնահատել վերջինիս դերը ոլորտի զարգացման և ճարպակալման հաղթահարման առաջընթացի համար։
«Ճարպակալում» 3-րդ միջմասնագիտական գիտաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց պարզ, բայց կարևոր ուղերձը՝ ճարպակալումը պահանջում է միասնական, համակարգված և բազմամասնագիտական մոտեցում, իսկ տարբեր ոլորտի բժիշկների համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը անմիջապես արտացոլվում են պացիենտների առողջության և կյանքի որակի վրա։





