Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Այս տարվա կարգախոսն է՝ «Յուրաքանչյուրի պատմությունը յուրահատուկ է, յուրաքանչյուրի անցած ճանապարհը կարևոր է»։
Ինչո՞ւ այս կարգախոսը։
Կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր ախտորոշման հետևում թաքնված է քաջության և հույսի պատմություն։ Այս կարգախոսը մեզ հիշեցնում է, որ կրծքագեղձի քաղցկեղը տարբեր կերպ է անդրադառնում կանանց և նրանց ընտանիքների կյանքի վրա, և որ յուրաքանչյուրի անցած ճանապարհը այս խնդրի հետ պայքարում արժանի է կարեկցանքի և աջակցության։ Այս տարվա կարգախոսը առանձնահատուկ կերպով ընդգծում է նաև, թե որքան կարևոր է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող յուրաքանչյուր բուժառուի համար ժամանակին ստանալ որակյալ բուժօգնություն և ապրումակցում։
Համաշխարհային մարտահրավեր
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղն է ամբողջ աշխարհում։ 2022 թվականին այս հիվանդությունը ախտորոշվել է մոտ 2.3 միլիոն կնոջ մոտ, և ևս 670,000-ը մահացել են հիվանդությունից։
Սրանք պարզապես թվեր չեն, այլ առանձին մարդկային պատմություններ։
Բարձր եկամուտ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղի հնգամյա գոյատևման մակարդակը գերազանցում է 90%-ը, մինչդեռ Հնդկաստանում այն կազմում է 66%, իսկ Հարավային Աֆրիկայում՝ ընդամենը 40%։
Այս անհավասարությունները պայմանավորված են վաղ հայտնաբերման, ժամանակին ախտորոշման և արդյունավետ բուժման անհավասար հասանելիությամբ։ Եթե ներկայիս միտումը շարունակվի, կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը հիվանդացության և մահացության մակարդակը կաճի 40%-ով։
Ի՞նչ անել կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար
Կրծքագեղձի սկրինինգ քննությունն իրականցվում է․
- Մինչև 40տ. կանանց – կրծքագեղձի ուլտրաձայնային զննություն /սոնոգրաֆիա/
- 40-50տ. – կրծքագեղձի ամենամյա ուլտրաձայնային զննություն, որը ամեն 2 տարին մեկ ուղեկցվում է մամոգրաֆիկ հետազոտությամբ
- 50տ. բարձր – մամոգրաֆիկ ամենամյա զննություն
Կրծքագեղձի հետևյալ փոփոխությունների դեպքում անպայման պետք է հետազոտվել․
- առկա է կրծքագեղձի չափի, ձևի և տեսքի փոփոխություն,
- կրծքագեղձում շոշափել եք «գնդիկի» նման գոյացություն,
- նկատելի է կրծքագեղձի մաշկի այտուցվածություն և կարմրություն,
- պտուկի կամ արեոլայի (պտուկի շուրջ եղած մաշկը) ձևի և տեսքի փոփոխություն,
- արտադրություն կրծքագեղձերից։
Սիրելի՛ կանայք, անպայման հետազոտվե՛ք ժամանակին և հիշե՛ք, որ առողջությունը կարևոր է։



