Հուլիսի 21-ին Երևանի պետական բժշկական համալսարանում կայացավ կրծքագեղձի և ստամոքս-աղիքային ուռուցքաբանության վերաբերյալ միջազգային կրթական գիտաժողով՝ կազմակերպված Եվրոպական ուռուցքաբանության դպրոցի (ESO) և OncoDaily հարթակի կողմից։ Միջոցառման նպատակն էր խթանել գիտելիքների փոխանակումը, մասնագիտական համագործակցությունը և ներկայացնել ոլորտի նորագույն մոտեցումները։ Գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել Եվրոպայից ժամանած աշխարհահռչակ փորձագետներին և Հայաստանի առաջատար մասնագետներին։
Եվրոպական ուռուցքաբանության դպրոցի նախագահ, բժիշկ-ուռուցքաբան Ալեքսանդր Էնիուն մեզ հետ զրույցում շեշտեց կրթության շարունակականության կարևորությունը. «Մենք ձգտում ենք բարելավել կրթական գործընթացները, որպեսզի ապագայում կարողանանք մարդկանց ավելի լավ բուժում առաջարկել և նրանց կյանքը դարձնել որակապես ավելի բարձր։ Եվրոպական ուռուցքաբանության դպրոցը տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և շատ առավելություններ մասնագիտական աճի, ինչպես նաև ոլորտի կարևոր նախաձեռնություններում ներգրավված լինելու համար»։
Ծրագիրը ներառում էր մի շարք թեմատիկ ելույթներ, որոնք նվիրված էին կրծքագեղձի և ստամոքս-աղիքային քաղցկեղի բուժման տարբեր կողմերին՝ սկսած վիրաբուժական մոտեցումներից և ճառագայթային թերապիայից մինչև ախտորոշման ժամանակակից մեթոդներ։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցներն ընդգրկվեցին ինտերակտիվ քննարկումներում, վերլուծեցին բարդ կլինիկական դեպքեր և ակտիվորեն փոխանակեցին մասնագիտական կարծիքներ։
Բելգիայից ժամանած ժշկական գիտությունների դոկտոր Էրիկ Վան Կուտսեմը (Բելգիայի Լյովեն քաղաքի հիվանդանոցի ստամոքսաղիքյաին օնկոլոգիայի բաժանմունքի ղեկավար) նշեց. «Ես տեսնում եմ բազմաթիվ երիտասարդ մասնագետների, ովքեր լի են էնտուզիազմով, հետաքրքրությամբ և գիտելիք ձեռք բերելու ձգտումով։ Իմ խորհուրդը երիտասարդ բժիշկներին կլինի այն, որ լրջորեն վերաբերվեն իրենց կրթությանը։ Անհրաժեշտ է սովորել մտածել սահմաններից դուրս և մշտապես բաց լինել նորի նկատմամբ»։
Իսկ Եվրոպական ուռուցքաբանության դպրոցի անդամ, կրծքագեղձի վիրաբույժ Նիկոլաս Փերաձեն նշեց, որ գիտաժողովը կազմակերպված էր բարձր մակարդակով. «Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու այս կարևոր գիտաժողովին։ Սա ոչ միայն հարթակ էր մասնագիտական փորձի փոխանակման համար, այլև բացառիկ հնարավորություն՝ երիտասարդ բժիշկների համար։ Նրանք այստեղ կարող են ծանոթանալ այն նորարարություններին, որոնք տեղի են ունենում ուռուցքաբանության ոլորտում ողջ աշխարհում։ Նման հանդիպումները կարևոր են սերունդների միջև կամուրջներ ստեղծելու և ոլորտի շարունակական զարգացման համար»։
Հայաստանում ուռուցքաբանական համայնքի ներկայացուցիչները ևս բարձր գնահատեցին նման գիտաժողովների նշանակությունը։ D Clinic-ի հիմնադիր-տնօրեն, Պրոֆեսոր Ռ. Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը նշեց. «Այսպիսի միջոցառումները մեծ արժեք ունեն մեզ նման զարգացող երկրների համար։ Երբ աշխարհահռչակ մասնագետները գալիս են Հայաստան, մենք ստանում ենք բացառիկ հնարավորություն՝ շփվելու նրանց հետ, ծանոթանալու միջազգային փորձին, մասնակցելու հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումներին և ներգրավվելու մասնագիտական երկխոսության մեջ»։
Հայաստանյան բժշկական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հովհաննես Վարդևանյանը, ով ղեկավարում է ռադիոլոգիայի ծառայությունները «Ուիգմոր Քլինիքո»-ում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում, ինչպես նաև «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, խոսելով գիտաժողովի մասին, ընդգծեց. «Սա շատ բարձր մակարդակի գիտաժողով էր, որը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար։ Նման հարթակներում մենք կարող ենք կիսել մեր փորձը, միևնույն ժամանակ լսել և ուսումնասիրել համաշխարհային փորձը։ Կարևոր է ոչ միայն հասկանալ, թե որ ոլորտներում կա աճի անհրաժեշտություն, այլև տեսնել՝ ինչն ենք արդեն լավ անում»։
Այսպիսով, ESO-OncoDaily կրթական գիտաժողովը ևս մեկ կարևոր քայլ էր միջազգային փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, որը իր դրական ազդեցությունը կունենա ոլորտի առաջընթացի վրա։

.jpg)






Աղբյուրը՝ Doctors.am



