Էնդոսկոպիկ վիրաբուժությունն այսօր հեղաշրջել է ավանդական վիրաբուժական մոտեցումները և դարձել ժամանակակից ուրոլոգիայի կարևորագույն ուղղություններից մեկը։ Այս մեթոդով արդյունավետորեն բուժվում են միզաքարային հիվանդությունները, շագանակագեղձի բարորակ գերաճը (ադենոմա), ինչպես նաև միզապարկի չարորակ ուռուցքները։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում միզասեռական հիվանդությունների բուժումը հիմնված է ժամանակակից, նվազագույն ինվազիվ մեթոդների վրա։ Լայնորեն օգտագործվում են էնդոսկոպիկ միջամտություններ, որոնք փոխարինում են ավանդական բաց վիրահատություններին։
Էնդոսկոպիկ վիրահատությունները կատարվում են առանց արտաքին կտրվածքների՝ հատուկ տեսախցիկների և գործիքների միջոցով, որոնք անցնում են միզուկով՝ ապահովելով նվազագույն ինվազիվություն և առավելագույն արդյունավետություն։ Այս միջամտությունն ապահովում է բուժառուի համար ավելի կարճ վերականգնողական փուլ և հետվիրահատական բարդությունների ցածր ռիսկ։
«Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այսօր կիրառվում են շատ փոքր ու ճկուն օպտիկաներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարդ վիրահատություններն ատրավմատիկ կերպով։ Էնդոսկոպիկ վիրաբուժությունն ապահովում է բարձր ճշգրտությամբ պատկեր, վիրահատության ընթացքի լիակատար վերահսկում և ավելի անվտանգ ընթացք։ Այս մոտեցումն էապես կրճատում է վիրահատական բարդությունների ռիսկը, արագացնում ապաքինման գործընթացը և օգնում պացիենտին կարճ ժամանակահատվածում վերադառնալ բնականոն կյանքին», - նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ միզասեռական համակարգի հիվանդությունները, ինչպիսիք են միզաքարային հիվանդությունները տարածված են և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում։ Հայաստանը հանդիսանում է միզաքարային հիվանդության էնդեմիկ գոտի։
Այս հիվանդությունների արդյունավետ և անվտանգ բուժումը հիմնականում իրականացվում է էնդոսկոպիկ մեթոդներով։ Նախքան վիրահատությունը շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշումը։ Նախևառաջ, իրականացվում է ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), որը թույլ է տալիս հայտնաբերել միզապարկի քարերը, գնահատել երիկամի արտահոսքի խանգարումները և հիդրոնեֆրոզի առկայությունը։
Այնուամենայնիվ, էնդոսկոպիկ քարափշման միջամտության դեպքում կատարվում է միզուղիների համակարգչային շերտագրություն, որն ապահովում է ամբողջական պատկեր։ Այն հնարավորություն է տալիս հստակ որոշել քարերի չափերն ու տեղակայումը, գնահատել երիկամների, միզածորանների և միզուղիների վիճակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը հարակից օրգանների հետ։ Այս տվյալները կարևոր են վիրահատության ճիշտ պլանավորման, մեթոդի ընտրության և միջամտության ժամանակ բարդությունների կանխարգելման համար։
«Միզաքարային հիվանդություն ունեցող բուժառուների մեծ մասը դիմում է բժշկի, երբ ունենում է երիկամային խիթ՝ երիկամային սաստիկ, ուժեղ ցավ։ Երբեմն մարդիկ վստահում են այսպես կոչված «ավանդական բժշկությանը» և կիրառում են սխալ բուժօգնություն, և ցավոք սրտի, հաճախ հանդիպում ենք վերջին աստիճանի հիդրոնեֆրոզի դեպքեր, երբ երիկամն իր ֆունկցիան կորցրել է, այսինքն՝ այնպես է բորբոքվել, որ հնարավոր չէ պահպանել։ Ամենահաճախ հանդիպող միզաքարային հիվանդության պարագայում, երբ ունենում եք ցավեր գոտկային շրջանում, անհապաղ պետք է դիմել բժշկի՝ ցավի պատճառը հասկանալու և համապատասխան բուժում ստանալու նպատակով», -նշում է Մհեր Մխիթարյանը։
Նա նաև հավելում է՝ գրեթե ցանկացած չափի և տեղակայման միզաքարերից հնարավոր է ազատվել էնդոսկոպիկ վիրահատության միջոցով։ Լազերային էներգիայի կիրառման շնորհիվ դրանք վերածվում են մանր բեկորների կամ փոշու՝ ապահովելով միզուղիների արագ և ամբողջական մաքրում։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունների ճշգրիտ պլանավորումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և փորձառու մասնագետների թիմն ապահովում են պացիենտի արագ վերականգնումն ու նպաստում կյանքի որակի բարելավմանը։



