Գաղտնիք չէ, որ սպորտով զբաղվելը ամրացնում է ֆիզիկական առողջությունը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Մոնրեալի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել են երկու խումբ առողջ մարդիկ՝ 18-30 տարեկան 31 մարդ և 55-75 տարեկան ավելի տարեց 54 մարդ:
 
Բոլոր մասնակիցներն անցել են ֆիզիկական և հոգեբանական թեստեր: Գիտնականները հաշվարկել են կամավորների կողմից 30 վայրկյանի ընթացքում թթվածնի առավելագույն օգտագործումը մտավոր աշխատանքի ժամանակ: Նրանք նաև անցել են Ստրուփի էֆեկտը ստուգող թեստը, որը թույլ է տալիս գնահատել մասնակիցների կոգնիտիվ հնարավորությունները: Մարդկանց ցույց է տրվել տարբեր գույների անվանումներ (օրինակ՝ «կարմիր», «դեղին» կամ «կապույտ»): Ամեն մի բառը տպված է եղել գույնով, որը չի համապատասխանել գրվածին: Մասնակիցներից պահանջվել է անվանել գույնը, ոչ թե այն կարդալ:
 
Այնուհետև կամավորներն անցել են երեք մագնիսառեզոնանսային հետազոտություն: Մեկը չափել է դեպի գլխուղեղ արյան հոսքը, մյուսը՝ Ստրուփի էֆեկտի թեստի ժամանակ գլխուղեղի ակտիվությունը, իսկ երրորդը՝ աորտայի էլաստիկությունը: Աորտան օրգանիզմի ամենամեծ արյունատար անոթն է: Այն թթվածնով հարուստ արյուն է մատակարարում սրտից դեպի մյուս օրգաններ: 
 
Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: Հետազոտողները գտնում են, որ եթե հնարավոր է եղել նման արդյունք հայտնաբերել առողջ մասնակիցների մոտ, ապա հետագայում կարելի է ուսումնասիրել տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց խմբերի. օրինակ՝ կարելի է ուսումնասիրել սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com