Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, եւ դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն ուղեկցվում է որոշակի առողջական խնդիրներով:

Թեմայի հետ կապված Doctors.am-ը զրուցել է գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ:

Ե՞րբ է տեղի ունենում դաշտանադադարն ու ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում:

Դաշտանադադարը (մենոպաուզա) կնոջ ռեպրոդուկտիվ համակարգի ինվոլյուցիան է՝ հետ զարգացումը: Առաջանում է, երբ կնոջ ձվարանները  դադարում են ձվաբջջի առաջացման ֆունկցիան:

Իրական դաշտանադադարի ընթացքում օրգանիզմում էստրոգենի եւ պրոգեստերոնի սինթեզը սկսում է պակասել, ինչը պատճառ է հանդիսանում անկանոն դաշտանային ցիկլերի առաջացման, որոնք, ի վերջո, դադարում են: Սովորաբար, դաշտանադադարը սկսում է 50 տարեկանին մոտ: Սակայն երբեմն այն կարող է սկսվել ավելի վաղ կամ ուշ:

Դաշտանադադարն առանձացնում ենք երեք շրջաններով՝ նախադաշտանադադար՝ նախորդում է դաշտանի լիարժեք դադարին, տեւում է 2-5 տարի, որի ընթացքում ձվարանների ֆունկցիան աստիճանաբար հանգչում է, դաշտանադադար եւ հետ դաշտանադադար՝ այս փուլը սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս անց:

Դաշտանադադարի ախտանիշներն են՝

  • Ջերմահորդանքներ
  • Գիշերային քրտնարտադրություն
  • Հոգնածություն
  • Հեշտոցի չորություն
  • Ցավոտ սեռական ակտ
  • Սեռական ցանկության անկում
  • Օստեոպոռոզ, որը առաջացնում է փխրուն ոսկրեր
  • Միզարձագման կառավարման դժվարություններ
  • Միզապարկի կրկնվող բորբոքումներ
  • Տրամադրության անկումներ եւ դյուրագրգռություն
  • Դեպրեսիա
  • Անհանգստություն
  • Ինսոմնիա՝ քնի խանգարման խնդիրներ
  • Անկանոն կամ առատ դաշտաններ
  • Քաշի ավելացում
  • Մազերի կորուստ
  • Հակում դեպի սնունդը
  • Մոռացկոտություն եւ մշուշոտ մտածողություն
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացում

Դաշտանադադարի դեպքում կարիք կա՞ դիմելու բժիշկի:

Կինն առհասարակ պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, մանավանդ՝ անցումային այս փուլում: Բժշկին դիմելը երկու նպատակ ունի՝ ախտանիշների շտկող, մեղմացնող բուժում եւ դաշտանադադարում քաղցկեղի ռիսկի գնահատում:

Դաշտանադադարից հետո քաղցկեղի ռիսկը բարձրացնող երկու գլխավոր պատճառ կա՝

  • Հորմոնների ազդեցության ավելացումը, ինչպիսին է էստրոգենը
  • Ձվազատումների քանակի ավելացումը

Ձվազատումը ձվարանի կողմից ձվաբջջի արտադրությունն է: Այն կանայք, որոնք երկար տարիներ են տեսել դաշտաններ եւ ունեցել են բազմաթիվ ձվազատումներ, ունեն արգանդի, կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ: Սա ներառում է այն կանաց, որոնց մոտ՝

  • Դաշտանային ցիկլը սկսվել է 12 տարեկանից շուտ
  • Դաշտանադադարը սկսվել է 55 տարեկանից ուշ

Նշեցիք, որ կնոջ մոտ դաշտանադադարը կարող է սկսվել ավելի վաղ՝ 40 տարեկանից շուտ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Սա կոչվում է վաղաժամ դաշտանադադար: Կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ, կարող է լինել սթրեսի, քաշի կտրուկ տատանման հետեւանք:

Ծխող կանանց խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, որովհետեւ նրանց մոտ դաշտանդադարը նկատվում է  մոտ երկու տարի ավելի վաղ, քան չծխող կանանց մոտ, բացի այդ՝ ծխող կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների սրացման ռիսկերը կրկնակի մեծ են:

Քաղցկեղ ունեցող կանանց մոտ դաշտանադադարը կարող է ավելի վաղ սկսվել, քանզի հակաքաղցկեղային բուժման մեջ օգտագործվող որոշակի դեղեր արգելակում են ձվարանների աշխատանքը:

Արդյոք հնարավո՞ր է կանխել  դաշտանադադարը:

Դաշտանադադարը կանխելու նպատակով կանանց խորհուրդ է տրվում բուժման հետեւյալ սխեմաները՝

  1. Օրալ կոնտրացեպտիվներ

Սրանք այլ կերպ կոչվում են հակաբեղմնավորիչներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղերը իջեցնում են ձվարանի քաղցկեղի ռիսկը, քանի որ նրանք ժամանակավորապես դադարեցնում են ձվազատումը:

  1. Կոմբինացված հորմոնալ թերապիա կամ փոխարինող հորմոնաթերապիա՝ ՓՀԹ

ՓՀԹ-ն օգնում է պակասացնել մենոպաուզալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները եւ օստեոպորոզը: ՓՀԹ-ն էստրոգենի եւ պրոգեստինի զուգակցումն է: Պրոգեստինը լաբորատորիայում սինթեզվող պրոգեստերոնն է:

Women’s Health Initiative study հայտնի ամերիկյան հետազոտությունը ցույց տվեց, որ ՓՀԹ ստացող կանայք ունեն հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղի եւ ոսկրերի կոտրվածքների ցածր ռիսկ: Սակայն  առկա է՝

  • Սրտամկանի ինֆարկտի
  • Ինսուլտի
  • Թրոմբագոյացման
  • Կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ:

Իսկ ե՞րբ է պետք նշանակել հորմոնալ դեղամիջոցներ:

Գոյություն ունեցող ռիսկերի հետեւանքով, բժիշկները սովորաբար ՓՀԹ-ն խորհուրդ չեն տալիս, մանավանդ կանանց, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղի օնկոանամնեզ՝ հանդիպել է ընտանիքի այլ անդամի մոտ, կամ կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող կանանց:

Երբեմն ՓՀԹ-ն նշանակվում է փոքր չափաբաժիններով, կարճ ժամանակով, որպեսզի վերացնենք որոշ մենոպաուզալ ախտանիշներ:

Որոշակի դեպքերում էլ ՓՀԹ-ն բժիշկը նշանակում է միայն էստրոգենով: Սա ընդունելի է հիստերէկտոմիա տարած կանանց համար: Հիստերէկտոմիան արգանդի վիրահատական հեռացումն է: Էստրոգենը, որը չի կոմբինացվում պրոգեստերոնի հետ, կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի հաստացմանը, ինչը բարձրացնում է արգանդի քաղցկեղի ռիսկը:

ՓՀԹ-ի էֆեկտիվությունը հակասական է: Ավելին, բուժման ռիսկերը եւ տված օգուտը տարբեր է յուրաքանչյուր կնոջ համար:

Արդյո՞ք կարող ենք երաշխավորել, որ հորմոնալ թերապիայից հետո կինը նորից դաշտան կտեսնի:

Բուժման ընթացքում կունենանք ցիկլիկ բնույթի արյունային արտադրություն սեռական ուղիներից, որը, սակայն, վերարտադրողական ֆունկցիան չի վերականգնում:


 

Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը