Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ այսօր աշխարհում շուրջ 230 մլն մարդ տառապում է շաքարային դիաբետով: Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ, Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 5%:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում: Արդեն իսկ ապացուցված է, սակայն, որ այս հիվանդությունը կանխարգելելի է և հնարավոր է դրանից խուսափել:
Doctors.am-ը թեման քննարկեց Էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ:
 

Ի՞նչ է իրենից ներկայացնում «շաքարային դիաբետ» կոչվող հիվանդությունը: Որո՞նք են առաջին ախտանիշները: Ո՞րն է պատճառը, որ մարդու օրգանիզմում առաջանում է ինսուլինային անբավարարություն:

Շաքարային դիաբետ հիվանդությունը պայմանականորեն բաժանում են 2 խմբի՝ առաջին և երկրորդ տիպի, թեև, դրա բաժանումներն, իրականում շատ ավելի շատ են:

Առաջին տիպի դիաբետն աուտոիմուն հիվանդություն է, երբ օրգանիզմում քայքայվում է ինսուլյար ապարատը: B (Բետտա) բջիջները, որոնք հենց արտադրում են ինսուլին, ֆիզիկապես քայքայվում են: Սա հիմնական հորմոնն է, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և ապահովում կարևորագույն հյուսվածքների բջիջները սնուցմամբ, էներգիայով: Երբ օրգանիզմում բացակայում է այս հորմոնը, անպայմանորեն նշանակվում է փոխարինող թերապիա, այլապես, ինսուլինի բացակայությունը կհանգեցնի մահվան:

Երկրորդ տիպի դիաբետի դեպքում առաջանում է ինսուլին-անկախ վիճակ: Երբ առաջանում է հիպերինսուլինիզմ, այս մարդիկ անընդհատ քացրի պակաս են զգում, մշտապես ունեն բարձր ախորժակ, ուտելուց հետո, նույնիսկ, քաղցը չի հագենում, նրանք մեծամասամբ ունենում են նաև մարմնի ավելորդ քաշ: Երկրորդ տիպի դիաբետի զարգացման հիմնական գործոնը սխալ կենսակերպն է:

Շատ հաճախ խոսում ենք այն մասին, որ դիաբետը բուժելի չէ, սակայն կանխարգելել, միանշանակ, հնարավոր է: Ի՞նչ կասեք այս մասին: Կենսակերպի ճիշտ կազմակերպումը կարո՞ղ է արդյոք օգնել խուսափել այս խնդրից:

Ցավոք, եթե արդեն իսկ առկա է շաքարային դիաբետ ախտորոշումը, այն այլևս երբեք չի հերքվի: Սակայն ես առավել կողմնակից եմ ասել, որ շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ՝ ապրելակերպ: Եթե մարդը կարողանում է լիովին կոմպենսացնել դիաբետը՝ բոլոր չափանիշները հասցնել նորմայի, պահպանել այս ցուցանիշները սննդակարգի և ֆիզիկական ակտիվության շնորհիվ, ապա կարող ենք համարել, որ մարդը գործնականում առողջ է:

Կանխարգելել դիաբետը, միանշական հնարավոր է: Անհրաժեշտ է պարզապես պահել մարմնի զանգվածը նորմայի սահմանում: Ավելորդ քաշը կամ մետաբոլիկ համախտանիշը երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հիմնական գործոնն է: Այս դեպքում առաջանում է հիպերինսուլինիզմ, որը հանգեցնում է է՛լ ավելի շատակերության, անընդհատ քաղցի զգացողության և գլյուկոզայի մեծ քանակով օգտագործման, որն էլ իր հերթին հանգեցնում է ինսուլյար ապարատի հյուծման՝ այսինքն՝ շաքարային դիաբետի:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ չպատճառաբանված մշտական մեծ ախորժան արդեն իսկ ազդակ է՝ բժշկի դիմելու համար:

Այո, իհարկե: Եթե մարդը նկատում է իր մոտ գերբարձր ախորժակ, հատկապես քաղցր ուտելու ցանկություն, և այս ընթացքում սկսվում է դող, բարձր քրտնարտադրություն՝ սա արդեն իսկ ահազանգ է՝ էնդոկրինոլոգի դիմելու համար:

Այս դեպքում օրգանիզմում ինսուլինի մակարդակն ավելին է, քան պետք է լիներ, արյուն է մղվում մեծ քանակությամբ ինսուլին, սակայն, քանի որ հյուսվածքներն արդեն չեն ընկալում այս նյութը, հորմոնը՝ մարդն անընդհատ կարիք է ունենում ուտել խմոր՝ քաղցր թխվածքներ և այլն:

Եթե նկատում եք, որ քաղցրի բացակայության պարագայում սկսվում է մինչև անգամ ուշագնացության հանգեցնող վիճակ՝ ցավոք, խոսքը նախադիաբետի մասին է: Պետք չէ անտեսել այս իրավիճակը և հետաձգել այցը բժշկի:

Որքա՞ն պետք է լինի շաքարի, գլյուկոզայի  նորմալ չափաբաժինն արյան մեջ: Ի՞նչ հետազոտություններ գոյություն ունեն այն ստուգելու համար:

Այսօր բոլոր միջազգային չափանիշներով 5,5 մմոլ\լ ինդեքսը համարվում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության առավելագույն չափաբաժին: Ժամանակակից բժշկության մեջ գոյություն ունի  շատ արդյունավետ և արդի մի հետազոտություն, քան ուղղակի արյան մեջ շաքարի որոշումը՝ գլիկոլիզացված հեմոգլոբին, որը ցույց է տալիս վերջին 3 ամսվա ընթացքում մարդու արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները: Հեմոգլոբինն էրիթրոցիտի հիմնական մասն է և բարձր շաքարի դեպքում այն իր վրա է կրում շաքարի պարունակությունը: Էրիթրոցիտը գոյատևում է ընդամենը 3 ամիս: Այսպիսով, նշված հետազոտությունը թույլ է տալիս տեսնել շաքարի մակարդակի բոլոր տատանումները: Եթե գոնե մեկ անգամ շաքարը եղել է նորմայից բարձր մակարդակով, ապա սա արդեն մտահոգիչ է և պետք է կատարել կանխարգելիչ միջոցառումներ: Սա վկայում է այն մասին, որ մարդու մոտ առկա է ածխաջրատային նյութափոխանակության խանգարում:

Մարդիկ շաքարային դիաբետը շատ հաճախ պայմանավորում են միայն ժառանգականության գործոնով: Սա մի՞ֆ է, թե՞ իրականություն:

Ոչ ոք չի ծնվում շաքարային դիաբետով: Սա մարդու կյանքի ընթացքում զարգացող հիվանդություն է՝ անմիջականորեն կապված կենսակերպի հետ: Եթե մարդը չունի ավելորդ քաշ, սննդային վարքագծի խանգարումներ՝  տեսականորեն,  նա կարող է խուսափել դիաբետով հիվանդանալուց, նույնիսկ ժառանգականության գործոնի առկայության պարագայում:

Թյուր կարծիք կա նաև, որ ինսուլին-փոխարինող թերապիան կախվածություն է առաջացնում ինսուլինից: Մանրամասնեք, խնդրում եմ, այս երևույթը:

Ինչու՞ ոչ ոք չի խոսում սննդից, թթվածնից, ջրից կախվածության մասին. որովհետև սա նորմալ է՝ առանց սրանց մարդն ապրել չի կարող: Ինսուլինը ևս մարդու օրգանիզմում արտադրվող նյութ է՝ հորմոն, և առանց դրա, նույնպես, մենք ապրել չենք կարող: Առաջին տիպի դիաբետի դեպքում գեղձն ինսուլին չի արտադրում, հետևաբար, անհապաղ պետք է նշանակել ինսուլին-փոխարինող թերապիա: Ավելորդ է խոսել դրա վնասակարության կամ կախվածություն առաջացնելու հատկության մասին: Սա, իհարկե, սխալ կարծիք է:

Վերջին տարիներին հատկապես աղետալի է շաքարային դիաբետի զարգացման ռիթմը: Սա կարելի՞ է համարել «քաղաքակրթության հիվանդություն»: Չէ՞ որ մարդիկ՝ կյանքի զարգացմանը զուգընթաց, դարձել են ավելի անշարժ: Որպես էնոկրինոլոգ՝ ի՞նչպես խորհուրդ կտաք պայքարել հիվանդության զարգացման դեմ և կանխարգելել այն:

Իհարկե, շաքարային դիաբետն արդեն 20-րդ դարում համարվում էր էպիդեմիա և իսկապես, հետզհետե աճ է գրանցում: Սա կարելի է համարել ուրբանիզացիայի հիվանդություն՝ կապված կյանքի, տեխնոլոգիաների զարգացման հետ, մարդկանց՝ հարմարավետության ձգտելու միտման հետ: Այսօր մենք ժամանակ չենք գտնում ֆիզիկական ակտիվության համար, սնունդը դարձել է առավել հասանելի և արագ պատրաստվող: Մթերքն այսօր առողջարար համարել, ցավոք չի կարելի. Շատացել է ածխաջրերի կիրառումը:

Ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս գոնե զբոսնել: Հավատացե՛ք, նրանցից շատերն անգամ չեն քայլում, չեն շարժվում, վարում են խիստ նստակյաց կյանք: Մեծ նվաճում է նրանց դրդել քայլքի: Իսկ անձինք, ովքեր չունեն սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և ունեն ճարպակալում, իմ կողմից ստանում են ֆիզիկական ակտիվության բավական բարձր չափաբաժնի ցուցում:

Պետք է կենցաղում ևս ավելի հաճախ շարժվել, եթե կարող եք որևէ գործի վրա էներգիա ծախսել՝ մի հեշտացրեք այն՝ սահմանափակելով շարժումները: Առանց այն էլ, կենցաղային տեխնիկան ավտոմատացված է:

Պետք է հիշել, որ մեր առողջությունը մեր իսկ ձեռքերում է, հարկավոր է այն հնարավորինս ամուր պահել:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
16 Հունիսի, 2015