Ոչ մեծ սև կետիկները` կոմեդոն-կորյակները, առաջանում են մաշկի վրա, երբ ճարպային խտացումները և կեղտը խցանում են մաշկի ծակոտիները (поры): Սկզբում կուտակվող ճարպն ունի մաշկի տակ գտնվող սպիտակ գնդիկի տեսք, սակայն արտաքին միջավայրում առկա թթվածնի հետ փոխազդեցության հետևանքով տեղի է ունենում քիմիական ռեակցիա և սպիտակ գնդիկը մգանում է` դառնալով կորյակ: Անխնամ մաշկը իդեալական միջավայր է բակտերիաների բազմացման համար, որը խթանում է կորյակների առաջացումը:

Կոմեդոն-կորյակների առաջացման պատճառները

Կոմեդոնները առաջանում են, երբ մաշկային ճարպը կուտակվում է մազարմատի տիրույթում և մաշկի եղջերացած բջիջների ու կեղտի հետ խցանում է մաշկի ծակոտիները: Արյան և ավշի տոքսինները, որոնք դուրս են գալիս մաշկի միջոցով, փոխազդում են մաշկային ճարպի հետ և առաջացնում են թանձր ու կպչուն զանգված: Կոմեդոնը առաջանում է, երբ մաշկային ճարպով լցված և բակտերաների հետ խառնված ծակոտին մասամբ բացվում է  և մգանում առկա մաշկային պիգմենտի` մելանինի և թթվածնի փոխազդեցության հետևանքով:
Մաշկի մաքրման համար սխալ ընտրված միջոցը, կամ դեմքի մաքրման պրոցեսից հրաժարվելը բերում է  մաշկի մահացած բջիջների, պնդացած մաշկային ճարպի, քրտինքի աղի, փոշու հատիկների, կեղտի, բակտերիաների կուտակմանը, ինչը խիստ նպաստում է կոմեդոնների առաջացմանը:

 Կոմեդոն-կորյակների առաջացման եվս մեկ պատճառ է “ակնե” ցանը: Ցանը պայմանավորված է ճարպագեղձերի մեծ ակտիվությամբ, որոնցում առաջանում է մաշկային ճարպը: Ցանի բուժման մասին կարող եք կարդալ “Մաշկային ցանի բուժում” հոդվածում:

Կոմեդոն-կորյակների  առաջացման այլ պատճառներ կարող են լինել`

-Գենետիկական նախատրամադրվածությունը - կամեդոն-կորյակների առաջացման հավանականությունը ավելի մեծ է այն մարդկանց մոտ, ում ազգականներից ունեցել են նման խնդիրներ:

-Հորմոնալ դիսբալանսը - հորմոնալ բալանսի խախտումը  հաճախակի բերում է կոմեդոնների առաջացմանը: Մաշկային ցանի նախատրամադրվածությամբ մարդկանց մոտ  տեստոստերոնի բարձր մակարդակը բերում է մաշկի ճարպային գեղձերի ակտիվության բարձրացմանը, ինչը ուժեղ խթան է կամեդոնների առաջացման համար: Բացի այդ, մահացած մաշկային բջիջները չեն հասցնում ժամանակին հեռացվել և խցանում են մաշկի ծակոտիները:

-Որոշ դեղամիջոցներ - հազվադեպ  կոմեդոն-կորյակների առաջացման պատճառ կարող են լինել նաև որոշակի դեղամիջոցների օգտագործումը:

-Յուղային հիմքով խնամքի միջոցները - յուղային հիմքով  խնամքի միջոցները ևս կարող են լինել կոմեդոն-կորյակների առաջացման պատճառ՝ ալերգիկ ռեակցիայի հետրանքով:

-Սթրեսը – կոմեդոն-կորյակների առաջացման բավական տարածված պատճառ է: Սթրեսային վիճակում մարդիկ հաճախ չեն հետևում հիգիենային և բավարար ժամանակ չեն հատկացնում մաշկի խնամքին:

-Դեմքի մեխանիկական գրգռումը

-Խոնավությունը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը – խոնավությունը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը ևս նպաստում են մաշկի ծակոտիներում միկրոմասնիկների կուտակմանը, որոնք կարող են նպաստել կորյակներ առաջացմանը:

Կոմեդոններ առաջանում են բոլոր տարիքի մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ պատանիների մոտ` սեռահասունացման շրջանում: Այս խնդիրը առկա է 12-24 տարեկան պատանիների 85% – ի մոտ: Կոմեդոններն ամենից հաճախ առաջանում են առավել ակտիվ ճարպային գեղձերով մարմնամասերում  (դեմք, ճակատ, մեջք):

Կոմեդոն-կորյակների հեռացման էֆֆեկտիվ միջոցներ են`

-Ալֆա-հիդրօքսիթթուներ պարունակող քսուկները, օրինակ՝ գլիցերինային կրեմները, որոնք հեռացնում են մահացած բջիջների վերին շերտն ու       «բացում» են կորյակները:

-Անձնական հիգիենան.  ձեռքերով մի դիպչեք դեմքին: Յուղոտ մաշկը, որպես կանոն, ուղեկցվում է յուղոտ մազերով, իսկ մազերը կարող են վարակ փոխանցել, ուստի ցանկալի է մազերը հավաքել, որ դեմքին չթափվեն:

-Օճառով լվացվել  ոչ հաճախ, քան օրը երկու անգամ: Առանց օճառ լվացվեք որքան ուզում եք:

-Պրեպարատներից շատ արդյունավետ է Ադապալենի օգտագործումը, որը կանխում է կորյակների առաջացումը՝  խթանում է մաշկային բջիջների աճը, կարգավորում է նրանց տարբերակումը, եղջերացումը:

-Մաշկաբանները նշանակում են նաեվ տեղային օգտագործման պրեպարատներ:  Վերջիններս քսում են անմիջապես մաշկի՝ կոմեդոններով ախտահարված հատվածին կամ առանձին սեվ կետիկներին:  Այդ պրեպարատները պարունակում  են բենզոիլի պերօքսիդ, ռեզորցին, սալիցիլաթթու, ծծումբ:

-Ներքին ընդունման հակաբիոտիկներ (հաբերը), օրինակ տետրացիկլինը նշանակում են բորբոքային կոմեդոնների բուժման համար: Հակաբիոտիկներն օգնում են կանգնեցնել կամ դանդաղեցնել բակտերիաների բազմացումը եվ մեղմացնել բորբոքումը:

-Մածուցիկ նյութերը նեղացնում են  ծակոտիները եվ օգնում են նվազեցնել մաշկի յուղոտությունը: Եթե միջոցը շատ խիտ է, այն կարելի է նոսրացնել վարդի ջրով:



Աղբյուրը՝ Benice.am