Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կանանց մոտ որպես «վատ» խոլեստերին հայտնի՝ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակն ավելի սերտորեն է կապված կրթական մակարդակի հետ, քան տղամարդկանց մոտ, հայտնում է The Daily Mail պարբերականը: Արական սեռի մոտ խոլեստերինի մակարդակն ավելի շատ կախված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: «Վատ» խոլեստերինը կարող է ախտահարել երակները և դրանք ավելի քիչ առաձգական դարձնել:  Թանձրուկների ձևավորումը և անոթների լուսանցքի խցանումը հաճախ հանգեցնում են սրտային նոպայի կամ ինսուլտի: 
 
Հետազոտությանը մասնակցել են Նորֆոլկից 39-79 տարեկան 22451 մարդ: Գիտնականները հաշվի են առել յուրաքանչյուր մասնակցի կողմից ալկոհոլի օգտագործումը և նրա Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ): Նրանք նաև գնահատել են նրանց սոցիալ-տնտեսական վիճակը՝ երեք գործոնների միջոցով, որոնք են՝ սոցիալական խմբի դասակարգը, կրթության մակարդակը և նրանց բնակության շրջանի բարեկեցությունը: Այնուհետև նրանք կամավորներից վերցրել են արյան նմուշ՝ ընդհանուր խոլեստերինի, «լավ» խոլեստերինի, տրիգլիցերիդի և «վատ» խոլեստերինի որոշման համար:
 
Գիտնականները հայտնաբերել են, որ 15 տարեկանից բարձր կրթություն չունեցող կանանց մոտ  «վատ» խոլեստերինի մակարդակը զգալիորեն գերազանցում է կրթված կանանց նույն ցուցանիշը, նույնիսկ ՄԶԻ-ը և ալկոհոլի օգտագործումը հաշվի առնելու դեպքում: Նրանք նաև պարզել են, որ կանանց մոտ ընդհանուր առմամբ «լավ» և «վատ» խոլեստերինի մակարդակն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ խոլեստերինի մակարդակը կախված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Ֆիզիկական աշխատանքով զբաղվող տղամարդկանց (բանվորների) մոտ խոլեստերինի մակարդակն ավելի ցածր է եղել, քան մյուսների մոտ:
 
Առաջին տեսությունը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Ըստ երկրորդ տեսության՝ գոյություն ունի սերտ կապ սոցիալական դասակարգի և սիրտ-անոթային հիվանդությունների միջև:  Սակայն բարդ է որոշել, թե հատկապես ինչն է ազդում սրտի և անոթների հիվանդությունների զարգացման վրա՝ պայմանավորված սոցիալական վիճակի որոշման մի քանի չափանիշների օգտագործմամբ (օրինակ՝ աշխատանքը և կրթության մակարդակը): Դրանցից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ ազդել առողջության վրա: Ապագայում հետազոտողները նախատեսում են առանձին-առանձին հետազոտել կանանց և տղամարդկանց՝ սեռային տարբերությունները պատճառները պարզելու նպատակով: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Dailymail.co.uk