Այսօր մեկնարկեց Հայաստանի Սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպել է Էրեբունի բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը:

Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի սրտաբանական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյանի խոսքով՝ միջոցառման կարևորագույն նպատակը հայ բժիշկների ընդհանուր համագումարի կազմակերպումն է, նրանց ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա:

- Փորձել ենք հրավիրել բոլոր խոշոր կլինիկաներին, նրանց ղեկավարներին: Կարծում եմ, որ խիստ կարևոր էր այս քննարկման կազմակերպումը:

Կարևոր և արդի խնդիրն այս ոլորտում ուղեցույցների բացակայությունն է: Բժիշկներն այսօր դժվարանում են ճիշտ ուղեգրել հիվանդներին: Բժիշկը հստակ պետք է հասկանա՝ ինչպես բուժել առիթմոլոգիական հիվանդին: Կարծում եմ, որ սա լավ առիթ է հավաքել կոլեգաներին մեկ հարկի տակ: Գիտությունը Հայաստանում զարգացման դեռ մեծ տեղ ունի: Պետք է հետևել այն բոլոր ժամանակակից մոտեցումներին, որոնք կան աշխարհում: Մեր բժշկությունը մեծ պոտենցիալ ունի, սակայն ցավոք, այն գրագետ չենք օգտագործում, - ասում է Լ. Մխիթարյանը:

Գիտաժողովի հիմնական թեման է նախասրտերի շողացման խնդրի, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ցուցումների, սրտի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտության և հանկարծամահության հարցերի բարձրաձայնումը:

Գիտաճողովին ներկա էին ոչ միայն բժիշկներ Հայաստանից, այլ նաև հյուրեր արտերկրից՝ ԱՄՆ-ից, Ղազախստանից, եվրոպական երկրներից՝ Հունգարիայից, Մակենդոնիայից և այլն:

Որո՞նք են ոլորտի արդի խնդիրները:

- Ցավոք, Հայաստանում մենք չունենք հստակ վիճակագրություն՝ առիթմոլոգիական հիվանդություններով հիվանդացությունների մասին: Տվյալները դեռ նոր-նոր ենք հավաքագրում, մշակում և հստակեցնում: Մենք ճշտումներ ունենք կատարելու նաև ախտորոշումների ոլորտում,- ասում է Լուսինե Մխիթարյանը:

Այս գիտաժողովը կարելի՞ է համարել նաև կանխարգելիչ միջոցառում:

- Ընդհանրապես, բժշկական միջոցառումների առաջնային նպատակը հենց հիվանդությունների կանխարգելումն է, - ասում է Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի սրտաբանական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյանը:

 

- Սրտի ռիթմի ասոցիացիայի ստեղծումը նպատակ ունի զարգացնել բժշկական հասարակությունը Հայաստանում, ապահովել բժիշկների, պացիենտների ճշգրիտ տեղեկացումը ոլորտի հարցերին: Գիտաժողովի արտասահմանյան հյուրերն արդեն հասցրել են իրականացնել բավական բարդ վիրահատություններ Էրեբունի բժշկական կենտրոնում,- ասում է Սրտի ռիթմի ասոցիացիայի պատվավոր անդամ, կազմակերպիչ Վահագն Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ գիտաժողովը շարունակվելու է նաև նոյեմբերի 1-ին ԵՊԲՀ գլխավոր նիստերի դահլիճում:

 

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Աղբյուրը՝ Doctors.am