Կորոնավիրուսի դեմ պայքարում շուրջ 5 ամիս առաջ ներդրված ամենաուշագրավ միջոցներից մեկը հեռախոսազանգերի միջոցով տեղորոշելու  օրենսդրական փոփոխությունն էր։ Նոր մեխանիզմի ներդմանն անմիջապես հաջորդեց հասարակության խիստ զգայուն արձագանքը։ Իսկ իրականում կա՞ արդյոք անհրաժեշտություն մտահոգվելու անձնական տվյալների պաշտպանության համար։ 

«Կառավարության կողմից ներդրված տեխնոլոգիական մեթոդները կիրառվել են խիստ ոչ թափանցիկ կերպով, և հասարակությունը ոչ միայն չունի հնարավորություն գնահատելու՝ որքանով է դա արդյունավետ եղել, նաև չունի հնարավորություն գնահատելու՝ արդյոք պատշաճ կերպով են պահպանվում այդ տվյալները, թե ոչ, որքանով են դրանք անվտանգ կամ չեն օգտագործվում այլ գործառույթների համար»,-ասում է ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ի հակասություն պատասխանատուների տարածած հայտարարությունների այն մասին, որ օրենսդրական փոփոխությունը լիարժեք անվտանգ է և չունի քաղաքացու մասնավոր կյանքին միջամտելու հավակնություն։ 
Վերջիններիս խոսքով՝ համակարգն առանց իդենտիֆիկացնելու  քաղաքացու հեռախոսազանգերի տևողությունն ու բովանդակությունը, կազմում է ցանկ, թե վերջին շրջանում վարակակիրը ում հետ է հաճախակի շփվել։
Վարակակիրների հեռախոսների գեոլոկացիան համադրվում է տեղադիրքի հետ,  և եթե կան նույն ժամանակահատվածում նույն տեղանքում գտնվող հեռախոսահամարներ, վերջիններից հետ կապ են հաստատում ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի խոսքով՝ անձնական տվյալների պաշտպանության շուրջ եղած մտահոգությունները պետք է միանշանակ փարատվեն, քանի որ, ինչպես ինքն է նշում, բոլոր այն աշխատակիցները, որոնք ներգրավված են այս գործընթացներում, կնքել են իրենց կողմից տիրապետվող տեղեկատվությունը չբացահայտելու համաձայնագիր։

ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանն սրա շուրջ էլ դիտարկում ունի․իր խոսքով օրենքի առկայությանն ու պրակտիկայում դրա չկիրառվելու դեպքերին առաջին անգամ չէ, որ բախվում ենք։ Մարտիրոսյանի խոսքով՝  թեպետ օրենքը սահմանում է, որ արտակարգ դրության ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում տվյալները ոչնչացվելու են, բայց հանրային վերահսկողության մարմին, որը երաշխիք կտար այդ գործողության կատարման վերաբերյալ, չկա։ 


Ի դեպ, ինչ վերաբերում է այս աշխատանքներում Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցների ներգրավվածությունը, մեր հարցումներին ի պատասխան, գերատեսչություններից տեղեկացնում են՝
ԱԻՆ 106 աշխատակից գործուղված է պարետատուն և ընդգրկված է հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքներում, ևս 119 աշխատակից մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ իրականացնում է շրջայցեր։
Ըստ ոստիկանության մեզ տրամադրած տվյալների՝ ինքնամեկուսացած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնում է ոստիկանության 223 ծառայող։


Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Հանրային իրազեկում և իրավագիտակցության բարձրացում» ՀԿ-ին