Այդ հասակի երեխաներին ավելի հեշտ է զսպել։ Երեք տարեկան տղաներն ու աղջիկները հասնում են զարգացման այն փուլին, երբ հայրն ու մայրը նրանց թվում են աշխարհի ամենահրաշալի մարդիկ։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են անում ծնողներին, ուզում են ամեն ինչով նմանվել նրանց, անել այն, ինչ նրանք են անում, նրանց պես հագնվել, խոսակցության մեջ օգտագործել նույն բառերն ու արտահայտությունները։ Երբ երկամյա աղջնակն ուզում է հատակն ավլել, նմանվելով մորը, նրան ավելի շատ հրապուրում է խոզանակը։ Իսկ երբ հինգ տարեկան աղջիկը հագնում է մոր զգեստը, նրան հրապուրում է ոչ թե զգեստը, այլ մորը նմանվելու, իրեն մայրիկի նման զգալու ցանկությունը։ Եվ իրականում իր կամքից անկախ նա արդեն նմանվում է մորը։

Միշտ պոռթկալու պատրաստ բնազդական համառությունը, թշնամանքը, որ այնքան բնորոշ էին 2.5 տարեկան երեխային, 3 տարեկանից հետո մեծ մասի մոտ զգալիորեն թուլանում են։ Այժմ երեխան ոչ թե պարզապես լավ է վերաբերվում ծնողներին, այլ շատ մեծ քնքշանք է զգում նրանց հանդեպ։ Բայց նրա սերն այնքան ուժգին չէ, որ միշտ ենթարկվի ծնողներին ու լավ պահի իրեն։ Նա մնում է կենդանի արարած՝ իր իսկ սեփական մտքերով։ Նա ձգտում է հաստատել իր <<ես>>-ը, նույնիսկ եթե երբեմն ստիպված է հակառակվել ծնողների կամքին։

Ընդգծելով 3-ից մինչ 6 տարեկան երեխաների սիրալիրությունն ու զիջողությունը, պետք է մասնակի բացառություն անել չորս տարեկանների համար։ Այդ հասակում երեխաները հաճախ ցուցաբերում են ինքնագոհություն, անպատկառություն, իրենց պահում են հանդուգն ու ինքնավստահ։ Այս ամենը մորից պահանջում է խստություն։

Տղան ուզում է նմանվել հորը: Երեք տարեկան տղան ավելի պարզորոշ է գիտակցում իր պատկանելիությունը արական սեռին, այդ պատճառով առանձահատուկ հիացմունքով է վերաբերվում իր հորը, մյուս տղամարդկանց ու տղաներին։ Նա ուշադիր հետևում է նրանց և ուժերը ներածին չափ ձգտում նմանվել ամեն ինչով՝ վարքագծով, հետա քրքրություններով ու արտաքինով։ Խաղերի ժամանակ իրեն պատկերացնում է վարորդ, օդաչու, ոստիկան, հրշեջ, իր եռանիվ հեծանիվը վեր է ածում մեքենայի, կառուցում տներ ու կամուրջներ և այլն։ Նա ընկալում է հոր վերաբերմունքը դեպի մյուս տղամարդիկ ու կանայք։ Նա պատրաստվում է հասարակության մեջ կատարելու տղամարդու բարոյական, սոցիալական ու մասնագիտական պարտականությունները։ Այղ հարցում մեծ դեր են խաղում նրա սերն ու հարգանքը դեպի հայրն ու այլ տղամարդիկ։

Աղջիկն ուզում է նմանվել իր մորը։ Այդ հասակում աղջիկը հասկանում է, որ կոչված է կին լինել, այդ իսկ պատճառով նրան հետաքրքրում է իր ուժերը փորձել կնոջ պարտականություններում, և նա ձգտում է նմանվել մորն ու այլ կանանց։ Նա ավելի շատ ուշադրություն է հատկացնում տնային գործերին ու փոքր երեխաների խնամքին, եթե մայրը զբաղված է դրանով, կամ տիկնիկներին։ Նրանց հետ խոսելիս օգտագործում է նույն արտահայտություններն ու ինտոնացիաները, ինչ մայրը երեխաների հետ զրուցելիս։ Նա ընկալում է մոր վերաբերմունքը դեպի տղամարդիկ ու տղաները։

Ռոմանտիկ պաշտամունք։ Մինչև 3 տարեկան հասակը տղայի սերը դեպի մայրը որոշվում էր նրանից կախման մեջ լինելով։ Իսկ այժմ մոր նկատմամբ ունեցած սերը հաստատակամորեն ընդունում է ռոմանտիկ բնույթ, հիշեցնելով այն զգացմունքը, որ մոր հանդեպ տածում է հայրը։

Օրինակ, չորսամյա երեխան կարող է հայտարարել, թե անպայման կամուսնանա մոր հետ, երբ մեծանա։ Նա առանձնապես լավ չի պատկերացնում, թե ինչ բան է ամուսնությունը, սակայն բացարձակապես վստահ է, որ մայրը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենակարևոր կինն է։ Փոքր աղջիկը նույնպիսի սեր է տածում դեպի հայրը։

Այս ուժգին ռոմանտիկ զգացմունքներն օգնում են երեխաների հոգեկան ձևավորմանն ու նպաստում հակառակ սեռի նկատմամբ առողջ վերաբերմունքի զարգացմանը, որն էլ հետագայում հանգեցնում է երջանիկ ամուսնության։ Սակայն այս հարցը պետք է դիտել երկու կողմից։ Պատահում է նաև, որ այդ հասակի երեխաներից շատերի մոտ առաջանում է մի փոքր լարվածություն, իսկ ոմանց մոտ՝ խիստ լարվածություն։ Երբ երեխան սիրում է, բնականաբար, ձգտում է լիակատար տիրել իր սիրո առարկային և չի կարող չխանդել մի այլ տղամարդու, որին սիրում է մայրը։ Բայց, գիտակցելով դեպի մայրն ունեցած սերն ու այդ սերը ոչ մեկի հետ չկիսելու ցանկությունը, նա միաժամանակ հասկանում է, որ մայրն արդեն պատկանում է հորը։ Հոգու խորքում դա զայրացնում է նրան, չնայած հոր նկատմամբ ունեցած ողջ նվիրվածությանը։ Երբեմն նա թաքուն ցանկանում է, որ հայրը անհետանա, բայց հետո խորապես մեղավոր է զգում իրեն այդ նենգ մտքերի համար։ Իր մանկական դատողությամբ նրան թվում է, թե հայրն էլ խանդի ու զայրույթի զգացում է տածում իր հանդեպ։ Նա փորձում է վանել այդ մտքերը (չէ որ հայրը այնուամենայնիվ ավելի ուժեղ ու մեծ է, քան ինքը), բայց այդ մտքերը կրկին հայտնվում են երազում։ Հավանաբար այդ հասակի տղաներին հաճախակի տանջող սարսափելի երազների գլխավոր պատճառը դեպի հայրն ունեցած նրանց սիրո, խանդի ու երկյուղի խառն զգացմունքներն են։

Նորմալ զարգացող փոքրիկ աղջնակը համանման սեփականատիրական զգացմունքներ է տածում դեպի հայրը։ Երբեմն նա ուզում է մոր հետ (որին սիրում է) մի բան պատահի, որպեսզի հայրը պատկանի միայն իրեն։ Նա կարող է նույնիսկ մորն ասել. <<Կարող ես մեկնել երկար ժամանակով։ Ես կհոգամ հայրիկի մասին>>։ Այս սարսափներից բացի, երեխաներին կարող է տանջել նաև այն հարցը, թե ինչու են տղաներն ու տղամարդիկ տարբերվում աղջիկներից ու կանանցից։ Բոլոր երեխաներն էլ անցնում են այդ փուլով, և դա չպետք է անհանգստացնի ծնողներին։ Եթե երեխան չափից ավելի հակամարտ է դեպի իր սեռի ծնողը կամ շատ է վախենում նրանից, խելամիտ կլինի դիմել մանկական հոգեբույժին։

Այդ զգացմունքներն անցնում են։ Հավանաբար դրանք բնության կողմից կոչված են մանկական զգացմունքները ապագա ամուսնու ու հոր կամ կնոջ ու մոր դերին նախապատրաստելու համար։ Սակայն բնությունը նկատի չի ունեցել այդ զգացմունքին տալ այնպիսի ավարտվածություն և ուժ, որ շարունակվի ամբողջ կյանքում կամ նույնիսկ մանկության բոլոր տարիներին։ Արդեն 5-6 տարեկան հասակում երեխան հասկանում է նման ցանկությունների ողջ անհեթեթությունը և իր հետաքրքրությունները կենտրոնացնում այլ բաների՝ մանկապարտեզի, դպրոցի, ընկերների ու շրջապատի մարդկանց վրա։ Երեխայի կրած ուժեղ զգացմունքը օգտակար դեր է կատարում (ինչպես չոչ անելը նախապատրաստում է քայլելուն) և սպառվում որպես զարգացման հերթական մի փուլ։

Երբեմն, գլխի ընկնելով որդու չգիտակցված մտավախությունների ու զայրույթի մասին, հայրն աշխատում է ավելի մեղմ ու քնքշորեն վարվել նրա հետ կամ ձևացնում է, թե բոլորովին չի սիրում կնոջը։ Դրանով հայրը չի օգնի երեխային, այլ միայն կվնասի։ Համոզվելով, որ հայրը վախենում է լինել իսկական տղամարդ, վճռական հայր ու սիրող ամուռին, երեխան կզգա, որ մայրը չափից ավելի է պատկանում իրեն, և դա իսկապես կվախեցնի նրան ու կստիպի մեղավոր ճանաչել իրեն։ Բացի այդ, հոր արիությունը ոգեշնչում է որդուն լինել քաջ ու անվեհեր։

Նույն ձևով էլ մայրը, չնայած այն բանին, որ գիտի դստեր նախանձախնդիր զգացմունքների մասին, մեծ օգնություն ցույց կտա նրան, մնալով իր ուժերին վստահ կին ու մայր, որը թույլ չի տալիս դստերը իշխել իր վրա, հարկ եղած դեպքում դրսևորելով վճռականություն ու չվախենալով ցույց տալ իր սերն ու նվիրվածությունը ամուսնուն։

Տղայի կյանքը զգալիորեն բարդանում է, եթե մայրն ավելի մեծ սեր է ցուցաբերում նրա հանդեպ, քան ամուսնու, կամ երբ հայրը ավելի քիչ է սիրում որդուն։ Դրա հետևանքով երեխան խորթանում ու վախենում է հորից.։ Նույն ձևով, եթե հայրը հլու հնազանդ ենթարկվում է դստերը, միշտ չեղյալ անում կնոջ կարգադրություններն ու պատիժները կամ իրեն պահում այնպես, ասես դստեր ընկերակցությունն ավելի հաճելի է, քան կնոջ ընկերակցությունը, վնասում է ոչ միայն կնոջը, այլև դստերը։ Դա խանգարում է աղջկան պահպանել մոր հետ լավ հարաբերություններ, որ օգնում է հետագայում դառնալ երջանիկ կին։

Ի միջի այլոց, հայրերն ավելի ներողամիտ են դուստրերի, իսկ մայրերը՝ որդիների նկատմամբ և րնդհակառակը։ Դա միանգամայն նորմալ երևույթ է, որովհետև հակադիր սեռերի միջև, բնականաբար, մրցակցությունն ավելի քիչ է, քան նույն սեռի ներկայացուցիների միջև։

Ծնողները չպետք է այս ամենը հասկանան տառացիորեն։ Համերաշխ ընտանիքում ծնողների ու երեխաների փոխհարաբերությունների միջև գոյություն ունի հավասարակշռություն, որ զարգացման այդ փուլում ուղղություն է տալիս առանց նրանց կողմից ցուցաբերած ակնառու ջանքերի։ Այդ հարցը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց անդամների փոխհարաբերությունները դուրս են եկել սովորական հունից, օրինակ, ծնողներին չի հաջողվում կարգապահություն ստեղծել, տղան ամաչում է արական սեռի բոլոր ներկայացուցիչներից, աղջիկը հանդուգն է պահում իրեն մոր հետ։

Ծնողները կարող են օգնել երեխաներին հեշտությամբ անցկացնելու այդ ծանր ժամանակաշրջանը։ Հարկավոր է քնքշորեն հասկացնել, որ ծնողները պատկանում են մեկ մեկու, որ որդին չի կարող լիակատար օգտվել մոր ուշադրությունից, իսկ աղջիկը՝ հոր ուշադրությունից։ Ծնողներին չպետք է վշտացնի խանդից առաջացած երեխայի զայրույթը։ Երբ տղան հայտարարում է, թե ամուսնանալու է մոր հետ, մայրը կարող է գոհունակություն հայտնել այդ հաճոյախոսության համար և բացատրել, որ արդեն ամուսնացած է, իսկ երբ տղան մեծանա, հասակակից աղջիկ կգտնի ու նրա հետ էլ կամուսնանա։

Երբ ծնողները զրուցում են կամ միասին ժամանակ անցկացնում, հարկ չկա և չի էլ կարելի թույլ տալ երեխային ընդհատել իրենց։ Նրանք կարող են քնքշությամբ, բայց վճռականորեն հիշեցնել երեխային, որ իրենց անհրաժեշտ է խոսել և առաջարկել նրան զբաղվել որևէ բանով։ Վայելուչ վարմունք ունեցող ծնողները աշխատում են երեխայի ներկայությամբ (ինչպես նաև կողմնակի մարդկանց ներկայությամբ) չերկարաձգել մեկ մեկու հանդեպ ունեցած սիրո դրսևոբումները։ Սակայն ամենևին էլ հարկ չկա մեղավոր տեսքով հետ քաշվել, եթե երեխան անսպասելիորեն մտնում է սենյակ։

Երբ երեխան կոպտում է մորը կամ հորը, անհրաժեշտ է ընդմիջել ու պահանջել քաղաքավարի վերաբերմունք։ Սակայն ծնողները կօգնեն երեխային ազատվելու զայրույթի ու մեղավորության զգացումից, եթե երբեմն ասեն, թե հասկանում են նրա զգացմունքները։

Քնելու խնդիրը երեքից մինչև հինգ տարեկան հասակում։ Որպես կանոն այդ խնդիրը ծագում է դեպի ծնողներն ունեցած խանդից։ Գիշերը հաճախ երեխան արթնանում է ու համառորեն խնդրում ծնողներին, որ տանեն իրենց անկողինը, որովհետև ենթագիտակցաբար չի ուզում, որ ծնողները միասին լինեն։ Թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար ավելի լավ է անմիջապես ու վճռականորեն, բայց առանց զայրանալու երեխային վերադարձնել իր մահճակալը։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am