Լավ մանկապարտեզը ոչ թե փոխարինում, այլ լրացնում է ընտանեկան դաստիարակությունը։ Մանկապարտեզը հսկայական օգուտ է տալիս երեխաներից շատերին։ Բայց բոլորի համար պարտադիր չէ։ Մանկապարտեզն առանձնապես արժեքավոր է ընտանիքի միակ երեխայի համար, այնպիսի երեխայի, որը բավականաչափ հնարավորություն չունի շփվելու ուրիշ երեխաների հետ, բնակարանային վատ պայմաններում ապրող երեխայի համար, ինչպես նաև այն երեխայի, որին այս կամ այն պատճառով մայրը դժվարանում է զսպել։ Յուրաքանչյուր երեք տարեկան փոքրիկին անհրաժեշտ է հասակակիցների միջավայրը ոչ միայն խաղալու ու զվարճանալու, այլև, ամենակարևորը, կոլեկտիվում ապրել սովորելու համար, որը նրա կյանքի ամենագլխավոր խնդիրն է։ Երեխային անհրաժեշտ են նաև ազատ տարածություն, որտեղ նա կկարողանա վազվզել ու աղմկել, ֆիզիկական վարժություններ անելու հարմարանքներ, խաղալիքներ կառուցելու համար խորանարդիկներ, բլոկներ, տախտակներ, տիկնիկներ, գնացքներ և այլ խաղալիքներ։ Անհրաժեշտ է նաև, որ իր ծնողներից բացի, շփվի ուրիշ մեծահասակների հետ։ Երեխաներից շատ քչերը կարող են այդպիսի առավելություններ ունենալ տանը։

Մանկապարտեզները հարկավոր են ոչ միայն այն երեխաներին, որոնց մայրերն աշխատում են։ Վաղուց արդեն գոյություն ունեն մանկապարտեզներ, ուր ցերեկը աշխատող մայրերը թողնում են իրենց երեխաներին։ Մանկապարտեզների լավագույն դաստիարակները միշտ ձգտել են հասկանալ երեխայի կարիքները, սիրել նրանց, դրսևորել անհրաժեշտ ուշադրություն, հանդես բերել քնքշություն, ապահովել բավարար քանակությամբ խաղալիքներով, ազատություն տրամադրել բազմակողմանի զարգացման համար։ Վատ դաստիարակներն իրենց գլխավոր պարտականությունն են համարում սահմանել անբասիր կարգապահություն, նրանց կարծիքով երեխաներին հարկավոր է միայն մաքրություն ու լավ սնունդ։ Այժմ հայտնի է, որ բոլոր փոքր երեխաներին, այլ ոչ միայն նրանց, ում մայրերն աշխատում են, անհրաժեշտ է մանկական միջավայր, բոլոր երեխաներին էլ հարկավոր են ազատ տարածություն, երաժշտություն, ներկեր, մատիտներ, պլաստիլին՝ այն ամենը, ինչ հարստացնում է նրանց հոգեկան աշխարհը։ Բավական չէ, որ մանկական դաստիարակները պարզապես սիրեն, նրանք պետք է նաև հասկանան երեխաներին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստություն։

Ո՞ր հասակում պետք է երեխային տանել մանկապարտեզ։ Մանկապարտեզների մեծ մասն ընդունում են երեխաներին 3 տարեկանից։ Դա, իրոք, ամենալավ հասակն է, եթե երեխան հասունացել է մանկապարտեզի տարիքի համար։ Որոշ մայրերի կարծիքով, մանկապարտեզի տված գլխավոր օգուտը այնտեղ ձեռք բերած ունակություններն են՝ նկարել, ոտանավորներ արտասանել և այլն։ Դա սխալ է։ Ունակությունները լավ մանկապարտեզի տված օգուտի աննշան մասն են։ Մանկապարտեզներում երեխաները սվորում են սիրել կոլեկտիվը, միատեղ աշխատել, պլաններ կազմել ու իրականացնել։ Մանկապարտեզներում երեխաները կարող են ազատ վազվզել, պարել, երգել։ Այս ամենը հարկավոր է ինչպես երեք, այնպես էլ չորս տարեկան երեխային, բայց որքան ուշ սկսի ընտելանալ կոլեկտիվին, այնքան նրա համար դժվար կլինի։

Որոշ երեխաների պիտանի չեն համարում մանկապարտեզի համար, որովհետև մինչ այդ նրանք երկար հիվանդացել են և շուտ են հոգնում երեխաների միջավայրում։ Հարկավոր է խոստովանել, որ մանկապարտեզներում երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում մրսելուց, քան տանը։ Բայց դա երեխային մանկապարտեզ չուղարկելու պատճառ չէ։ Պնդակազմ, առողջ երեխան չի տուժի ավելորդ անգամ հիվանդանալուց, եթե հիվանդությունը թեթև է ընթանում։ Մանկապարտեզի առավելությունները փոխհատուցում են այդ պակասությունը։ Ինչ վերաբերվում է հոգնածությանը, ապա որոշ երեխաներ հոգնում ու գրգռվում են առաջին մի քանի շաբաթներին, իսկ հետո մեծ մասն ընտելանում է մանկապարտեզին ու իրեն զգում ինչպես տանը։ Բայց եթե երեխան շարունակում է հոգնել, փորձեք ավելի շուտ տուն տանել։

Աոաջին օրերը մանկապարտեզում։ Չորսամյա մարդամոտ երեխան առաջին իսկ օրերից մանկապարտեզում իրեն կզգա, ինչպես ձուկը ջրում։ Բայց երեք տարեկան երեխան դեռևս շատ կապված է մորը։ Եթե առաջին օրը մայրը թողնի նրան մանկապարտեզում, սկզբում նա չի դիմադրի, բայց որոշ ժամանակ անց նա կկարոտի մորն ու կփնտրի, իսկ երբ պարզի, որ նա չկա, կվախենա և հաջորդ օրը առհասարակ կհրաժարվի գնալ մանկապարտեզ։ Ավելի լավ է այդպիսի երեխային աստիճանաբար ընտելացնել մանկապարտեզին։ Առաջին մի քանի շաբաթներին մայրը կարող է հեռու չգնալ այնտեղից, ուր խաղում է երեխան և որոշ ժամանակից հետո տանել տուն։ Ամեն օր մայրն ու երեխան ավելի երկար են մնում մանկապարտեզում։ Այդ ընթացքում երեխան հնարավորություն է ունենում ընտելանալու, սիրելու դաստիարակչուհուն ու երեխաներին։ Երբեմն երեխան հանգիստ է առաջին մի քանի օրը, բայց հանկարծ վնասվածք ստանալիս սաստիկ ցավ է զգում ու պահանջում մորը։
Դաստիարակ֊չուհին կարող է խորհուրդ տալ մորը մի քանի օր մնալ երեխայի մոտ։ Բայց եթե մայրն ստիպված է մնալ մանկապարտեզում, պետք է հեռու պահի իրեն։ Նրա խնդիրն է. հնարավորություն տալ երեխային ինքնակամ մնալ երեխաների հետ։

Երբեմն մայրն ավելի շատ է անհանգստանում, քան երեխան։ Եթե դեմքի անհանգիստ արտահայտությամբ մի քանի անգամ հրաժեշտ է տալիս, երեխան կարող է մտածել. <<Նա այնպես է պահում իրեն, ասես, անհանգստանում է, թե ինձ հետ ինչ-որ սարսափելի բան կպատահի, եթե մնամ այստեղ։ Ավելի լավ է չթողնեմ գնա>>։ Բարեսիրտ մայրը, անշուշտ,. անհանգստանում է այն մասին, թե ինչպես կզգա երեխան, առաջին անգամ մնալով առանց մոր։ Նման դեպքերում ավելի լավ է խորհրդակցել դաստիարակչուհու հետ։

Եթե երեխան վախենում կամ պարզապես հրաժարվում է գնալ լավ մանկապարտեզ, որտեղ կան հասկացող, բարի դաստիարակներ, ծնողները պետք է հանդես բերեն վճռականություն և բացատրեն երեխային, որ նա պետք է գնա մանկապարտեզ այնպես, ինչպես ծնողներն ամեն օր գնում են աշխատանքի։ Երեխայի համար չափազանց կարևոր է հաղթահարել սեփական կախվածությունը, քան տեղի տալ։ Եթե երեխան դժվարությամբ է բաժանվում մորից, ապա, ըստ երևույթին, անհրաժեշտ է, որ մի քանի շաբաթ երեխային մանկապարտեզ տանի հայրը։ Եթե երեխայի երկյուղը մեծ է, խորհրդակցէք հոգեբույժի հետ։

Ինչպե՞ս պետք է պահեն իրենց ծնողները։Որոշ երեխաներ առաջին օրերին շատ են հոգնում մանկապարտեզում` նոր տպավորություններից, նոր ընկերներից, նոր գործունեությունից, մեծ քանակությամբ մարդկանցից։ Եթե երեխան տուն է գալիս հոգնած ու ջղայնացած, չի նշանակում, թե ի վիճակի չէ ընտելանալու մանկապարտեզին։ Խորհրդակցեք դաստիարակչուհու հետ, արդյոք ավելի խելամիտ չի լինի ժամանակավորապես կրճատել մանկապարտեզում մնալու ամենօրյա տևողությունը կամ այդպիսի երեխային շաբաթը 1-2 անգամ թողնել տանը։

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am