Սերոտոնին1937 թվականին, աղիքի էնտերոքրոմաֆինային բջիջներից, իսկ որոշ ժամանակ անց, եզան շիճուկից, արտազատվել է էնտերամին նյութը, որն ի վիճակի է առաջացնել մեկուսացված օրգանների հարթ մկանների կծկում։ Քիմիական առումով այն իրենից ներկայացնում է ինդոլ-5-օքսիտրիպտամինի ածանցյալը։ Մաքրված պատրաստուկին տրվել է սերոտոնին, անվանումը։

Սերոտոնինը հայտնաբերվում է բոլոր տեսակի կենդանիների հյուսվածքներում, ինչպես նաև բազմաթիվ բույսերում (այդ թվում սալորում, բանանում, սմբուկում)։ Կաթնասունների օրգանիզմում սերոտոնինի ընդհանուր քանակը կազմում է ընդամենը 10 մգ, որի համարյա 90 տոկոսը կազմավորվում է մարսողական համակարգի լորձաթաղանթի էնտերոքրոմաֆինային բջիջներում և կուտակվում ցիտոպլազմայի հատիկներում։ Մարսողության ընթացքում այդ նյութի մի մասն արձակվում է դեպի աղիքի լուսանցք։
Ուղեղում սերոտոնին հիմնականում պարունակվում է այն կառուցվածքներում, որոնք կապ ունեն ընդերային օրգանների գործունեության կարգավորման հետ։ Հատկապես այն շատ է լիմբիկական համակարգում, կարի կորիզնորում։ Ուղեղային սերոտոնինը, ըստ երևույթին, ունի կենտրոնական ծագում։ Այն համարյա չի թափանցում արյունաուղեղային պատնեշի միջով։ Սերոտոնինով հարուստ շրջանների նեյրոններում հայտնաբերվել են նրա սինթեզին մասնակցող ֆերմենտներ։ Այդ նեյրոնների աքսոններն անցնում են կոճղեզ–ողնուղեղային ուղիների կազմում, ավարտվելով ողնուղեղի հատվածներում։ Այստեղ նրանք հպվում են նախահաենուցային սիմպաթիկ նեյրոնների և ժելատինանման նյութի ներդիր նեյրոնների հետ։ Ըստ երևույթին, սերոտոնինի բարձր ակտիվությամբ է պայմանավորված հյուսվածքներում նրա չնչին քանակի պարունակությունը։ Սերոտոնինի միջնորդանյութային ֆունկցիան ապացուցվել է ոչ միայն ստորակարգ ողնաշարավորների, այլ նաև կաթնասունների վրա կատարված փորձերում։

Անոթային համակարգի վրա սերոտոնինը ցուցաբերում է ուղղակի և ռեֆլեքսային ազդեցություն, որն արտահայտվում է անոթասեղմումով կամ անոթալայնացումով։ Կմախքային մկաններում ու մաշկային ծածկույթներում գերիշխում է անոթալայնիչ ազդեցությունը։ Նյարդազերծված անոթներում հստակ դրսևորվում է անոթասեղմիչ ազդեցությունը։ Սերոտոնինի անմիջական ազդեցությամբ աճում է սրտի կծկումային ուժը, չնայած, որ այն ծածկվում է ճնշումա– և քեմոընկալչական ազդեցություններով։
Շնչառական ապարատի վրա սերոտոնինը ցուցաբերում է ուղղակի և ռեֆլեքսային ազդեցություն։ Ուղղակի ազդեցության դեպքում տեղի է ունենում բրոնխային մկանունքի կծկում և բրոնխների նեղացում։

Սիրտանոթային համակարգի համար պրեպարատի անարդյունավետ քանակները նկատելի ազդեցություն են ունենում մարսողական ուղու վրա։ Սերոտոնինի ներարկումը մարդուն առաջացնում է սկզբնական սպաստիկական (կծկանքային) ռեակցիա, որը հետո վերածվում է աղիքային մկանունքի բարձր լարվածությամբ ռիթմիկ կծկումների և ավարտվում ինքնաբուխ շարժումային գործունեության արգելակմամբ։ Հանդիսանալով աղիքային նյարդային համակարգի միջնորդանյութ, սերոթոնինը միջնորդանյութի դեր է կատարում նաև կենտրոնական գոյացություններում։ Ենթադրվում է, որ սերոթոնինի ազդեցությունն աղիքների, արգանդի ու արյունատար անոթների հարթ մկանների վրա նման է ացետիլխոլինային ազդեցությանը, սակայն այն պահպանվում է M-խոլինաընկալիչների շրջափակման ժամանակ։
Դեղաբանորեն բացահայտվել են սերոտոնիներգիկ ընկալիչների երեք տարատեսակներ D, М և Т: D-սերոտոնիներգիկ ընկալիչները շրջափակվում են լիզերգինային թթվի դիէթիլամիդի օգնությամբ։ Նրանք հիմնականում տեղադրված են հարթ մկանում։ Սերոտոնինի փոխազդեցությունն այդ ընկալիչների հետ ուղեկցվում է հարթ մկանների կծկումով։ M-սերոտոնիներգիկ ընկալիչները շրջափակվում են մորֆինով։ Նրանք հիմնականում տեղադրված են ինքնավար նյարդային համակարգի հանգույցներում։ Ազդելով այդ ընկալիչների վրա, սերոթոնինն առաջացնում է հանգուցադրդիչ էֆեկտ։ T-սերոտոնիներգիկ ընկալիչները շրջափակվում են տիպինդոլի միջոցով։ Նրանք հայտնաբերվել են սրտային և թոքային ռեֆլեքսածին շրջաններում։ Ազդելով նրանց վրա, սերոտոնինն առաջացնում է պսակային և թոքային քեմոռեֆլեքսներ։
Ինչպես այլ կենսածին ակտիվ նյութերի ու միջնորդանյութերի համար, ինքնավար նյարդային համակարգում հայտնաբերվել են նախասինապսային սերոտոնիներգիկ ընկալիչներ։ Պարզվել է, որ ընկալիչների նախասինապսային ձևերը, որոնց գոյությունը սկզբում բացահայտվել է ինքնավար նյարդային համակարգում, առկա են նաև ԿՆՀ-ում, համապատասխան թաղանթների վրա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին