Սեռահասունության տարիքում, կարծեցիալ հասարակ հիվանդություն թվացող խոզուկը,հիվանդի անհետևողական վերաբերմունքի պատճառով կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

Բոլորին հայտնի խոզուկ հիվանդությամբ /Էպիդեմիկ պարոտիտ/,հաճախ հիվանդանում են մանկական տարիքում:Այն իրավամբ համարվում է մանկական ինֆեկցիա,որի կանխարգելման համար երեխաներին,մինչև 1 տարեկան հասակը կատարվում է պատվաստում.կայուն իմունիտետ ապահովելու համար պարտադիր է կրտսեր դպրոցական տարիքում կրկնապատվաստումը/ռեվակցինացիա/:Ահա այդ գործընթացի չկատարման պարագայում երիտասարդը կարող է սեռահասունության տարիքում հիվանդանալ պարոտիտով.այդպիսի մեծ թվով դեպքեր արձանագրվեցին մի քանի տարի առաջ,որոնք իհարկե հետևանք էին 90-ականներին վակցինացիաների գործընթացի ոչ հետևողական կատարման:

Պարոտիտով հիվանդանալու ժամանակ ,եթե պրոցեսի մեջ ընդգրկվում են սեռական գեղձերը՝տղամարդկանց մոտ ամորձիները,աղջիկների մոտ՝ ձվարանները,ապա համապատասխան մասնագիտացված բուժօգնության/ինֆեկցիոն ստացիոնարի պայմաններում/ բացակայության պարագայում կարող է հանգեցնել անպտղության:Խնդիրը նրանում է,որ պարոտիտի  վիրուսը/սեռահասունության տարիքում/  գրեթե անդարձելի կերպով ախտահարում է սպերմատոգենեզը՝ամորձիներում սերմնաբջիջների առաջացման պրոցեսը,դրան է գումարվում նաև օրգանիզմի աուտոագրեսիան սեփական սերմանբջիջների սպիտակուցների նկատմամբ,ինչը լիովին խաթարում է սերմնառաջացման գործընթացը:

Երիտասարդը մի քանի տարի հետո ամուսնանում է և կանգնում լուրջ խնդրի առաջ.միթե արդեն ուշ է.Այո,այդ պարագայում ամենաժամանակակից դեղորայքային բուժումը հնարավոր է լինի ոչ արդյունավետ. Բայց ինչու չկանխել /ի նկատի ունենք վակցինացիաները/,ինչու ժամանակին չկատարել համապատասխան մասնագիտացված բուժումը,երբ սեռահասուն տարիքում երիտասարդը հիվանդացել է խոզուկով.չէ որ այդ պարագայում չենք ունենա անպտուղ ընտանիքներ և այդ կարծեցյալ հասարակ հիվանդության պատճառով չի խաթարվի ընտանիքի երջանկությունը:

Բժիշկ-սեքսապաթոլոգ
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ
Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար
Սևադա Վանիկի Հակոբյան