Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է  "Դետոքս" առողջության վերականգնման և պահպանման կենտրոնի բժիշկ կոսմետոլոգ Մանե Բադալյանը


Ո՞ր կինը չի ցանկանում ունենալ թավշյա մաշկ և ազատվել անցանկալի մազերից: Որքանով է այսօր ֆոտոէպիլյացիան արդյունավետ, անվտանգ  և համապատասխան մեր իսկ մաշկին:

Ո՞ր կինը չի ցանկանում ունենալ թավշյա մաշկ և ազատվել անցանկալի մազերից: Բայց ո՞ր մեթոդին վստահել: Ո՞րն է անվտանգն ու առավելագույն արդյունավետը: Ո՞րն է համապատասխանում մեր մաշկին, մազածածկույթին և առողջական վիճակին: Լրատվական միջոցներն անվերջ գայթակղում են առաջարկներով և երբեմն կանգնեցնում տարակուսանքի առաջ` ի՞նչ անել, ո՞ւմ դիմել: Եվ, ընդհանրապես, վստահե՞լ, թե՞ ոչ:
Հուսով եմ, որ այս հոդվածով դուք կստանաք ձեր հարցերի սպառիչ պատասխանները, քանզի կփորձեմ հիմնվել առավել հաճախ ինձ տրված հարցերին:

Էպիլյացիան իր պատմական արմատներով գնում է դեպի հին Հռոմ և Եգիպտոս, ուր հատուկ կրթություն ստացած ստրկուհիներն ունելիով և ածելիով իրենց տիրուհիներին ազատել են ավելորդ մազերից: Հետո ստեղծվել է շուգարինգը (շաքարաջրով, մեղրով և մեղրամոմով մազի հեռացման միջոցը):
Ի դեպ, մինչ օրս պատմաբանները վիճում են, թե ով է վերջինիս հեղինակը`գեղեցկուհի  Նեֆերտիտի՞ն թե՞ անզուգական Կլեոպատրան: Տասնիներորդ դարի վերջում ի հայտ եկավ ևս մեկ միջոց` էլեկտրաէպիլյացիան: Այս մեթոդներն արդիական են մինչ օրս, սակայն դրանց շարքին ավելացել են նորագույները` ֆոտո և լազերային էպիլյացիաները:

Իրականում այս երկու մեթոդներն էլ լայն կիրառություն են ստացել և դարձել դիմահարդարման ծառայությունների գրեթե անբաժան մասնիկը: Ուրեմն եկեք պարզենք թե ի՞նչ է պետք անել և ու՞մ է պետք դիմել:

Արդյո՞ք այս մեթոդն արդյունավետ է:


Քանի որ այս մեթոդի արդյունավետությունը հիմնականում կախված է երեք կարևոր գործոններից` սարքավորումից, մասնագետից և ձեր օրգանիզմի առանձնահատկություններից, ուշադրություն դարձրե՛ք, թե ինչ սարքավորումով են պատրաստվում կատարել մազահանումը և ո՞ր երկրի արտադրությանն է պատկանում տվյալ սարքը (առաջատար են համարվում գերմանական, ամերիկյան և իսրաելական արտադրողները): Անվտանգության համար դիմեք բժիշկ-դիմահարդարներին, քանի որ տվյալ մեթոդն ունի մի շարք հակացուցումներ, որոնք լիարժեք կարող է գնահատել միայն բժիշկը: Միայն այսպես դուք կխուսափեք անցանկալի բարդություններից: Համոզվե՛ք, որ տվյալ մասնագետն ունենա համապատասխան որակավորում:

Արդյո՞ք այս մեթոդով կարելի է մեկընդմիշտ ազատվել ավելորդ մազերից:

Ո՛չ: Մազաթափությունն ունի ժամանակավոր բնույթ (միջինը 3-7 տարի), այլ բան է, որ հետագայում մազերը կլինեն ավելի բարակ, նոսր և աննկատ:

Ի՞նչ որակի մազերի համար է այս մեթոդն առավել կիրառելի:

Դարձյալ կախված է օգտագործվող սարքից: Ժամանակակից սարքավորումները հնարավորություն են ընձեռում ազատվելու բոլոր տեսակի, անգամ ամենաբարակ և բաց գույն ունեցող մազերից:

Կա՞ արդյոք տարիքային սահմանափակում:

Ցանկալի է մազահեռացումը սկսել 18 տարեկանից հետո, երբ մազագոյացման պրոցեսն արդեն ավարտված է:

Ազդո՞ւմ է արդյոք ճերմակած մազերի վրա:

Ո՛չ, այս դեպքում մեթոդը արդյունավետ չի կարող լինել:

Կա՞ն արդյոք հակացուցումներ:

Ինչպես յուրաքանչյուր միջամտություն բժշկության մեջ, այս մեթոդի կիրառումն ևս ունի իր հակացուցումները:Կան բացարձակ և հարաբերական հակացուցումներ: Բացարձակ հակացուցումներն են`մաշկի սուր հիվանդությունները, տվյալ հատվածի երակների լայնացումը, էպիլեպսիան, շաքարային դիաբետը, ուռուցքները, հղիությունն ու կրծքով կերակրումը: Կան մի շարք հակացուցումներ, որոնք պահանջում են գործողության ժամանակավոր հետաձգում: Օրինակ` արևայրուկը, որոշ դեղորայքների և խոտաբույսերի ընդունումը և այլն: Այստեղ ես մեկ անգամ ևս կարևորում եմ մասնագետի դերը, որն իր գրագետ խորհրդատվությամբ չի վտանգի ձեր առողջությունը  և գեղեցկությունը:

Քանի՞ այցելությունից մազերը կվերանան:

Այս հարցի պատասխանը ոչ ոք հստակ չի կարող տալ, քանի որ մազաթափության ընթացքը կախված է ոչ միայն բժշկի աշխատանքից, այլ նաև ձեր օրգանիզմի անհատականությունից: Մազաթափության պրոցեսը հիմնականում տևում է 6-12 ամիս, բայց ճիշտ կատարված աշխատանքի դեպքում արդեն առաջին իսկ այցելությունից հետո մազերը նոսրանում են, բարակում և աննկատ դառնում:
Ահա այս հարցերն են, որոնք առավել հաճախ հնչում են մեր խորհրդատվությունների ժամանակ:
Հետևաբար, մինչև վերջնական որոշում կայացնելը, ընտրե՛ք վստահելի արտադրության սարքավորումով աշխատող փորձառու և գրագետ մասնագետի և շատ շուտով դուք կունենաք ձեր երազած թավշյա մաշկը:

Ի դեպ, կա ևս մեկ հարց, որ շատ հաճախ է հնչում.

-Դուք երաշխավորո՞ւմ եք, որ այս մեթոդով ես կազատվեմ ավելորդ մազերից: Այս հարցին ես միշտ ժպիտը դեմքիս պատասխանում եմ.
-Խուսափե՛ք այն մասնագետներից, ովքեր ձեր օրգանիզմի փոխարեն  երաշխիքներ կտան:


ԿԱՊ ՀԱՍՏԱՏԱԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ


Մազահեռացման արդի միջոցների արդյունավետությունը