Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Սեռական առողջության հիմնական բաղադրիչներն են`

1.Սոցիալական և անհատական նորմերի համաձայն սեռական հաճույք վայելելը

2. Սեքսուալ լիարժեք հաղորդակցության առկայությունը

3. Սեքսուալության վերաբերյալ սխալ պատկերացումների, վախի, ամոթի, մեղքի զգացումի բացակայությունը

4. Սեքսուալ և մանկածնման ֆունկցիան խաթարող օրգանական այլ հիվանդությունների բացակայությունը:

Սեռական առողջության անհրաժեշտ պայմաններից մյուսը լիարժեք սեքսուալ հաղորդակցումն է:
Սեքսուալ զուգընկերների միջև ցանկացած տեսակի հոգեբանական, էմոցիոնալ /հուզական/ և ֆիզիկական անբավարարությունը, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այսինքն, սեռական աններդաշնակությունը ամուսինների ինտիմ հարաբերություններում տարբեր տեսակի անհամաձայնությունն է:

Սեռական աններդաշնակությունը դրսևորվում է սեռական պահանջի նվազմամբ, իջնում է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաև առաջանում է տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիա, կանանց մոտ` սեռական ցանկության բացակայություն, իջնում է օրգազմելիության հաճախականությունը կամ ընհանրապես բացակայում է այն:

 Հաճախ սեռական աններդաշնակության պատճառը կնոջ և տղամարդու անձնային-հոգեբանական հատկանիշների անհամապատասխանությունն է:
Անձնային-հոգեբանական անհամատեղելիությունը դիտվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անհատական անձնային առանձնահատկությունները, այսինքն` տարբեր են նրանց զարգացվածության և կրթության աստիճանները և հայացքները` ուղղված կենսական և նյութական արժեքներին, ինտելեկտուալ-մշակույթային պահանջները, սովորությունները, ճաշակը, հետաքրքրությունները և հակումները: Նման անհամատեղելիությունը ուղեկցվում է` միմյանց հետ իրենց զգացողությունները և ապրումները կիսելու անկարողությամբ, դիմացինի թերագնահատմամբ կամ գերագնահատմամբ, որն էլ միմյանցից հեռացման և օտարացման պատճառ է հանդիսանում:

Զուգընկերոջ հանդեպ բացասական էմոցիաները` վախը, ատելությունը, անտարբերությունը, խանգարում են մարդուն ամբողջությամբ տրվել սեռական զգացողություններին և սեռական մերձեցման ժամանակ պարզապես վստահել զուգընկերոջը: Իսկ երբ ամուսինները ամբողջ կյանքի ընթացքում օտար են մնում միմյանցից, երբևէ ձեռք չեն բերի միջանձնային խոր կապ և հետևապես սեռական ներդաշնակություն:

Անձնային անհամապատասխանությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք ժամանակի ընթացքում ազդում են ինտիմ հարաբերությունների վրա: Հաճախ կոնֆլիկտի և միմյանցից դժգոհության պատճառները չեն գիտակցվում ամուսինների կողմից և որպես կոնֆլիկտի հիմանական պատճառ դիտարկվում է նշված անհամատեղելիության հետևանքները, օրինակ` անկայուն հոգեվիճակը կամ սեռական խանգարումները: Նման դեպքերում հաճախ միջանձնային և սեռական դժվարությունները փոխազդելով` զույգերի փոխհարաբերություններում առաջացնում են արատավոր շրջան:
Չնայած վերը նշվածին` սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ներդաշնակ միջանձնային հարաբերությունների դեպքում:

Այս իրավիճակը բավականին դժվար է լուծվում հատկապես կնոջ կողմից, այն դեպքում, երբ նա սիրում է ամուսնուն, բայց միևնույն ժամանակ կուզենար թողնել նրան, քանի որ վերջինս սեռապես չի բավարարում իրեն:

Միևնույն ժամանակ կոնֆլիկտային միջանձնային հարաբերությունները կարող են չուղեկցվել սեռական աններդաշնակությամբ, սակայն ժամանակի ընթացքում իր բացասական ազդեցությունը ունենալ սեռական հարաբերությունների վրա և իջեցնել ամուսինների սեռական ակտիվությունը:
 
 Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am