Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: 

Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:

Հարկ է նշել, որ դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար, սակայն սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝

  • խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ
  • մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,
  • ախտահարված մասում թմրածության զարգացում
  • ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում
  • որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում
  • գլխապտույտ
  • արտահայտված թքահոսություն
  • սրտխփոց
  • գլխացավ։        

Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ պետք է՝

  • տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը
  • վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով
  • ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել
  • անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:

Աղբյուրը՝ Doctors.am