Բժշկական հետազոտության նախապատրաստման ուղեցույցինչ բերել, ինչպես պատրաստվել

Եթե ունեք ցավ, այտուց, թուլություն, անհարմարություն կամ անհասկանալի արյունահոսություն, բժիշկը կարող է խորհուրդ տալ անցնել ճառագայթային կամ պատկերային հետազոտություն՝ պատճառը պարզելու համար։ Անկախ նրանից՝ նշանակվել է ՄՌՏ, ՀՏ, ուլտրաձայնային հետազոտություն կամ ռենտգեն, կարևոր է իմանալ, թե ինչպես պատրաստվել, որպեսզի հետազոտությունն անցնի անվտանգ և առանց ավելորդ սթրեսի։

Հետազոտությունների հիմնական տեսակները

1․ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործում է հզոր մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ մարմնի օրգանների, փափուկ հյուսվածքների, մկանների և ոսկրերի մանրամասն պատկերներ ստանալու համար՝ առանց իոնացնող ճառագայթման կիրառման։ Այն հաճախ օգտագործվում է ուռուցքների, հյուսվածքների վնասվածքների, նյարդաբանական հիվանդությունների և տարբեր վնասվածքների հայտնաբերման համար։ Հետազոտության ընթացքում պացիենտը պառկում է շարժական սեղանի վրա, որը ներս է մտնում գլանաձև սարքի մեջ։ Սարքը աշխատելիս արձակում է բարձր ձայներ, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է կապ պահպանել բուժանձնակազմի հետ և խնդրել ժամանակավորապես դադարեցնել հետազոտությունը։

2․ Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) համատեղում է ռենտգենյան ճառագայթները և համակարգչային մշակումը՝ մարմնի ներքին օրգանների, արյունատար անոթների և ոսկրերի շերտային պատկերներ ստանալու համար։ Այն հատկապես արդյունավետ է կոտրվածքների, ներքին վնասվածքների, անոթային խնդիրների և նորագոյացությունների հայտնաբերման գործում։ Քանի որ ՀՏ-ն օգտագործում է իոնացնող ճառագայթում, այն սովորաբար խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերը։

3․ Ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային հետազոտությունը պատկերներ ստանալու համար օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ և չի կիրառում ճառագայթում։ Այն լայնորեն կիրառվում է որովայնի, կոնքի օրգանների, մկանների, ջլերի, կապանների և հղիության ընթացքում պտղի հետազոտության համար։ Քանի որ պատկերները ստացվում են իրական ժամանակում, այս մեթոդը հնարավորություն է տալիս նաև գնահատել մկանների և հոդերի շարժունակությունը։ Հետազոտությունն իրականացվում է ձեռքի փոքր սենսորի միջոցով և համարվում է լիովին անվտանգ հղիության ընթացքում։

4․ Ռենտգեն

Ռենտգեն հետազոտությունն օգտագործում է փոքր քանակությամբ իոնացնող ճառագայթում՝ հիմնականում ոսկրերի և թոքերի պատկերներ ստանալու համար։ Այն կիրառվում է կոտրվածքների, ոսկրային դեֆորմացիաների, թոքաբորբի, թոքի կոլապսի և որոշ ուռուցքների ախտորոշման նպատակով։ Ինչպես ՀՏ-ի դեպքում, ռենտգեն հետազոտությունը սովորաբար չի իրականացվում հղիության ընթացքում, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։

Ինչպես պատրաստվել տարբեր տեսակի հետազոտություններին

Հետազոտության օրը Ձեզանից կխնդրեն հաստատել անձնական տվյալները և լրացնել առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ։ Սա անհրաժեշտ է համոզվելու համար, որ հետազոտությունը և անհրաժեշտության դեպքում կոնտրաստ նյութի կիրառումը անվտանգ են։ Անպայման տեղեկացրեք բուժանձնակազմին, եթե հղի եք, ունեք ալերգիաներ, երիկամային հիվանդություններ, մետաղական իմպլանտներ, սրտի խթանիչ (պեյսմեյքեր) կամ այլ բժշկական սարքեր։ Որոշ հետազոտություններից առաջ կարող է պահանջվել մի քանի ժամ չսնվել կամ օգտագործել կոնտրաստ նյութ՝ պատկերների որակը բարելավելու նպատակով։ Աղիքների որոշ հետազոտություններից առաջ կարող է նշանակվել նաև լուծողական միջոց։

Հարմարավետ հագուստի ընտրություն

Խորհուրդ է տրվում կրել ազատ և հարմարավետ հագուստ՝ առանց մետաղական տարրերի։ Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է հանել զարդերը, ժամացույցը, մազերի մետաղական աքսեսուարները, պիրսինգները և արտաքին բժշկական սարքերը, քանի որ դրանք կարող են ազդել պատկերների որակի վրա։ Անհրաժեշտության դեպքում ձեզ կտրամադրվի հատուկ հագուստ հետազոտությունն անցնելու համար։

Անձնական և արժեքավոր իրեր

Հնարավորության դեպքում արժեքավոր իրերը թողեք տանը։ Եթե ստիպված եք դրանք բերել, օրինակ՝ հեռախոս կամ դրամապանակ, ապա կարող եք դրանք անվտանգ պահել բուժհաստատությունում կամ վստահել ձեզ ուղեկցող անձին։

Սննդակարգը հետազոտությունից առաջ

Սովորաբար ՄՌՏ-ից, ՀՏ-ից, ուլտրաձայնային հետազոտությունից և ռենտգենից առաջ կարելի է սնվել սովորականի պես, եթե բժիշկը այլ ցուցում չի տվել։ Եթե նախատեսվում է կոնտրաստ նյութի օգտագործում, սովորաբար խորհուրդ է տրվում հետազոտությունից առնվազն չորս ժամ առաջ չուտել և խմել միայն թափանցիկ հեղուկներ։ Որոշ հետազոտություններից առաջ անհրաժեշտ է խուսափել կոֆեինից կամ, հակառակը, խմել բավարար քանակությամբ ջուր՝ պատկերների որակը բարելավելու համար։ Եթե նշանակվել է աղիների նախապատրաստում, կարևոր է նաև բավարար հեղուկ օգտագործել ջրազրկումից խուսափելու համար։

Իչպես հանգստանալո հետազոտության օրը

Հետազոտությունից առաջ անհանգստանալը բնական է։ Նախապես տեղեկանալը, բժշկական անձնակազմի հետ հարցերը քննարկելը և վստահելի տեղեկատվության հետ ծանոթանալը կարող են օգնել նվազեցնել լարվածությունը։ Կարող եք նաև Ձեզ հետ բերել Ձեր հարազատին կամ ընկերոջը։ Հետազոտության ընթացքում կարևոր է հնարավորինս անշարժ մնալ՝ հստակ պատկերներ ստանալու համար։ Շնչառական վարժությունները և թուլացման մեթոդները նույնպես կարող են օգտակար լինել։ Եթե հետազոտության ընթացքում անհարմարություն զգաք, անմիջապես տեղեկացրեք բուժանձնակազմին։

Վերջնական պատրաստություն. կրկին ստուգեք Ձեր ցանկը

Հետազոտության գնալուց առաջ համոզվեք, որ Ձեզ հետ ունեք անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր, իմպլանտների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական տվյալներ և անձը հաստատող փաստաթուղթ։ Հագեք մետաղական տարրեր չպարունակող հարմարավետ հագուստ, հանեք բոլոր մետաղական իրերը և հետևեք բժշկի տված սննդակարգի կամ հեղուկների ընդունման ցուցումներին։ Լավ նախապատրաստված լինելը կօգնի, որ հետազոտությունն անցնի անվտանգ, արագ և ապահովի առավել որակյալ արդյունքներ։

Աղբյուրը՝ Vista Health